Հայաստանի Կարմիր գրքից դուրս բերել մի տեսակ բույս, կենդանի, թռչուն։
Կենդանի
Բեզոարյան այծ

Բեզոարյան այծը պատկանում է քորդավորների տիպի ողնաշարավորների ենթատիպին։ Բեզոարյան այծը կաթնասունների դասին է պատկանում է, կարգը երկսմբակավորներն է, իսկ ընտանիքը՝ սնամեջ եղջերավորներ։ Իրանի երկարությունը մոտ 1,5 մ է, կենդանու քաշը՝ 80 կգ։ Նոխազներն ունեն կեռ, թրաձև և 130 սմ երկարությամբ եղջյուրներ։ Բուրդը շիկագույն է՝ մոխրագույն երանգներով, իսկ առանձին մասերում՝ մուգ կամ սև։ Գիտնականների մեծամասնության կարծիքով ընտանի այծերի նախահայրն է։ Հայաստանում արեալը ներառում է Սևանի լեռնաշղթան, Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը, Գառնիի, Ուրծի, Վարդենիսի, Վայոց ձորի, Զանգեզուրի, Բարգուշատի, Մեղրու լեռնաշղթաները և Նորավանքի կիրճը։ Մեկուսացած խմբերը պահպանվել են Խուստուպ լեռան վրա, Որոտան գետի կիրճում և Արփա գետի հովտի վերին մասում։ Փամբակի լեռնաշղթայում և Արագածի վրա տեսակն ամբողջովին անհետացել է։ Տեսակը գրանցված էր նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում և ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Ներկայիս գնահատմամբ բեզոարյան այծի թվաքանակը Հայաստանում կազմում է 1000-1500 առանձնյակ։ Պոպուլյացիան խիստ մասնատված է մանր, իրարից տարանջատված խմբավորումների։ Վտանգման հիմնական գործոններն են որսագողությունը, հողերի յուրացումը, լեռնային արդյունաբերության զարգացումը, բիոտոպերի քայքայումը և անասունների արածեցումը։ Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» և «Սևան» ազգային պարկերում, «Զանգեզուր» արգելավայրում և Հարավային Հայաստանի մի շարք այլ արգելավայրերում։

Բույս
Բրոմոպսիս Զանգեզուրի

Այս բույսը պատկանում է սերմնավոր բույսերի ենթատիպին, հացածաղկավորների կարգին, հայազգիների ընտանիքին, դաշտավլուկայինների ենթաընտանիքին և Ցորնուկ ցեղին։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ Բազմամյա փուխր ճիմ առաջացնող խոտաբույս է։ 60-100 սմ բարձրությամբ ուղիղ կանգնած ցողունը հիմքի մոտ շրջապատված է մահացած տերևների արտաքինից թույլ ճեղքված դարչնագույն, ներսում՝ ամբողջական ծիրանագույն մանուշակագույն տերևապատյաններով։ 8-15 սմ երկարությամբ, սակավահասկիկ, թույլ փռված ծաղկաբույլը հուրան է։ 7-12 մմ երկարությամբ ստորին ծաղկային թփերը բարակ մանուշակագույն քիստով են։ Հանդիպում է Զանգեզուրի և Մեղրու ֆլորիստիկական շրջաններում։ Հայաստանից բացի աճում է Նախիջևանում՝ Զանգեզուրի լեռնաշղթայի վրա։ Վտանգված տեսակ է։ Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանները 500 կմ²-ից պակաս է։ Կապված կլիմայի փոփոխության և աճելավայրերի պայմանների փոփոխության հետ՝ տեսակին սպառնում է անհետացում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում։
Թռչուն
Բվեճ

Բվեճները պատկանում են քորդավորների տիպին, ողնաշարավորների ենթատիպին, թռչունների դասին, բվերի ընտանիքին։ Բվերի ընտանիքի ամենախոշոր ներկայացուցիչն է։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Մարմնի երկարությունը 60-75 սմ է, թևերի բացվածքը՝ 160–188 սմ, կենդանի զանգվածը՝ 4,2 կգ։ Էգերը խոշոր են արուներից։ Փետրածածկը միատարր է, խիտ փափուկ, փխրուն, գորշ դարչնագույն, մետաքսափայլ։ Կրծքի մասում կան սև, կաթիլանման նախշեր, ականջին՝ մեծ փետրափնջեր։ Գլուխը մեծ է, վիզը և ոտքերը՝ կարճ, աչքերը՝ նարնջագույն, մագիլները՝ զարգացած, կտուցը՝ ներքև կեռված, եզրերը՝ սուր, ծայրը՝ սրված։ Գիշերային թռչուն է, սակայն լավ տեսնում է նաև ցերեկը։ Ենթատեսակի պոպուլյացիայի հիմնական մասը կենտրոնացված է նոմինատիվ ենթատեսակի տարածման շրջանից դեպի հարավ Բեսարաբիայում, Ղրիմում, Կովկասում, Փոքր Ասիայում և Սիրիայում։ Հայաստանում հանդիպում է համարյա ամենուրեք։ Սակավաթիվ, խոցելի տեսակ է։ Գրանցված է Ռուսաստանի Կարմիր գրքում։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն։ 2008 թվականի տվյալներով Երևանի կենդանաբանական այգում պահվում են 9 առանձնյակ, իսկ Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցացիայի կենդանաբանական այգիներում՝ 154։ Սպառնացող վտանգներից է մարդու կողմից հետապնդվելը, անազատ պայմաններում պահելու կամ խրտվիլակներ պատրաստելու նպատակով բվեճին բռնելու դեպքերը, թունաքիմիկատների օգտագործման պետական անբավարարությունը, ինչպես նաև բնական բիոտոպերի՝ կերակրավայրերի յուրացումը գյուղատնտեսական կարիքների համար։



















