Այս տարի «Հարիսայի ծեսը» կտոնենք Արատեսում։Արատեսը Հայաստանի Վայոց ձորի մարզում, Հերմոնից 4 կմ հյուսիս-արևելք, Վարդենիսի լեռների հարավային լանջերին, Այսասի գետի հովտում գտնվող գյուղ է։ Արատես կուղևորվենք նոյեմբերի 15-ին։ Կկազմակերպվի ուսումնական ճամփորդություն դեպի Արատես, Եղեգիսի կիրճ և հարակից վանքեր ու եկեղեցիներ, տեղի կունենա աշնանային բերքահավաք (ընկյուզ, ալոճ) և «Հարիսայի ծեսը»: Այցելելու ենք նաև Զորաց եկեղեցի, Օրբելյանների դամբարան, Արենիի շուկա, Քարավանատուն և մի շարք այլ հետաքրքիր վայրեր։


Հարիսա
Հարիսան հայկական ազգային կերակուր է։ Ցորենի ձավարը և հավի, ոչխարի կամ տավարի միսը ջրով եփում են, փայտե թիակով հարում են մինչև մածուցիկ զանգված դառնալը։ Ուտելիս վրան լցնում են հալած յուղ (երբեմն՝ նաև համեմունք)։ Հնում համարվել է ծիսական և տոնական կերակուր։ Պատրաստել են հանդիսավոր օրերին (հարսանիք, ժողովրդական տոներ և այլն)։ Կճուճի մեջ թոնրում ողջ գիշեր եփելուց հետո կերել են մեծ մասամբ կիրակի առավոտյան։ Համարվում է Հայաստանի ազգային ճաշատեսակը։

Ավանդույթ
Ըստ ավանդույթի, երբ Գրիգոր Լուսավորիչը, Խոր վիրապից դուրս գալով, գալիս է Վաղարշապատ, նա վաթսուն օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերի համար: Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխար բերել։ Երբ բերում են յուղն ու ոչխարը, Լուսավորիչը մորթել է տալիս ոչխարները. մեծ-մեծ կաթսաներ են դնում կրակների վրա, միսը լցնում մեջը և կորկոտն (ձավարը) էլ վրան։ Այնուհետև նա հրամայում է հաստաբազուկ կտրիճներին՝ խառնել կաթսայում եղած միսը, ասելով՝ հարեք զսա։ Այդտեղից էլ կերակուրի անունը մնում է հարիսա։

Հարիսայի փառատոն
Հայաստանում կազմակերպվում է ամենամյա հարիսայի փառատոն: Տոնը նշվում է սեպտեմբերի երրորդ կիրակի օրը Էջմիածնի հարևանությամբ գտնվող Մուսալեռ գյուղում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ մուսալեռցիներ տեղափոխվել են պատմական հայրենիք և հիմնել Մուսալեռ գյուղը: Արդեն 30 տարուց ավել Մուսալեռան ճակատամարտի հերոսների պատվին ամենամյա տոնակատարություն է կազմակերպվում:
Խարույկի շուրջ հայրենասիրական ու ժողովրդական երգեր են հնչում: Այստեղ հավաքվում են հարիսայի սիրահարները Հայաստանի տարբեր ծայրերից: