Posted in Քաղաքագիտություն

Քաղաքագիտությունը որպես գիտություն

Քաղաքագիտությունը կամ քաղաքական գիտությունը գիտություն է քաղաքականության վերաբերյալ, ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների, պետության և այլ կառույցների հետ, ուսումնասիրում է նաև պետության վարած քաղաքականությունը և դրա նպատակահարմարությունը առանձին ոլորտներում։ 
Երբ խոսում ենք քաղաքագիտության, իբրև գիտության մասին, ապա օբյեկտիվորեն հարց է ծագում, թե արդյո՞ք հասարակության քաղաքական կյանքը, քաղաքական իշխանության ու քաղաքական գործընթացների հետազոտությունը կարելի է համարել գիտություն։ Դրան պատադխանելուց առաջ պետք է հասկանալ, թե ինչ է գիտությունը։ Գիտությունը դա ճանաչողական գործունեության հատուկ տեսակ է, որը ուղղված է ` բնության, հասարակության և մտածելակերպի վերաբերյալ օբյեկտիվ, համակարգված և հիմնավորված գիտելիքների ստացմանը, ճշտմանը և ստեղծմանը։ Այս գործունեության հիմքը գիտական փաստերի հավաքածուն է, նրանց պարբերաբար թարմացումը և համակարգումը, կրիտիկական վերլուծությունը և այդ հիմքի վրա նոր գիտական գիտելիքների սինթեզը կամ ամփոփումը գիտնականների կողմից։ Քաղաքագիտության շատ բնագավառներ չափումների չեն ենթարկվում։ Օրինակ, ինչո՞ւ և ինչպե՞ս են ընդունվում քաղաքական որոշումները, ինչո՞ւ են քաղաքացիները ենթարկվում կամ երբեմն էլ չեն ենթարկվում այդ որոշումներին։ Բացի այդ, բազմաթիվ որոշումներ ընդունվում են գաղտնի։ Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ քաղաքագիտությունը չի կարող նմանվել բնական գիտություններին, գիտության կարգավիճակ ունենալ։ Նրա այն մասը, որտեղ կարող ենք ստանալ թվեր, քանակական հստակ տվյալներ, ասենք, հասարակական կարծիքի, ընտրությունների արդյունքների և այլ հարցերի վերաբերյալ իրոք կարող է նմանվել բնական գիտություններին։ Այսինքն` քաղաքագիտության մի մասը կարող է համարվել գիտություն։

Posted in Քաղաքագիտություն

Հայաստանը 5 տարի անց

Լավատեսական

Հայաստանի վիճակը կլինի կայուն։ Կունենանք ուժեղ ղեկավար, կայուն ներքաղաքական վիճակ։ Որոշ չափով կբարելավվի հարաբերությունները հարևանների հետ։ Բնակչությունը կգտնվի ապահով վիճակում և արտագաղթը կնվազի։ Դրամը կարժևորվի։ Տնտեսությունը կզարգանա։

Իրատեսական

Ըստ իս սա ամենադժվարն է պատկերացնելը, քանի որ որ ոք չի կարող հստակ ասել, թե ինչ կարող է լինել ապագայում։ Ամեն փոքր փոփոխություն կարող է մեծ ազդեցություն ունենա հետագա քայլերի վրա։ Իմ կարծիքով իրատեսականը դա լավատեսականի և հոռատեսականի միախառնումն է։ Ոչ շատ լավ, ոչ շատ վատ։ Հայաստանը մեծ մասամբ կախված կլինի Ռուսաստանից և նրա որոշումներից։ Հարևանների հետ հարաբերությունները իմ կարծիքով շատ փոփոխության չի ենթարկվի։ Վստահ եմ, որ կլինի արտագաղթ։ Ըստ իս ավելի շատ, քան հիմա։ Տնտեսությունը հնարավոր է անկում ապրի։

Հոռատեսական

Ետ կգան նախկին իշխանությունները։ Հնարավոր է սկսի պատերազմ, որի արդյունքում Հայաստանը կմիանա Ռուսաստանի կամ Ադրբեջանի կազմին։ Ադրբեջանի կազմին միանալու դեպքում Հայաստանի բնակչությանը մեծ վտանգ կսպառնի։ Կսկսվի արտագաղթ։ Տնտեսությունը անկում կապրի, կքայքայվի։

Posted in Քաղաքագիտություն

Ներկա իշխանության սխալները

Քաղաքագիտության տեսանկյունից ինչ սխալներ է թույլ տվել ներկա իշխանությունը և թույլ են տալիս ընդդիմադիր ուժերը։


Ըստ իս գլխավոր սխալը թավշյա հեղափոխությունն էր, քանի որ դրա պատճառով չկարողացան այսպես ասած “բռի մեջ” պահել ժողովրդին։ Ինձ թվում է ամեն ինչ պետք է լիներ չափի մեջ։ Հաջորդ սխալը վարչապետի ընտրությունն էր։ Ըստ ինձ՝ նա բավականին թույլ էր վարչապետ լինելու և երկիրը ղեկավարելու համար։ Իշխանավորը պետք է հարգվի հանրության գերակշռող մասի կողմից, բայց միշտ չէ, որ այդպես կարող են ճիշտ ընտրություն կատարել ղեկավարի հարցում։ Դրա վառ օրինակը հենց ներկայիս իշխանության ընտրությունն էր։ Սխալվեցին նաև այն հարցում, որ միշտ ցանկանում էին բավարարել ժողովրդի մեծամասնությանը։ Պետք չէ միշտ լինել “սիրված լինելու” կոմֆորտ զոնայում։ Ըստ իս՝ նաև սխալ էր ամեն որոշում կայացնելուց հետո արդարանալը։ Արդարանալը անիմաստ է, քանի որ որոշումը արդեն կայացված է և արդարանալով ցույց ես տալիս քո թույլ կողմերը։ Թեև ներկայիս իշխանությունը իր գրեթե բոլոր քայլերից հետո արդարանում է, երբեմն նաև իրեն արդարացնելու համար մեղքը գցում է ուրիշների վրա, որը ըստ իս նույնպես մել սխալ է։


Posted in Քաղաքագիտություն

ՀՀ-ի արտաքին քաղաքականությունը միջազգային կազմակերպությունների հետ (ՄԱԿ և Ֆրանկոֆոնիա)

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ / ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԱԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հիմնադրվել է 1945 թվականին: ՄԱԿ-ը միջազգային կազմակերպություն է, որին ներկայումս անդամակցում են 193 պետություն:

1992 թվականի մարտի 2-ին, դառնալով ՄԱԿ-ի անդամ և ընդունելով համամարդկային արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հաստատման սկզբունքները` որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս, Հայաստանն ակտիվորեն մասնակցում է այս համաշխարհային կազմակերպության շրջանակներում ծավալվող աշխատանքներին և համագործակցում կազմակերպության բազմաթիվ կառույցների և օղակների հետ: Հիմնվելով անցած տարիների ընթացքում կուտակած փորձի վրա` Հայաստանն իր գործնական ներդրումն է ունենում համաշխարհային գործընթացներին ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ու խրախուսման, իրավական պետության հաստատման գործում:

Հայաստանը տարբեր տարիներին ընտրվել և իր մասնաբաժինն է ներդրել ՄԱԿ-ի կարևորագույն մարմիններում` ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում, Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովում, Մարդու իրավունքների հանձնաժողովում, Կանանց կարգավիճակի հանձնաժողովում, ՄԱԿ-ի ծրագրման և համակարգման կոմիտեում, Սոցիալական զարգացման հանձնաժողովում, Բնակչության և զարգացման հարցերի հանձնաժողովում, Միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովում, Վիճակագրական հանձնաժողովում և այլն: 2014 թվականին Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթակոմիտեի (2015-2019 թթ.) անդամ: 2016 թվականին Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոմիտեի անդամ 2016–2020 թվականների համար, իսկ 2017 թվականին վերընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թվականի Կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրության շրջանակներում գործող Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ 2017-2021 թթ. համար։ 2018թ. Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովում (2019-2023 թթ. համար), որի նախագահությունը նույնպես վստահվել է Հայաստանին՝ ՀՀ մշտական ներկայացուցիչն ընտրվել է հանձնաժողովի նախագահ: 2018 թվականին Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդում (2019-2021 թթ. ժամանակահատվածի համար)։

«Հայաստան–ՄԱԿ զարգացման աջակցության շրջանակ» ծրագիրը հանդիսանում է ՄԱԿ-ի հետ համագործակցության ուղղությունների հիմնական փաստաթուղթը, որը ստորագրվել է 2015թ.՝ 2016-2020 թվականների համար: ՄԱԿ-ի զարգացման համակարգի բարեփոխումներին զուգահեռ ներկայումս լրամշակվում են նաև զարգացման աջակցության շրջանակի ուղենիշները /UNDAF guidelines/, որից հետո հնարավոր կլինի իրականացնել ՀՀ-ՄԱԿ 2016-2020թթ. զարգացման աջակցության շրջանակի միջնաժամկետ վերանայումը:

2016 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ մտան «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման 17 նպատակները: Կայուն զարգացման նպատակները հիմնվում են հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) արձանագրած հաջողությունների վրա: Հայաստանում ակտիվորեն մեկնարկեցին Կայուն զարգացման նպատակների իրականացման հետ կապված գործընթացները: Կայուն զարգացման 2030 օրակարգի ազգայնացման նպատակով մշակվեց ճանապարհային քարտեզ, այնուհետև՝ Կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային գործողությունների ծրագիր:

Կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացին մեծապես նպաստում է նաև Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը, որը Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի՝ աշխարհում առաջին համատեղ նախաձեռնությունն է, որը կայուն զարգացման նպատակների իրականացմանը նպաստելու է նորարարական լուծումների և պետական-մասնավոր հատվածի համագործակցության համար հնարավոր հարթակներ ստեղծելու միջոցով:

2018թ․ հուլիսի 17-ին Հայաստանը՝ ՄԱԿ-ի ՏնտՍոցԽորհ-ի բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում, ներկայացրեց Կայուն զարգացման օրակարգի և դրանից բխող նպատակների և թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող իր առաջին կամավոր ազգային զեկույցը։ ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

2018թ. սեպտեմբերի 26-ին, Նյու Յորքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընթացքում, որում, ի թիվս մի շարք այլ՝ ՀՀ-ի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի, վարչապետը խոսեց նաև 2018թ.-ի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին։

Հայաստանը ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին կանոնավոր վճարում է տարեկան անդամավճարները: Հայաստանն արդեն 10 տարուց ավելի ներառված է ՄԱԿ-ի պատվո ցանկում, քանի որ այն երկրների թվում է, որոնք իրենց անդամավճարները կանոնավոր բյուջեին վճարում են ընթացիկ տարվա հունվար ամսվա ընթացքում: 2019թ. ՀՀ դարձյալ ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար: 2019թ. հունվարին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին է փոխանցվել 195,176.00 ամերիկյան դոլար` որպես ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության գծով 2019թ. տարեկան անդամավճար: 2019թ. հունվարի 18-ի դրությամբ պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 18-ը:

ՀՀ և Ֆրանկոֆոնիայի միջև հարաբերությունները

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման և տարածման միջազգային հաստատություն է, որը հիմնադրվել է 1970թ-ին։ Կազմակերպությունում ընդգրկված են 54 լիիրավ, 7 ասոցացված և 27 դիտորդի կարգավիճակ ունեցող պետություն: Այս երկրներից 32-ում ֆրանսերենն ունի պաշտոնական լեզվի կամ երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակ։ ՖՄԿ-ում ընդգրկված երկրների բնակչության ընդհանուր թիվը կազմում է 900 մլն., որից 274 մլն. ֆրանկոֆոն են։ ՖՄԿ-ում ներգրավված երկրները սփռված են աշխարհի հինգ մայրցամաքներում։ Նշենք, որ ՄԱԿ-ի անդամ երկրների մեկ երրորդից ավելին անդամակցում է այս կազմակերպությանը։

Հայաստանի մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի ատյաններին

2003թ. Ուագադուգուի (Բուրկինա Ֆասո) գագաթաժողովում Հայաստանը ձեռք է բերում ՖՄԿ-ում դիտորդի կարգավիճակ, իսկ այնուհետև` 2008թ. հոկտեմբերին, Քվեբեկ-Կանադայի գագաթաժողովում դառնում է ՖՄԿ ասոցացված անդամ։

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ակտիվորեն մասնակցում է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովներին և 2008թ. Քվեբեկի գագաթաժողովից սկսած՝ ի պաշտոնե ապահովում նաև Հայաստանի ներկայությունը ֆրանկոֆոն գերագույն ատյանների ժողովներում:

Ասոցացված անդամի կարգավիճակ ձեռք բերելուց հետո Հայաստանում ֆրանկոֆոն նախաձեռնությունները համակարգելու նպատակով ՀՀ ԱԳ նախարարը Ֆրանկոֆոնիայի հարցերով հատուկ խորհրդական է նշանակում:

Հայաստանն իր ներկայացուցիչն ունի նաև Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում: Նա ակտիվորեն ներգրավված է ֆրանկոֆոնայի տարբեր ատյանների աշխատանքներում, այդ թվում՝ 2015-2017թթ. ընթացքում նախագահելով Համագործակցության և ծրագրավորման հանձնաժողովը:

Հայաստանի և ՖՄԿ-ի միջև հարաբերությունների ամրապնդման գործում կարևոր էր 2010թ. ապրիլին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի պաշտոնական այցը Հայաստան:

2010թ. հոկտեմբերին Մոնթրոյում (Շվեյցարիա) կայացած Ֆրանկոֆոնիայի 13-րդ գագաթաժողովի ժամանակ Ֆրանկոֆոնիայի անդամ-երկրների և կառավարությունների ղեկավարները, ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակի, նրանից դուրս գալու և խաղաղության ամրապնդման մասին բանաձև ընդունելով, առաջին անգամ իրենց դիրքորոշումն են արտահայտում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, մասնավորապես՝

«Հաստատում ենք մեր լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման նպատակով:

Կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին ձեռնպահ մնալ սպառնալիքի կամ ուժի գործադրման ցանկացած փորձից, որը կարող է վտանգել խաղաղության գործընթացը, և առաջարկում ենք շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա՝ որպես այս հակամարտության հավասարակշռված և տևական լուծման հիմք»:

2012թ. հոկտեմբերին Քինշասայում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ժամանակ, որին մասնակցում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայաստանը ձեռք է բերում ՖՄԿ լիիրավ անդամի կարգավիճակ՝ դառնալով ՖՄԿ 54-րդ անդամ-երկիրը:

Հարկ է ընդգծել, որ վերոնշյալ գագաթաժողովի ժամանակ ճգնաժամային իրավիճակների կարգավորման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևի շրջանակներում Ֆրանկոֆոնիայի անդամ-երկրների և կառավարությունների ղեկավարները վերահաստատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ դեռևս Մոնթրոյի գագաթաժողովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը սատարելու իրենց դիրքորոշումը և ևս մեկ անգամ կոչ են անում. «հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման խաղաղ գործընթացը, նրանց առաջարկում ենք շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների միասնական և անբաժան հենք հանդիսացող սկզբունքների հիման վրա, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի՝ որպես այս հակամարտության հավասարակշռված և տևական լուծման հիմք»:

Սույն դիրքորոշումը վերհաստատվում է 2014թ. Դաքարի (Սենեգալ), 2016թ. Անատնանարիվուի (Մադագասկար) և 2018թ. Երևանի գագաթաժողովների ժամանակ:

Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Ճգնաժամային իրավիճակների կարգավորման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ ընդունված բանաձևում  Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների և կառավարությունների ղեկավարները վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը սատարելու իրենց դիրքորոշումը

«Վերահաստատում ենք մեր լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման հարցում և հիշեցնում ենք, որ տևական խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է հակամարտության բոլոր կողմերի ներգրավվածությունը համանախագահների առաջարկությունների վրա հիմնված կարգավորման գործընթացում։

Կոչ ենք անում հակամարտության կողմերին նվազեցնել լարվածությունը, ամբողջապես հարգել հրադադարի ռեժիմը, զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից՝ խաղաղությանը նպաստող մթնոլորտի ստեղծման և նախկինում ձեռք բերված համաձայնությունների կատարման համար։ Նրանց կոչ ենք անում վերսկսել բանակցությունների գործընթացը հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար, որը հիմնված կլինի Հելսինկի եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների՝ մասնավորապես ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի չդիմելու, տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ազգերի ինքնորոշման իրավունքների հիման վրա»:

Հայաստանը հանդիսանում է նաև 2013թ. սեպտեմբերին ստեղծված Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային կառույցների և հաստատությունների ցանցի (RESIFECO) անդամ՝ բաղկացած տարածաշրջանի 6 երկրների ներկայացուցիչներից՝ Ինստիտուցիոնալ Ֆրանկոֆոնիայի լիիրավ անդամներից (Ալբանիա, Հայաստան, Բուլղարիա, Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա Հանրապետություն, Մոլդովա և Ռումինիա): 2015-2017թթ. RESIFECO-ի նախագահությունը ստանձնում է Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչը:

Ֆրանկոֆոնիայի գործունեությանն իր հանձնառությունը վկայելու և նրա միջազգային տարածմանը նպաստելու նպատակով Հայաստանն իր թեկնածությունն է ներկայացնում՝ 2015թ. հոկտեմբերին հյուրընկալելու Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 31-րդ նստաշրջանը: 2014թ. նոյեմբերին Դաքարում (Սենեգալ) կայացած Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 30-րդ նստաշրջանին այս առաջարկն արժանանում է Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների և կառավարության նախարարների միաձայն աջակցությանը:

Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 31-րդ նստաշրջանը կայանում է Երևանում 2015թ. հոկտեմբերի 10-ից 11-ը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի անդամ-երկրների և կառավարությունների ներկայացուցիչներ:

Համաժողովի ընթացքում հարուստ և բեղմնավոր քննարկումներ են ծավալվում Հայաստանի կողմից շեշտադրված թեմաների շուրջ, ինչպես օրինակ՝ Ֆրանկոֆոնիա, խաղաղության տարածաշրջան, բազմազանություն և երկխոսություն, կլիմայական փոփոխությունների շուրջ Կողմերի 21-րդ համաժողովին առնչվող հարցեր, ցեղասպանության կանխարգելում, որոնց վերաբերյալ բանաձևի նախագծեր են ընդունվել նախարարական համաժողովի կողմից:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին կապակցությամբ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար տիկին Միկաել Ժանը և Ֆրանկոֆոնիայի երկրների ու կառավարությունների նախարարները հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելության ժամանակ:

Երևանի նախարարական համաժողովը մեծ հաջողություն է ունենում՝ նաև որպես առիթ՝ բացահայտելու հայկական մշակույթի հարուստ ժառանգությունը:

Այս հաջող փորձից ելնելով և ուղորդվելով Ֆրանկոֆոնիայի արժեքներին ծառայելու մղումով՝ 2016թ. մայիսին Հայաստանը ներկայացնում է իր թեկնածությունը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը կազմակեպելու գործում:

2016թ. նոյեմբերի 27-ին Անտանանարիվուի (Մադագասկար) գագաթաժողովի ժամանակ Ֆրանկոֆոնիայի երկրի և կառավարությունների ղեկավարները Հայաստանը սահմանում են որպես 2018թ. Ֆրանկոֆոնիայի առաջիկա գագաթնաժողովի հյուրընկալ երկիր:

Համագործակցություն Հայաստանի և ՖՄԿ-ի միջև

Հայաստանը սերտ համագործակցություն է զարգացնում ՖՄԿ-ի հետ, որն արտահայտվում է մի շարք ծրագրերի իրականացմամբ:

2009թ. մայիսից Հայաստանի անդամակցությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ֆրանկոֆոն տարածաշրջանային կենտրոնին (CREFECO) թույլ է տվել 350-ից ավելի ֆրանսերենի հայ ուսուցիչների մասնակցելու ազգային կամ տարածաշրջանային մակարդակով վերապատրաստման՝ ուղղված ֆրանսերենի ուսուցման և ֆրանսերենով ուսուցանվող ոչ-լեզվաբանական առարկաների բարելավմանը:

2009թ. հունիսին ՀՀ ԱԳ նախարարության, ՖՄԿ-ի, Ֆրանսիայի Հանրապետության, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարությունների և Բելգիայի ֆրանսախոս համայնքի ղեկավարության միջև ստորագրվում է ՀՀ պետական համակարգի պաշտոնյաների ֆրանսերենի ուսուցման վերաբերյալ հուշագիր։

2015թ. հոկտեմբերին, ի շարունակություն նախորդ հուշագրի, «Ֆրանսերենը միջազգաին հարաբերություններում» ծրագրի շրջանակներում ՖՄԿ-ի, Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի անդամ և դիտորդ 17 այլ երկրների կողմից Ազգային ֆրանկոֆոն նախաձեռնությունների վերաբերյալ Գործընկերության հուշագիր է ստորագրվում՝ ուղղված միջազգային հարաբերությունների հարցերով ՀՀ վարչական համակարգի պաշտոնյաների՝ ֆրանսերենով արտահայտվելու հմտություններն ամրապնդելուն:

2009թ. սկսած՝ «Ալիանս ֆրանսեզ»-ի կողմից կազմակերպած ֆրանսերենի վերապատրաստումներից օգտվում են ՀՀ պետական համակարգի մի քանի տասնյակ պաշտոնյաներ:

2012թ. Քինշասայի (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) գագաթաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը և ՖՄԿ գլխավոր քարտուղար պարոն Ա. Դիուֆը «Լեզվաբանական ծրագիր» են կնքում Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջև 3 տարի ժամկետով:

Լեզվաբանական ծրագրի իրականացման գործընթացում ՖՄԿ-ից բացի ներգրավված են նաև Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը, ՖՄԿ գործիչներ, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը և Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիան, ինչպես նաև Ֆրանսիան:

Լեզվաբանական ծրագիրը հնարավորություն է տալիս ֆրանկոֆոնիայի հետ խորացված համագործակցության հիմքեր ստեղծել այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, մշակույթը, հաղորդակցությունը և զբոսաշրջությունը:

Մի շարք քայլեր են ձեռնարկվում՝ ֆրանսերենի ուսուցման տարածման ուղղությամբ: Այսպիսով, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ֆրանսերենը հաստատել է որպես դպրոցներում ընտրովի 3-րդ օտար լեզու, ինչպես նաև ֆրանսիական կողմի օժանդակությամբ 5 դպրոցներում բացել է ֆրանսերենի խորացված ուսուցման դասընթացներ:

Ֆրանսերենի՝ որպես 3-րդ օտար լեզվի ներմուծումը, ընդհանուր առմամբ, վերաբերում է 8 քաղաքի և 18 հաստատությունների. 2012-2015թթ. համեմատությամբ հանրային դպրոցներում ֆրանսերեն սովորողների թիվն ավելացել է 14,3%-ով:

2013թ. հունիսին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ կնքված կրթական համագործակցության հուշագրի շնորհիվ ֆրանսերենի խորացված ուսուցում և երկլեզու ուսումնական ծրագիր է ներդրվում Երևանի թիվ 119 ավագ դպրոցում:

Բարձրագույն կրթության ոլորտում ֆրանկոֆոն համալսարանների ֆրանկոֆոն ուղղվածությունն էլ ավելի է ամրապնդվել. այսօր արդեն Հայաստանի 5 համալսարաններ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (ՖՀԳ/AUF) անդամ են հանդիսանում: Երևանի ֆրանկոֆոն թվային կենտրոնը գրանցված է որպես  Հայաստանում ՖՀԳ-ի պաշտոնական ներկայացուցչություն: ՖՀԳ-ի օժանդակությամբ Երևանում բացվում է համալսարանական նվաճումների 2 կենտրոն:

Կազմակերպված մի շարք ֆրանկոֆոն միջոցառումների շնորհիվ բարելավվում է ֆրանսերեն լեզվի տեսլականը երկրում: Այսպես, Ֆրանկոֆոնիայի երկամսյա միջոցառումները Հայաստանում յուրաքանչյուր տարի ներառում են ֆրանկոֆոն մշակութային, կրթական և համալսարանական հարյուրավոր միջացառումներ (2013թ.՝ 350, 2015թ.՝ 550, 2017թ.՝ 600-ից ավելի) և նպաստում է երկրում ֆրանկոֆոն մշակութային միջավայր խթանելուն:

Որոշ պատմական հուշարձանների կողքին նկատելի է ֆրանսերեն լեզվով վահանակների և ցուցափեղկերի ավելացում, բարենպաստ պայմաններ են ստեղծված ֆրանկոֆոն զբոսաշրջիկներին ընդունելու համար:

«Ֆրանկոֆոն գրքի անկյուն» ծրագրի իրագործումը մեկնարկել է 2014թ. և ներառում է ՀՀ մի շարք մեծ քաղաքներ (Երևան, Գորիս, Գյումրի և այլն):

ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հանձն է առել ապահովելու TV 5 MONDE հեռուստաալիքի մուտքը Հայաստան՝ այն ընդգրկելով մալուխային օպերատորների հիմնական փաթեթի մեջ:

Արձանագրված ամփոփագիրը վկայում է Հայաստանում ֆրանսերեն լեզվի ուսուցման և ֆրանկոֆոն միջավայրի առկայության առաջընթացի մասին:

Հաշվի առնելով իրականացված գործողությունների դրական ամփոփագիրը՝ 2016թ. ապրիլին ՀՀ-ի և ՖՄԿ-ի միջև ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանի և ՖՄԿ գլխավոր քարտուղար Մ. Ժանի կողմից ևս 3 տարի ժամկետով ստորագրվում է Լեզվաբանական ծրագրի հավելված՝ միևնույն առաջահերթություն ունեցող գործողությունների պլանի հիման վրա:

Հայաստանը հանդիսանում է նաև ֆրանկոֆոն կարևոր տարածաշրջանային նախաձեռնությունների թատերաբեմ:

2015թ. հունիսին ՀՀ ԱԳ նախարարությունը և ՖՄԿ-ն կազմակերպում են տարածաշրջանային առաջին սեմինարը՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում քաղաքացիական հասարակությունում կին-տղամարդ հավասարության օժանդակման վերաբերյալ: Սեմինարին մասնակցում են տարածաշրջանում ֆրանկոֆոնիայի անդամ 6 երկրների (Ալբանիա, Հայաստան, Բուլղարիա, Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա Հանրապետություն և Ռումինիա) կառավարությունների և քաղաքացիական հասարակությունների կազմակերպությունների ներկայացուցիչներ:

2017թ. հոկտեմբերին ՀՀ ԿԳ նախարարությունը կկազմակերպի ֆրանսերեն լեզվի 3-րդ միջազգային Օլիպիադան՝ ՖՄԿ-ի, կրթության և ուսումնական հաստատությունների հարցերով տարածաշրջանի 6 երկրների նախարարությունների հետ համագործակցությամբ:

2017թ. ընթացքում կրթական համագործակցության վերաբերյալ Գործընկերության հուշագիր կստորագրվի ՖՄԿ-ի և տարածաշրջանի 6 երկրների նախարարությունների միջև:

Հայաստանի և ՖՄԿ-ի հետ համատեղ երիտասարդության և մշակույթի բնագավառում կնախաձեռնվեն այլ գործունեություններ՝ 2018թ. Երևանի գագաթաժողովի նախորդող ժամանակահատվածում:

Օգտակար հղումներ

Posted in Քաղաքագիտություն

Քաղաքագիտության օբյեկտը և առարկան

Common and Islamic Law WAEC & JAMB Subjects Combination

Այն գիտությունը, որը ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների, պետության և այլ կառույցների հետ, պետության վարած քաղաքականությունը և դրա նպատակահարմարությունը առանձին ոլորտներում կոչվում է քաղաքագիտություն։ Աշխարհի առաջատար մի շարք քաղաքագետների կարծիքով՝ քաղաքագիտությունը գիտություն է իշխանության համար մղվող պայքարի և մրցակցության մասին։ Մինչև XX դարի 20-30 ական թվականները քաղաքական գիտությունը համարվում է ուսմունք, տեսություն պետության մասին։ Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն առանձնացվեց պետականագիտությունից և դարձավ ինքնուրույն ուսումնասիրման առարկա։ Քաղաքագիտություն առարկան կարելի է ասել նոր ձևավորված սոցիալական գիտության ճյուղերից է և կան նաև մի շարք երկրներ, որտեղ նրա վերջնական կայացման գործընթացը դեռևս չի ավարտվել։ Քաղաքագիտությունը հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմել հասարակության քաղաքական կյանքի մասին, քանի որ այն միաժամանակ ուսումնասիրում է մի քանի գիտություն (քաղաքական փիլիսոփայություն, սոցիոլոգիա, հոգեբանություն)։ Այստեղ կարող է հարց առաջանալ, թե արդյո՞ք քաղաքագիտությունը առանձին գիտություն է։ Պատասխանը հետևյալն է, այո, քանի որ միևնույն օբյեկտը, որպես իրականության մի մաս, կարող է ուսումնասիրվել մի շարք գիտությունների կողմից։

Այսպիսով՝ քաղաքագիտությունը ուսումնասիրում է․

  • մարդու և հասարակության փոխհարաբերությունների քաղաքական ոլորտը որպես հիմնական, առանձին օբյեկտ
  • հասարակության քաղաքական կյանքի ոչ միայն առանձին կողմերը, այլև քաղաքական համակարգն ամբողջությամբ
  • քաղաքականության հիմնական հարցի՝ իշխանական հարաբերությունների օրինաչափությունները

Այսպիսով, քաղաքագիտության օբյեկտը հասարակության քաղաքական ոլորտն է, իսկ առարկան՝ քաղաքական իշխանության ձևավորման ու զարգացման օրինաչափությունները։