Posted in Հաշվետվություններ, Ճանապարհորդություններ, Նախագծեր

Հունիսյան ճամբարի հաշվետվություն

Առաջին ճամբարային օրը

Ճամբարի առաջին օրը սկսեցինք մեր ջոկատի մասնակիցների հետ ծանոթությամբ։ Ապա խոսելով, քննարկելով, միմյանց առաջարկներն ու կարծիքները լսելով` որոշեցինք թե ինչով ենք զբաղվելու ճամբարի ընթացքում, ինչ նախագծեր, քննարկումներ ու ճամփորդություններ ենք ունենալու։ Դիտեցինք շատ հետաքրքիր ինտելեկտուալ խաղ։ Երրորդ և չորրորդ ժամերը մեզ մոտ մարմնամարզություն էր։ Այդ ընթացքում սովորեցինք շարային վարժություններ, ճիշը քայլք։ Եվ քանի որ ես ընդգրկված եմ գեղարվեստի խմբում, վերջին ժամերին գնացի այնտեղ։

Օր երկրորդ

Երկրորդ օրը սկսեցինք հետաքրքիր քննարկմամբ ընկ. Աննայի, ընկ. Արմենի և մեր ջոկատի մասնակիցների հետ։ Քննարկում էինք փափուկ ուժն ու դրա ազդեցությունը հասարակական տարբեր շերտերի վրա հեռուստասերիալների օրինակով։ Քննարկեցինք դրանց կարևորությունը մի շարք ոլորտների համար(հիմնականում քաղաքականության համար)։

Օր երրորդ

Երրորդ օրը սկսեցինք Անտունը Հարվրդում ֆիլմի դիտմամբ, որից հետո միասին քննարկեցինք այն։ Ֆիլմը մի աղջկա մասին էր, որը անտուն մնալուց և մորը կորցնելուց հետո չհանձնվեց և կարողացավ իր ուժերով ընդունվել Հարվրդ։ Քննարկեցինք նաև, թե մենք որ համալսարան ենք ցանկանում դիմել և շարունակել մեր ուսումը։ Հաջորդ ժամերին քննարկեցինք համաշխարհային ամենահաջողված բրենդների կողմից վարած մարքետինգային քաղաքականությունը, և թե ինչ սխալներ կարող են անել նման մեծ բրենդները։ Նաև միասին խաղացինք ինտելեկտուալ խաղ։

Օր չորրորդ

Օրը սկսվեց ընկ. Էմանուելի կազմակերպած ինտելեկտուալ խաղ֊վիկտորինայով, ինչը շատ հետաքրքիր և ուսուցողական էր։ Դրանից հետո բոլոր ջոկատների մասնակիցներով ունեցանք երգի և պարի դասեր։ Վերջի ժամերին քննարկում արեցինք և պլանավորեցինք հաջորդ օրվա անելիքներն ու ճամփորդությունը։

Օր հինգերորդ

Ուրբաթ օրը մեր դպրոցի 12֊րդ դասարանի աշակերտների “Ուրախություն֊ցնծությունն” էր, որին մենք էլ ներկա գտնվեցինք։ Հետո շարժվեցինք դեպի Շենգավիթի արգելոց-թանգարան, ծանոթացանք տեղի պատմությանն ու տեսանք մշակույթին հին կուժեր և այլ հին իրեր, նաև ինքներս պեղեցինք։

Օր վեցերորդ

Օրը սկսեցինք քննարկումներով։ Շարունակեցինք մարքեթինգային նախագծի թեման։ Քննարկեցինք հաջողված բրենդների նախապատմությունները։ Հաջորդ երկու ժամերը մարմնամարզության էինք, որի ընթացքում միասին վոլեյբոլ խաղացինք։ 5֊6րդ ժամերի ես մասնակցեցի մեր իսպաներենի “Հեքիաթնեի չարաճճի աղջիկների մասին” գրքի ներկայացմանը։

Օր յոթերորդ

Օրը սկսեցինք Աստղացուցարան այցելությամբ ընկեր Էմանուելի և Անիկի ջոկատի հետ միասին։ Հետո ունեցանք պարի և երգի դասեր։ Իսկ հաջորդ ժամերին, դիտելով իսպանախոսների ներկայացումը, տեղափոխվեցինք Իսպանիա։

Օր ութերորդ

Այս օրն ամենահավեսն ու հիշարժանն էր։ Այս օրվա մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ։

Օր իններորդ

Օրը սկսվեց խաղ֊վիկտորինայով, ինչը անցալ խաղից տարբերվում էր նրանով, որ մասնակցում էին նաև ուսուցիչները։ Այս անգամ, 8 միավոր հավաքելով, զբաղեցրինք 3֊րդ տեղը։
Հաջորդ ժամին պար էր, որտեղ ուսուցիչների հետ միասին պարեցինք Կոմիտասի Շորորը, Կարնո քոչարին, Սեբաստյոնը և այլ սիրված ազգային պարեր։ Հաջորդ ժամին երգ էր, ինչի ժամանակ երգեցինք ազգային և ժամանակակից երգեր։ Հաջորդ ժամերին քննարկումներ արեցինք և այդպես ամփոփեցինք օրը։

Օր տասերորդ

Օրը սկսեցինք 9-րդ դասարանցիների “Վերջի զանգին” պատրաստվելուն ներկա գտնվելով։ Հավես բան էին մտածել, որոշել էին նկարել իրենց վերնաշապիկների վրա և ըստ իս շատ հավես ու գունավոր էր ստացվել։
Հետո գնացինք Մեդիա կենտրոն` Աստղացուցարան, դիտեցինք Արեգակնային համակարգի մասին ֆիլմը։ Հետո ետ եկանք դպրոց և դիտեցինք ՛՛Վերապատրաստվող՛՛ ֆիլմը։ Հրաշք ֆիլմ, հրաշք դերասաններ։ Բոլորին խորհուրդ եմ տալիս անպայման նայել այն։ Օրն ամփոփեցինք հետաքրքիր զրույց֊քննարկումով և այսպես ավարտվեց մեր հավես ճամբարը, ինչի համար շնորհակալ ենք ընկ. Աննային։

Posted in Հաշվետվություններ, Ճանապարհորդություններ

Գունավոր Կոնդն ու Կապույտ մզկիթը

Մեր թափառումները սկսեցին Կապույտ մզկիթ այցելությամբ։ Ծանոթացանք Մզկիթի պատմությանը, մուսուլմանական կրոնին ու մշակույթին, նրանց ավանդույթներին։ Համաձայն նրանց սովորույթների մզկիթ մտանք գլխաշորով, ինչը մուսուլմանական մշակույթում անվանում են թյուրբան և իհարկե առանց կոշիկների։ Ընկ. Աննան ներկայացրեց մեզ մզկիթի առանձնահատկությունները, հետաքրքիր փաստերը մզկիթի և մուսուլմանների մասին։ Բացահայտելով նորը և մեզ համար մի փոքր անսովորը` տպավորված շարժվեցինք դեպի Կոնդ, գունավոր Կոնդ։ Կոնդը կարծես քաղաքից կտրված մի գունավոր ու սիրուն անկյուն էր, բայց միևնույն ժամանակ կարծես քաղաքի լույսը լիներ։ Գույներ, ջերմ ու բարի մարդիկ, լավ շրրջապատ, լուսավոր անկյուն, որը իմ ամենալավ ձեռքբերումներից մեկը դարձավ։ Կոնդը բացահայտելով` քայլեցինք դեպի Սբ. Հովհաննես եկեղեցի, որն ավելի էր լուսավորվել այնտեղ ընթացող փոքրիկի կնունքով։ Այնուհետև մի փոքր դժվարությամբ, բայց գտանք Կոնդի մզկիթը։ Ինչու՞ դժվարությամբ։ Քանի որ հին մզկիթի պատերը արդեն բնակելի տան մի մասն էին։ Սակայն մզկիթին բնորոշ որմնաքանդակը դեռ կար, ինչն էլ մեզ հուշեց, որ դա ժամանակին մզկիթ է եղել։ Կոնդը ուղղակի հրաշալի էր։ Այնուհետև շարժվեցինք Կասկադ։ Խոսեցինք, նկարվեցինք, կիսվեցինք կարծիքներով ու տպավորություններով և լավ տրամադրությամբ ավարտեցինք մեր քաղաքային, գունավոր թափառումները։

Շնորհակալ ենք ընկ. Աննային նման հավես օր կազմակերպելու համար։

Posted in Español, Ճանապարհորդություններ

Մեր այցը Բրյուսովի համալսարան

Երեկ՝ ապրիլի 2֊ին իսպաներենի խմբով այցելեցինք Բրյուսովի անվան պետական համալսարան։ Ծանոթացանք այնտեղի իսպաներենի դասախոսների հետ, ովքեր մեզ ուղեկցեցին արգենտինական լսարան։ Այդ լսարանը տարբերվում էր Բրյուսովի մնացած բոլոր լսարաններից՝ լուսավոր ու ժամանակակից էր։ Սկզբում դասախոսներից մեկը մի փոքր ներկայացրեց իրենց համալսարանը, որից հետո մենք էլ ներկայացրեցինք մեր դպրոցը և թե ինչ նախագծեր ենք արել իսպաներենից։ Ներկայացրեցինք մեր թարգմանած գիրքը, մուլտֆիլմները։ Որպեսզի այցը ավելի գունավոր ու հետաքրքիր լիներ մեր աշակերտներից երկուսը իսպանական ամենահայտնի երգերից մի քանիսը ներկայացրեցին։ Վերջում մենք մեզ հետաքրքրող հարցերը տվեցինք, որոնց թե՛ դասախոսները, թե՛ ուսանողները հաճույքով պատասխանեցին։ Այցը շատ հետաքրքիր էր, տեղեկացանք համալսարանական կյանքի դրականից և բացասականից, քննարկեցինք, զրուցեցինք գրեթե բոլոր մեզ հետաքրքրող թեմաներից։

Այցից հետո, կիթառ նվագելով, շրջեցինք Երևանի փողոցներով և որպեսզի մեր օրը ավելի հետաքրքիր դարձնեինք, որոշեցինք գնալ իսպանական սրճարան։ Փորձեցինք իսպանական ուտեստներ։ Զրուցեցինք, լավ ժամանակ անցկացրեցինք։ Շնորհակալ ենք մեր իսպաներենի դասավանդող Ռուզաննա Սարգսյանին՝ մեր օրը գեղեցիկ, գունավոր և յուրահատուկ դարձնելու համար։


Posted in Ճանապարհորդություններ

Մեր այցելությունը “Ջրվեժ” անտառապարկ

Երեկ դասավանդողներ Իրինա Ապոյանի և Գոհար Դանիելյանի հետ ուղևորվեցինք դեպի “Ջրվեժ” անտառապարկ։ Ձմռանը այդ անտառապարկը հեքիաթի է նման։ Չորս կողմդ ձյուն, բարձր ծառեր, որոնք նույնպես ամբողջովին ձյունով են ծածկված։ Մեզ հետ տարել էինք սահնակներ, դահուկներ և իհարկե բարձր տրամադրություն։ Սկզբում, զրուցելով և ման գալով, շրջեցինք ամբողջ անտառապարկով։ Մի շարք նկարներ արեցինք, ձնագնդիկ խաղացինք։ Հետո սկսվեց ամենահետաքրքիրը՝ սահնակով սահելը։ Շատ֊շատ հավես էր։ Երեխաներից ոմանք նաև դահուկ քշեցին։ Հավես, ուրախ ժամանակ անցկացնելուց հետո՝ լավ տրամադրությամբ վերադարձանք տուն։ Շնորհակալ ենք մեր դասավանդող Իրինա Ապոյանին այս հրաշք օրը կազմակերպելու համար ։

Posted in Español, Ճանապարհորդություններ

Գրադարանային արշավ

Փետրվարի 19-ին իսպաներենի խմբով այցելեցինք Ազգային գրադարան և մասնակցեցինք Ուրուգվայի հյուպատոսարանի կողմից գրքերի նվիրատվության արարողությանը։ Հյուպատոսը, մեզ տեսնելով, անակնկալի եկավ և շնորհակալություն հայտնեց, որ հրավերը ընդունելով, այցելել էինք գրադարան։

Այցելություն Միրզոյան գրադարան

Այնուհետև այցելեցինք Միրզոյան գրադարան։ Այս գրադարանը իր յուրահատկությամբ տարբերվում էր բոլոր գրադարաններից։ Այնքա՜ն հաճելի մթնոլորտ էր։ Մեզ ներկայացրեցին գրադարանի պատմությունը։

Օրվա ավարտը

Այս ամենից հետո՝ փորձեցինք իսպանական խոհանոցի քաղցրավենիքներից մեկը և բարձր տրամադրությամբ վերադարձանք տուն։

Posted in Հասարակագիտություն, Ճանապարհորդություններ

Այցելություն դեպի «Գուրմե Դուրմե» շոկոլադի գործարան և Կարմրավոր եկեղեցի

Առավոտյան ժամը 10:30 ուղևորվեցինք դեպի Աշտարակ՝ «Գուրմե Դուրմե» շոկոլադի գործարան։ Միշտ երազել էի լինել շոկոլադի գործարանում, տեսնել ինչպես են աշխատում այնտեղ։ Մեզ շատ ջերմ դիմավորեցին։ Սկզբում դիտեցինք ուսուցողական հոլովակ շոկոլադի ստեղծման և առաջացման վերաբերյալ։ Այնուհետև հետևեցինք աշխատակիցների աշխատանքին։ Տեսանք, թե ինչպես են շոկոլադ պատրաստում և փաթեթավորում այն։ Անգամ շոկոլադ հյուրասիրեցին, ինչը շատ հաճելի էր։ Այդ ամենից հետո մենք ինքներս շոկոլադ փաթեթավորեցինք։ Այնքան հավես ու հետաքրքիր էր։ Այսպիսով՝ կատարվեց իմ մանկության ամենաբարի երազանքներից մեկը։

Իմ փաթեթավորած շոկոլադը

Շատ լավ տրամադրությամբ ու տպավորված գնացինք մոտակայքում գտնվող Կարմրավոր եկեղեցի, որը այդպես անվանում են կարմիր քարով կառուցված լինելու պատճառով։ Այն 7-րդ դարում է կառուցվել և այն եկեղեցիներից է, որը մինչև հիմա շատ լավ վիճակում պահպանվել է։ Եկեղեցու բակում է գտնվում Գևորգ Էմինի գերեզմանը, բազմաթիվ խաչքարեր, ինչպես նաև «Ծակ քար» խաչքարը։ Խաչքարը կանգնած է Աշտարակի Հասարակաց կոչվող գերեզմանոցի արևմտյան եզրին։ Այդ բոլորի խաչքարների մեջ, սակայն այն աչքի է ընկնում իր բարձրությամբ, զարդաքանդակների նրբությամբ և հնությամբ։ Պատվանդանի պես սկիհ դնելու համար մի քառակուսի փորվածք ունենալու պատճառով կոչվում է «Ծակ քար». դրա վրա փորագրված արձանագրություններից երևում է, որ Տեր Թումաս քահանան դրել է այդ խաչքարը պարոն Սադունի և դրա զավակների արևշատության համար 1268 թվականին: Ոմանք հասկանում են, որ դա նշանակում է խաչ, որի վրա առկա է որևէ տեսքի, ձևի անցք՝ ծակ։ Սակայն իրականում ոչ թե խաչն է ծակված, այլ նրա պատվանդանի քարի մեջ կա զուգահեռանիստի տեսքով մի խոռոչ՝ «սկիհ դնելու համար», որի պատճառով ժողովուրդն այն անվանում է «Ծակ քար» խաչքար: Այսպես են հիշում նաև Ե.Շահազիզը, Գ. Հովսեփյանը և մյուսները:

Պատկերներ «Ծակ քար» խաչքար հարցումով
«Ծակ քար» խաչքար
Կարմրավոր եկեղեցի(7-րդ դար)

Այնուհետև գնացինք Աշտարակում գտնվող կամուրջի մոտ, որը շատ հետաքրքիր և յուրահատուկ կառուցվածք ունի։ Սիրուն-սիրուն նկարներ արեցինք և շատ բարձր տրամադրությամբ վերադարձանք տուն։ Շատ շնորհակալ եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին և իհարկե մեր շատ սիրելի հասարակագիտության և վրացերենի ուսուցչուհիներին նման հագեցած ու հիանալի ճամփորդության համար։

Posted in Español, Ճանապարհորդություններ

Այցելություն դեպի Լևոնի աստվածային գետնափոր և Էդուարդ Տեր-Ղազարյանի միկրոարվեստ թանգարան

Առավոտյան ժամը 9:30 ուղևորվեցինք Առինջ՝ Լևոնի աստվածային գետնափոր, որի մասին այդքան լսել էինք։ Այնքա՜ն հետաքրքիր է տեսնել այդ ամենը սեփական աչքերով։ Հիացմունք, հետաքրքրվածություն, զարմանք և միևնույն ժամանակ լարվածություն։ Այն, ինչ մենք տեսանք, իրոք, տպավորիչ էր։ Հաճելի էր նաև կնոջ ու աղջկա մտերմիկ ու ջերմ մոտեցումը։ Այնքա՜ն պատկերավոր էին նկարագրում ու պատմում։ Նոր ու հետաքրքիր ինֆորմացիա ձեռք բերեցինք նրա, նրա ընտանիքի ու գետնափորի վերաբերյալ։ Գետնափորը ունի 21 մետր խորություն և փորված է 23 տարվա ընթացքում։ 23 տարի․․․ Փորել է միայնակ՝ օգտագործելով միայն սովորական գործիքներ։ Նրան տրամադրել են բազմաթիվ սարքեր, որոնք կարող էին հեշտացնել իր գործը, բայց նա մերժել է։ Գետնափորը փորելու պատճառը կինն էր։ Նա խնդրել էր կարտոֆիլի համար մի հոր փորել։ Փորելիս՝ որոշակի խոչընդոտների է հանդիպել և դադարել է գործը։ Սակայն երազ է տեսնում, որտեղ ասվում էր, որ շարունակի իր գործը և կանգ չառնի ոչ մի խոչընդոտի առջև։ Երկար ու տանջալից տարիներ անց ստեղծվում է այդ հրաշքը, որտեղ գտնվելով փշաքաղվում ու հիացմունք ես ապրում։

Այդպես տպավորված ու բարձր տրամադրությամբ ուղևորվեցինք Էդուարդ Տեր-Ղազարյանի միկրոարվեստ թանգարան։ Խոսքերն ավելորդ են, որպեսզի նկարագրեմ իմ տեսածը։ Նայում ես ու չես հասկանում ինչպես են պատրաստել այդ ամենը։ Բա շարժվող միկրոքանդակը, որի պատրաստման գաղտնիքը ոչ ոք չգիտի ու չեն կարողանում կռահել։ Միկրոքանդակներ պատրաստելու հոբբին սկսվել է մի ջութակից։ Մի տաղանդավոր ու փոքր աղջկա համար հարկավոր էր պատրաստել ջութակ, որի վրա նա կարողանար հեշտ նվագել։ Այդպես պատրաստելով առաջին ջութակը՝ որոշում է ավելի փոքրը պատրաստել։ Իր պատրաստած ամենափոքր ջութակը 1,2 մմ է։ Ուղղակի հրաշք։ Էդուարդ Տեր-Ղազարյանի պատրաստված միկրոքանդակների թիվը անցնում է 1000-ը։ Նա պատմել է նաև, որ իր միկրոքանդակներից շատերը այդպես էլ ոչ ոք չի տեսել։ Եղել են դեպքեր, որ 4 ամիս տանջվելուց հետո նա պատահական կուլ է տվել իր միկրոքանդակները։ Մեզ մի շատ հետաքրքիր պատմություն պատմեցին թանգարանում։ Էդուարդ Տեր-Ղազարյանին պատվիրել էին պատրաստել «Մոնա Լիզա» նկարի միկրոտարբերակը։ Նրան շատ մեծ գումար էին խոստացել դրա համար։ Ավարտելով գործը՝ այն դնում է պատշգամբին և մի ճնճղուկ (անունը Փափագ էր դրել), կանգնելով պատշգամբին, ուտում է քանդակը։ Այդ ամիսների ծանր աշխատանքը ընդամենը մի քանի վարկյանների ընթացքում անհետանում է։

Պատկերներ էդուարդ տեր ղազարյան թանգարան հարցումով
Պատկերներ էդուարդ տեր ղազարյան թանգարան հարցումով

Թանգարանում ցուցադրված էին նաև նրա թոռնիկի միկրոքանդակները։ Ինձ ամենից շատ դուր եկավ «Փոքրիկ Իշխան» միկրոքանդակը։ Կարծես իրական լիներ։

Շատ ուրախ, հավես ճամփորդություն էր։ Շնորհակալ եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին և իհարկե մեր շատ սիրելի իսպաներենի ուսուցչուհուն այսպիսի հրաշք ու անմոռանալի ճամփորդություն կազմակերպելու համար։

Posted in Ճանապարհորդություններ

Եռօրյա ճամբար Արատեսում

Նոյեմբերի 16-ին 31 հոգանոց մեծ ու աշխույժ խմբով ճամփա ընկանք դեպի Արատես։ Ճանապարհին կանգնեցինք Զորաց եկեղեցու մոտ։ Նոր և հետաքրքիր տեղեկություններ իմացանք եկեղեցու մասին։ Հիացանք բնությամբ։ Աշուն էր, գույները խառնվել էին իրար, և ստեղծվել էր մի չքնաղ պատկեր, որն ամբողջ ճանապարհին ուղեկցում էր մեզ։ Երբևէ այդքան գեղեցիկ բնություն չէի տեսել։ Սարերը, ժայռերը, գյուղը, գույնզգույն ու չորացած տերևները, ձիերը, մաքուր օդը։ Այնքա՜ն հավես էր, որ առանց աչքս կտրելու՝ կարող էի ժամերով նայել դիմացս վեր խոյացող սարերին ու ժայռերին։

Հասնելուն պես՝ տեղավորվեցինք տնակներում։ Երեկոյան հավաքվում էինք մեր տնակում, հետաքրքիր խաղեր էինք խաղում, զրուցում էինք տարբեր թեմաներից։ Երկրորդ օրը հարիսայի ծեսը պետք է նշեինք։ Ընկեր Լիլիթը և մի քանի աղջիկ շա՜տ համեղ հարիսա էին պատրաստել։ Նույն օրը գնացինք նաև Արատեսի կիրճը։ Միաժամանակ և՛ հավես էր, և՛ աշխույժ, և՛ վտանգավոր։ Միմյանց օգնելով՝ անցանք գետը։ Շատ սիրուն էր։ Երկու կողմից ժայռեր էին, և դրանց միջով հոսում էր Արատեսի գետը։ Սիրուն, հրաշք նկարներ ու վիդեոներ ունեցանք։ Վերադառնալիս կանգ առանք Սևանում։ Սևանն այդ ափից դեռ չէի տեսել։ Շա՜տ սիրուն էր ու ջինջ։ Բայց ասեմ՝ ինչքան էլ պատմեմ, միևնույն է, այդ ամենը աչքովդ պետք է տեսնես ու վայելես։ Թեև ցուրտ էր, բայց շատ ուրախ, հավես ու հետաքրքիր ժամանակ անցկացրինք։

Posted in Ճանապարհորդություններ

Հարիսայի ծեսն Արատեսում

Այս տարի «Հարիսայի ծեսը» կտոնենք Արատեսում։Արատեսը Հայաստանի Վայոց ձորի մարզում, Հերմոնից 4 կմ հյուսիս-արևելք, Վարդենիսի լեռների հարավային լանջերին, Այսասի գետի հովտում գտնվող գյուղ է։ Արատես կուղևորվենք նոյեմբերի 15-ին։ Կկազմակերպվի ուսումնական ճամփորդություն դեպի Արատես, Եղեգիսի կիրճ և հարակից վանքեր ու եկեղեցիներ, տեղի կունենա աշնանային բերքահավաք (ընկյուզ, ալոճ) և «Հարիսայի ծեսը»: Այցելելու ենք նաև Զորաց եկեղեցի, Օրբելյանների դամբարան, Արենիի շուկա, Քարավանատուն և մի շարք այլ հետաքրքիր վայրեր։

Հարիսա

Հարիսան հայկական ազգային կերակուր է։ Ցորենի ձավարը և հավի, ոչխարի կամ տավարի միսը ջրով եփում են, փայտե թիակով հարում են մինչև մածուցիկ զանգված դառնալը։ Ուտելիս վրան լցնում են հալած յուղ (երբեմն՝ նաև համեմունք)։ Հնում համարվել է ծիսական և տոնական կերակուր։ Պատրաստել են հանդիսավոր օրերին (հարսանիք, ժողովրդական տոներ և այլն)։ Կճուճի մեջ թոնրում ողջ գիշեր եփելուց հետո կերել են մեծ մասամբ կիրակի առավոտյան։ Համարվում է Հայաստանի ազգային ճաշատեսակը։

Ավանդույթ

Ըստ ավանդույթի, երբ Գրիգոր Լուսավորիչը, Խոր վիրապից դուրս գալով, գալիս է Վաղարշապատ, նա վաթսուն օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերի համար: Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխար բերել։ Երբ բերում են յուղն ու ոչխարը, Լուսավորիչը մորթել է տալիս ոչխարները. մեծ-մեծ կաթսաներ են դնում կրակների վրա, միսը լցնում մեջը և կորկոտն (ձավարը) էլ վրան։ Այնուհետև նա հրամայում է հաստաբազուկ կտրիճներին՝ խառնել կաթսայում եղած միսը, ասելով՝ հարեք զսա։ Այդտեղից էլ կերակուրի անունը մնում է հարիսա։

Հարիսայի փառատոն

Հայաստանում կազմակերպվում է ամենամյա հարիսայի փառատոն: Տոնը նշվում է սեպտեմբերի երրորդ կիրակի օրը Էջմիածնի հարևանությամբ գտնվող Մուսալեռ գյուղում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ մուսալեռցիներ տեղափոխվել են պատմական հայրենիք և հիմնել Մուսալեռ գյուղը: Արդեն 30 տարուց ավել Մուսալեռան ճակատամարտի հերոսների պատվին ամենամյա տոնակատարություն է կազմակերպվում:
Խարույկի շուրջ հայրենասիրական ու ժողովրդական երգեր են հնչում: Այստեղ հավաքվում են հարիսայի սիրահարները Հայաստանի տարբեր ծայրերից:

Posted in Español, Ճանապարհորդություններ

Արշավ դեպի Արա լեռան գագաթը

Սեպտեմբերի 21-ին հաղթահարեցինք Արայի լեռը։ Շատ լավ օր անցկացրինք։ Ձեռք բերեցի նոր ընկերներ։ Լավ տրամադրությամբ ու հիշողություններով վերադարձանք տուն։ Շատ շնորհակալ եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին, որ հնարավորություն է տալիս մասնակցել այսպիսի հետաքրքիր ճանապարհորդությունների։

Մենք ճանապարհորդեցինք մեր շատ սիրելի իսպաներենի և ֆրանսերենի ուսուցչուհիների հետ։ Երգելով, պարելով և իրար օգնելով բարձրացանք Արա լեռան գագաթը։ Այնտեղ ամբողջ խմբով արտասանեցինք Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը։

Արա լեռ

Արա լեռը հանգած հրաբուխ է, որը գտնվում է  Հայաստանի Հանրապետության Կոտայքի և Արագածոտնու մարզերի սահմանագոտում՝ Արագածից հարավ–արևելք, Քասաղ և Հրազդան գետերի միջև։ Բարձրությունը 2577մ է։ Արայի լեռան վրա է գտնվում Ծաղկեվանքը։ Ըստ հայկական ավանդության՝ լեռը այդպես է կոչվել ի հիշատակ հայ դիցաբանական աստծո՝ Արա Գեղեցիկի։ Հեռվից լեռան գագաթները նմանվում են պառկած մի մարդու՝ Արա Գեղեցիկին։ Արա լեռան ներքևի դաշտում միմյանց դեմ ճակատամարտել են Արա Գեղեցիկը և Ասորեստանի թագուհին՝ Շամիրամը։ Մարտի դաշտում Արան զոհվել է։ Շամիրամը հույս ուներ, որ արալեզները կվերակենդանացնեն Արային, բայց Արայի դիակը աստիճանաբար քայքայվում էր։ Հայ ժողովուրդը շատ էր սիրում Արային և այդ պատճառով լեռը անվանում են նրա անունով։