Posted in Գրականություն

«Քաոս»/Շիրվանզադե

«Քաոս» վեպը գրվել է 1896-97 թվականներին, սակայն վեպի թեման և սյուժեն գրողին սկսել է մտահոգել 80-ական թվականներից։ Ներքուստ լարված աշխատանքը տևում է շուրջ տասնհինգ տարի, ինչի համար հիմք է հանդիսանում 1881-82 թվականներին Բաքվում մի նշանավոր գերդաստանում ծագած խռովությունը։Վեպը սկսվում է Մարկոս աղա Ալիմյանի մահվան տեսարանով։ Նրա թողած կտակով հարստությունը մնում է ավագ որդուն՝ Սմբատին, իսկ միջնեկ որդին՝ Միքայելը, կարող է բաժին ստանալ, եթե դարձի գա և ամուսնանա հայ աղջկա հետ։ Կտակի երկրորդ կարևոր հատվածն այն էր, որ Սմբատի երեխաները իրավունք ունեն հարստությունը ժառանգել միայն այն դեպքում, երբ Սմբատը բաժանվի ռուս կնոջից։Սմբատն իր ուսանողական տարիներին հրապուրվել էր ազատամիտ գաղափարներով և հոր հարստությունը համարում էր անարդար վաստակ։ Սակայն նա իր երբեմնի իդեալները «թաղում է նավթահորերի մեջ» և դառնում տիպիկ բուրժուա գործարանատեր։ Վեպում Սմբատի անկումը լիակատար է, նա սկսում է նույնիսկ այցելել Միքայելի և Արշակի հաճախած շրջանները՝ հյուրանոցների արբեցուցիչ մթնոլորտում փնտրելով ժամանակավոր մոռացում։ Բարդանում են նաև նրա հարաբերությունները կնոջ՝ Անտոնինա Իվանովնայի հետ։ Բաքու գալուց հետո Անտոնինան հարազատ է մնում նախկին համոզմունքներին, իսկ Սմբատը դառնում է բոլորովին այլ մարդ։Միքայելը բուրժուական «ոսկի երիտասարդության» ներկայացուցիչ է, ցանկասեր և փչացած մի անձնավորություն։ Սակայն հեղինակը, վերափոխելով նրա կերպարը, դարձնում է նրան կարգին մարդ։ Միքայելին առաջին անգամ ցնցում է Անուշի եղբոր՝ Գրիշայի ապտակը, երկրորդ ապտակը նա ստանում է Շուշանիկից, այնուհետև նա մի քանի անգամ ծեծվում է, դրան ավելանում են Շուշանիկի սերը և ավագ եղբոր խրատները, ու Միքայելը միանգամայն վերափոխվում է։ Դա է փաստում նաև այն, որ վեպի վերջում հրդեհի ժամանակ Սմբատը փող է խոստանում Շուշանիկի հորն ազատողին, իսկ Միքայելը, կյանքը վտանգի ենթարկելով, ինքն է մտնում բոցերի մեջ և ազատում։Ալիմյանի կրտսեր որդին՝ տասնվեցամյա Արշակը, նույնպես դարձել է «կյանքը սիրողներից»։ Հաջողված կերպար է նաև Ալիմյանների փեսան՝ Մարութխանյանը։ Նա համոզում է Միքայելին ստեղծել «կոնտր-կտակ», որի միջոցով կարող էր հոր ժառանգությունը վերցնել իրեն։ Սկզբում Միքայելը համաձայնվում է, բայց հետո զղջում է և հետ կանգնում։Վեպն ավարտվում է Միքայելի և Շուշանիկի միությամբ և Սմբատի լիարժեք կործանմամբ։

Posted in Նախագծեր, Գրականություն

Կոմիտաս

Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան) հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր է: 1881-1893 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ Կոմիտասը մեծ դեր խաղաց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ: Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Փարիզ, Ժնև, Լոզան և այլն)։ Կոմիտասը նպատակ ուներ ապացուցել աշխարհին, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտություն»։ Կոմիտասի ստեղծագործական ոճը շատ յուրահատուկ է։ Նրա երաժշտական ժառանգությունն ընդգրկում է վոկալ, խմբերգային՝ ժողովրդական և հոգևոր, և դաշնամուրային ժանրի ստեղծագործություններ: Որպես երգիչ և խմբավար՝ Կոմիտասը բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանում, Եվրոպայում, Եգիպտոսում, Կոստանդնուպոլսում, Թիֆլիսում և այլուր։ Նրա կատարումներով մարդիկ մշտապես հիացել են։ Կոմիտասը դասավանդել է Գևորգյան ճեմարանում, ինչպես նաև մասնավոր դասեր վարել Կոստանդնուպոլսում: Նրա աշակերտներից ոմանք հայ երաժշտության բնագավառում կարևոր դեր խաղացին։ Օրինակ՝ Բարսեղ Կանաչյանը դարձավ կոմպոզիտոր, Վարդան Սարգսյանը եղավ նրա ստեղծագործությունների տարածողը և այլն։

Կոմիտասը հավաքել և գրառել է ավելի քան 3000 հայկական ժողովրդական երաժշտության նմուշներ, որոնցից ավելի քան կեսը հետագայում կորել է և միայն մոտ 1200-ն է պահպանվել: Բացի հայ ժողովրդական երգերից՝ նա նաև հետաքրքրվել է այլ մշակույթներով։

Հայոց ցեղասպանության ժամանակ՝ 1915 թվականի ապրիլին, օսմանյան կառավարության կողմից Կոմիտասը ձերբակալվում է և աքսորվում բանտարկյալների ճամբար: Նրան շուտով ազատում են, որից հետո ստանում է հոգեկան խանգարում: Հայերի զանգվածային կոտորածների մասին լուրերը շարունակում են խաթարել նրա զգայուն հոգեկան վիճակը։ Նրան սկզբում տեղավորում են թուրքական ռազմական հոսպիտալում և ապա՝ տեղափոխում Փարիզի հոգեբուժարաններ, որտեղ էլ տառապանքների մեջ անց է կացնում իր կյանքի վերջին տարիները: Մահացել է 1935 թվականի հոկտեմբերի 22-ին՝ Փարիզում։

Ստեղծագործությունները

«Պատարագ»

Կոմիտասի գլխավոր աշխատանքն իր «Պատարագն» է, որը մինչև այսօր առկա է եկեղեցու ծիսակատարության մեջ։ Պատարագի մշակումը նա սկսել էր 1892 թվականին, բայց երբեք չավարտեց Առաջին համաշխարհային պատերազմի բռնկման պատճառով։ «Պատարագ»-ն առաջին անգամ հրատարակվել է 1933 թվականին Փարիզում և առաջին անգամ ձայնագրվել է 1988 թվականին, Երևանում։ 

Այլ ստեղծագործություններ

Կոմիտասն իր ստեղծագործական կյանքի մեծ մասը նվիրել է հայ ժողովրդական երաժշտության ուսումնասիրմանն ու մշակմանը։ Կոմիտասի հեղինակային գործերի առաջին փորձերը՝ «Ազգային օրհներգը», Հովհաննես Հովհաննիսյանի «Գյուղի ժամը» ոտանավորի երաժշտականացումը վերաբերում են ճեմարանական տարիներին։ Անհամեմատ բարձրորակ են Բեռլինի ուսանողական տարիների գործերը՝ գերմանական պոետների բանաստեղծություններով գրված ռոմանսներն ու խմբերգերը, «Առ գետս Բաբելացվոց» սաղմոսը, «Մայրենի Լեզու» խմբերգը։ Կոմիտասի՝ ժողովրդական սկզբնաղբյուրից անկախ ստեղծագործություններից են նաև «Գարուն» ծավալուն խմբերգը, «Ճեմում էի բուրաստանում» ռոմանսը, «Հայկական ընդհանուր բարեգործական միության քայլերգը» և այլն։
Կոմպոզիտորի ինքնուրույն ստեղծագործությունների շարքում են նաև նրա օպերային մտահղացումները։ Ցավոք, քնարական-կենցաղային «Անուշ», երգիծական-կենցաղային «Քաղաքավարության վնասները», պատմահայրենասիրական «Վարդան» և դյուցազնա-հերոսական «Սասունցի Դավիթ» օպերաների ստեղծման աշխատանքները կոմպոզիտորին չի վիճակվել ամբողջացնել։ Կոմիտասի հայտնի ստեղծագործություններից է «Կաքավի երգը»՝ գրված մենակատար-երգչի, երգչախմբի և դաշնամուրի համար։ Այն ծնվել է կոմպոզիտորի և հայ հայտնի բանաստեղծ Հովհաննես Թումանյանի համագործակցության արդյունքում։

Կոմիտասի հուշարձանը

Կոմիտասի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի առջևի պուրակում, տեղադրվել է 1988 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը 2015 թվականին ստեղծված թանգարան է Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Թանգարան-ինստիտուտը միտված է կոմիտասագիտության զարգացմանը, Կոմիտասի ստեղծագործական ժառանգության հետազոտմանը և հանրահռչակմանը։ Թանգարանը գտնվում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու հարակից տարածքում: Կառուցվել է նախկին մշակույթի պալատի հիման վրա, որը 1949 թվականին նախագծել է ճարտարապետ Կորյուն Հակոբյանը: Նորաստեղծ կառույցի ճարտարապետը Արթուր Մեսչյանն է:

Posted in Գրականություն

Վանո Սիրադեղյան/կենսագրություն

Վանո Սիրադեղյանը ՀՀ պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ է։ 1990-ական թվականներին եղել է Հայաստանի Հանրապետությունում իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից։ Վանո Սիրադեղյանը ՀՀ֊ի պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա մարդասպան է` տարբեր հանցագործություններ կատարած, մյուսների համար՝ լավ քաղաքական վերլուծաբան և Հայաստանի լավագույն արձակագիր։ Նրա անունը կապվում է մի շարք քաղաքական սպանություննների, հետապնդումների, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ։

1966-1969 թվականներին Վանո Սիրադեղյանը ծառայել է ԽՍՀՄ բանակում։ 1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը և աշխատել է մի շարք պարբերականներում։ 1988 թվականից անդամակցում է ՀՀՇ կուսակցությանը։ Նույն թվականին անդամագրվել է «Ղարաբաղ կոմիտեին»՝ աստիճանաբար դառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի ակտիվ դերակատարներից։ Նույն թվականի դեկտեմբերին խորհրդային իրավապահ մարմինների կողմից կոմիտեի մի շարք անդամների հետ ձերբակալվում և բանտարկվում է մինչև 1989 թվականի մայիսը։ 1991-1992 թվականներին աշխատել է որպես Հայաստանի Հանրապետության նախագահի ներքին քաղաքականության և սոցիալական հարցերի խորհրդական։ 1992-1997 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարար, 1997-1998 թվականներին՝ Երևանի քաղաքապետ, գրեթե միաժամանակ՝ 1997-1999 թվականներին, ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր։
Վ. Սիրադեղյանը ՀՀՇ կուսակցության անդամ է, 1990-1992 և 1997–2000 ղեկավարել է կուսակցության վարչությունը։ Նրա հայտնի երկերն են՝
• Կիրակի (պատմվածքներ)

• Ծանր լույս (պատմվածքներ)

• Շատ չհամարվի

• Ձեռքդ ետ տար ցավի վրայից

• Գյադաների ժամանակը

• Երկիր Ցպահանջ

Posted in Գրականություն

Հայ հին և միջնադարյան գրականություն

Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը

378 թվականին Հայաստանը բաժանվեց Հռոմի և Պարսկաստանի միջև, իսկ 428 թվականին վերացավ հայոց թագավորությունը։ Այս իրավիճակում զգացվեց հայերեն գրեր ունենալու պահանջը։ Այդ հարցով մտահոգված էին Վռամշապուհ արքան և Սահակ Պարթևը։ Եվ այդ պատասխանատու գործը նրանք վստահում են Մեսրոպ Մաշտոցին։

Մաշտոցի մասին գրել է նրա աշակերտ Կորյունը, իր «Վարք Մաշտոցի»-ի մեջ։ Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 362 թվականին Տարոն գավառի Հացեկաց գյուղում։ Կրթություն ստացել է նախ Տարոնում, ապա Անտիոքում և Էջմիածնում՝ Ներսես Մեծ Վեհափառի մոտ։ Տիրապետել է հունարենին, ասորերենին, պարսկերենին։ 394-395 թվականներին նա ապրել է ճգնավորի կյանքով։ Մեծ գործից առաջ նա մաքրագործվել է։ Այս հարցով նրան օգնում էր Սահակ Պարթևը։ Նրանք միասին հղանում են հայ ժողովրդի համար այբուբեն ստեղծելու գաղափարը։ 405 թվականին Եդեսիայում նա ստեղծում է հայոց այբուբենը։ Տառերը ստեղծելուց անմիջապես հետո նա իր աշակերտների հետ սկսում է թարգմանել «Աստվածաշունչը»։ Ծնվում է հայերեն առաջին նախադասությունը․ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ․․․»։ Հետո Մաշտոցը սկսում է կրթական գործը։ Ըստ Կորյունի՝ Մաշտոցը ստեղծել է նաև վրացերենի և աղվաներենի տառերը։ Մաշտոցը վախճանվել է 440 թվականին 17-ին։ Թաղված է Օշականում։

Ագաթանգեղոս

Ագաթանգեղոսը համաշխարհային ճանաչման արժանացած պատմիչ է։ Նրանից մեզ հասել է «Պատմություն» գիրքը։ «Պատմության» առաջաբանից մեզ հայտնի է դառնում, որ նա ծնվել է Հռոմում։ Տիրապետել է լատիներենին և հունարենին։ Գիրքը բաղկացած է առաջաբանից և չորս գլուխներից, որոնց մեջ պատմվում է Հայաստանում քրիստոնեության ընդունման մասին։ Պատմվում է Գրիգոր Լուսավորչի, Տրդատ արքայի, Հռիփսիմյան կույսերի մասին։ Ներկայացվում է, թե ինչպես են հալածվել Հռիփսիմյան կույսերը և Գրիգոր Լուսավորիչը, և այսքանից հետո ինչպես է Տրդատը ընդունում քրիստոնեությունը։

Փավստոս Բուզանդ

Փաստերն ապացուցում են, որ Բուզանդն ազգությամբ հայ է, գրել է հայերեն և ապրել է 4-5 դարերում։ Նա գրել է «Հայոց պատմություն» գիրքը։ Բուզանդի գիրքն ընդգրկում է 319-384 թվականների 65 տարվա պատմությունը՝ Տրդատ Մեծի որդի Խոսրով Կոտակից մինչև Հայաստանի առաջին բաժանումը։ Պատմվում է Արշակունի թագավորների՝ Տիրանի, Արշակ Երկրորդի, Պապի, Վարազդատի, Արշակ Երրորդի և Խոսրով Չորրորդի մասին։ Բուզանդի գիրքն սկզբնաղբյուր է ծառայել նաև մեր հետագա պատմավիպասանության համար։

Եղիշե

Եղիշեն հայտնի է «Վարդանի և հայոց պատերազմի մասին» աշխատությամբ։ Գիրքը գրվել է Մամիկոնյան Դավթի երեցի պատվերով։ Ըստ գրքում թողած իր վկայությունների՝ ինքը՝ պատմիչը, մասնակցել է Ավարայրի ճակատամարտին։ Ավարայրի ճակատամարտը տեղի է ունեցել 451 թվականին, իսկ Եղիշեն իր պատմությունն ավարտել է 464 թվականին։ Եղիշեն գրում է, որ ոչ թե մի կողմը հաղթեց և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ ելան, և երկու կողմն էլ պարտվեց։ Եղիշեն ստեղծել է պատմական կերպարներ՝ Վարդան, Վասակ, Հազկերտ Երկրորդ և այլն։

Ղազար Փարպեցի

Ղազար Փարպեցին Ոսկեդարի վերջին պատմիչն է։ Ծնվել է Արագածոտն գավառի Փարպի գյուղում։ Նա հայտնի է «Հայոց պատմություն» և «Թուղթ Վահան Մամիկոնյանին։ Ստախոս աբեղաների մեղադրությունը» գործերով։ Փարպեցին «Հայոց պատմության» առաջին մասում շարադրում է Հայաստանի պատմության 387-428թթ․ իրադարձությունները։ Պատմության երկրորդ մասը նվիրված է Ավարայրի ճակատամարտին, երրորդը՝ 481-484թթ․ Վահանանց պատերազմին։ Նրա շարադրանքը ընդգրկում է շուրջ 100 տարվա պատմություն։

Մովսես Խորենացի

Մովսես Խորենացին 5-րդ դարի հայ մատենագրության ամենանշանավոր դեմքն է․ մեծարվել է «տիեզերահռչակ», «քերթողահայր», «պատմահայր» բնութագրումներով։ Նա գրել է «Հայոց պատմություն»գիրքը, որը ավարտվում է «Ողբ»-ով։ Պատմությունը բաղկացած է երեք գրքից։ Առաջին գիրքը «Հայոց մեծերի ծննդաբանությունը»-ն է, որը ընդգրկում է հայոց պատմությունն ամենասկզբից մինչև Ք․ծ․ա․ 132 թվականը։ Երկրորդ գիրքը՝ «Միջին պատմություն մեր նախնիների», ներկայացնում է հայոց պատմությունը Ք․ծ․ա․132 թվականից մինչև 318 թվականը։ Երրորդ գիրքը՝ «Մեր հայրենիքի պատմության ավարտը», ընդգրկում է 318-428 թթ․ իրադարձությունները։

Գրիգոր Նարեկացի

Ծնվել է 951 թվականին Անձևացյաց գավառում։ Նարեկացուց մեզ հասել է բավականին հարուստ ժառանգություն․ տաղեր՝ մեղեդիներ, գանձեր, հորդորակներ, ներբողներ, թուղթ, մեկնություն և «Մատյան ողբերգության» պոեմը։ Նրա խոսքը լեցուն է քրիստոնեական բազմապիսի խորհրդանշաններով, որոնց ակունքը «Աստվածաշունչ»-ն է։ Նա վախճանվել է 1003 թվականի փետրվարի 27-ին։ Թաղվել է Նարեկա վանքի Սուրբ Սանդուխտ եկեղեցու հարևանությամբ։

Սայաթ-Նովա

Սայաթ-Նովան միջնադարի վերջին բանաստեղծն է։ Ծնվել է Թիֆլիսում։ Նա աշուղ, երգիչ, երաժիշտ էր։ Սայաթ-Նովա նշանակում է Սայաթի թոռ, Որսկանի թոռ, երգի որսորդ։ Տիրապետել է չորս լեզվի՝ հայերեն, վրացերեն, թուրքերեն և պարսկերեն։ Նրա մասին հիշատակել է Գևորգ Ախվերդյանը։ Երբ նա վտարվում է պալատից, որտեղ նա արքունական երգիչ էր, դառնում է Գավառի ծխական քահանա։ Աքսորի ժամանակ նա ամուսնանում է և ունենում է չորս երեխա։

Posted in Գրականություն

Առակագրություն. Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի

Մխիթար Գոշ

Մխիթար Գոշը հայ առակագիր, մանկավարժ, հոգևորական, հասարակական գործիչ է։ Միջնադարում նրա մասին պատմվել են ավանդություններ, որոնց մեջ նա սրբացվել է։ Մխիթար Գոշը ծնվել է Գանձակում՝ թուրքերի տիրապետության շրջանում։ Սովորել է իր ծննդավայրում։ Չափահաս դառնալով՝ ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Աշակերտել է Հովհաննես Տավուշեցուն և ստացել վարդապետի կոչում։ Մխիթար Գոշից մեզ են հասել մոտ մեկ տասնյակ աշխատություններ։ Նա գրել է աղոթքներ, ճառեր, քարոզներ, մեկնաբանություններ, թղթեր, ժամանակագրություններ և այլն։ Գոշի թողած հսկայական ժառանգության մեջ, սակայն, առանձնանում են նրա «Առակների» ժողովածուն և «Դատաստանագիրքը»։ Նրա առակների նյութը հիմնականում հասարակական և կենցաղային խնդիրներն են, դասակարգերի, դասերի ու խավերի, անհատների փոխհարաբերության հարցերը, որոնք նոր էին հայ գրականության մեջ։ Նրա «Առակների» ժողովածուն պարունակում է 190 առակ, որոնք երեք գլխավոր բաժիններում դասավորված են որոշակի կարգով։ Մխիթար Գոշի առակներն առաջին անգամ հրատարակվել են 1790 թվականին Վենետիկում, թարգմանվել են ֆրանսերեն և ռուսերեն։

Վարդան Այգեկցի

Վարդան Այգեկցին միջնադարյան հայ մատենագիր, առակագիր, քարոզիչ, հասարակական գործիչ է։ Ծնվել է Հայոց Միջագետքի Տլուք գավառի Մարաթա հայաբնակ գյուղում, կրթություն ստացել է ծննդավայրում, ապա՝ Արքայակաղնի վանքում։ Ուսումն ավարտելուց հետո ձեռնադրվել է վարդապետ և զբաղվել քարոզչությամբ։ Այգեկ վանքում գրել է 22 ճառ, խրատական 5 թուղթ, կազմել է «Արմատ հավատո» ժողովածուն։ Իր խրատներով ու քարոզներով Վարդան Այգեկցին պայքարում էր դրամասիրության, գողության, ամբարտավանության, ոխակալության, հարբեցողության, մարդկային այլ արատների դեմ, քարոզում սեր և համերաշխություն։ Նա գրել է ավելի քան 30 առակ։ Ի տարբերություն Մխիթար Գոշի առակների՝ դրանք ներկայացված են առանց որևէ դասակարգման և չունեն բարոյախրատական եզրակացություններ։ 

Առակ

Առակը բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն է, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արատները։ Առակը բաղկացած է 2 մասից՝ սյուժեից և բարոյախոսությունից։ Սյուժեն դեպքերի սեղմ շարադրանքն է, իսկ բարոյախոսությունը՝ առակի վերջում արտահայտված եզրակացությունը։ Առակի հերոսը մարդն է, որի կյանքի, բնավորության հոռի և բացասական գծերը ծաղրվում են այլաբանորեն։ Առակներում կենդանիներն ու բույսերը խոսում են մարդկային լեզվով, աշխատում են, օգնում կամ խանգարում միմյանց։ Առակներում գովաբանվում և խրախուսվում են լավը, բարին, բարոյականությունը, ջանասիրությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, ընկերասիրությունը, գեղեցիկը, մարդկայինը և, ընդհակառակը, ծաղրվում ու դատապարտվում են վատը, չարը, տգեղն ու անմարդկայինը, դավաճանությունն ու վախկոտությունը։

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Մեքսիկացին: Վիլյամ Սարոյան

Մեքսիկացին

1.Ընտրե՛ք այն միտքը, որը Ձեր կարծիքով ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարներից է:

Նրանց շները երբեք չեն կծի։ Անգամ եթե ոտքով խփեիր: Նրանց հոգին լի է սիրով: Նույնն էլ մեքսիկացիներն են: Նրանց գողությունը երբեք լուրջ բան չի դառնում:

2.Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը:

Այս հատվածով Վիլյամ Սարոյանը նկարագրել է մեքսիկացիներին, նրանց բարությունը, միամտությունը, անկեղծությունն ու հավատարմությունը։ Նա նկարագրում է նաև շներին, որոնք նույնպես շատ բարի սիրտ ունեն։

3.Բառային աշխատանք։ Դուրս գրել անծանոթ բառերը, բացատրել բացատրակաան բառարանի օգնությամբ:

Էտել֊գարնանը վազերի մատերը, ինչպես և ծառերի ավելորդ ճյուղերն ու ոստերը կտրել-հեռացնել, հատել

Պեննի֊Ֆիննական մանրադրամ, հավաաար է 1/100 ֆրանկի:

4.Դուրս գրել հոմանիշ և հականիշ բառերի հինգական զույգ:

Հականիշներ

Դատարկ֊լիքը

Դանդաղ֊արագ

Անպետք֊պետքական

Քիչ֊շատ

Երիտասարդ֊ծեր, պառաված

Հոմանիշներ

Վախեցած֊սարսափած

Ուժեղ֊քաջ

Լուռ֊անձայն

որդի֊տղա

անպետք֊անօգուտ

Posted in Գրականություն

Ազատություն

Ազատությունը շատ նուրբ հասկացություն է, ինչի չարաշահումը կարող է վերածվել սանձարձակության։ Յուրաքանչյուրը այն յուրովի է ընկալում և դրսևորում։ Մի մասի համար դա կարող է ընկալվել, որպես խոսքի և արարքների ազատություն, մյուսի համար ինքնուրույն լինելը ընտանիքից անկախ։ Ըստ իս ազատությունը ինքնադրսևորման և ինքնաարտահայտման գլխավոր ու առաջին նախապայմանն է։ Ազատության շնորհիվ մենք կարողանում ենք գտնել և ճանաչել մեզ, մեր ցանկությունները։
Սակայն այս ամենը նույնպես միանշանակ չէ, քանի որ մուսուլմանական որոշ երկրներում մինչ օրս աթեիստության համար սահմանվում է մահապատիժ: Ըստ իս` ազատություն հասկացությունը մոտ է իրավունք հասկացությանը, սակայն վերջինս ենթադրում է իրավաբանական մեխանիզմի առկայություն`ազատությունը խախտող որոշակի արարքներից զերծ մնալու համար:
Այսպիսով` ազատությունը մարդու ինքնադրսևորման և ինքնաարտահայտման համար կարևորագույն նախապայման է, սակայն ինչպես յուրաքանչյուր երկրի ենթամշակույթում, այնպես էլ յուրաքանչյուր մարդու արժեհամակարգում այն տարբեր կերպ է ընկալվում և հասկացվում:

Posted in Գրականություն

Վիլյամ Սարոյան «Ընկերների մեղքով»

Սարոյանը հույս ուներ, որ այս պատմության մասին կգրեն իր ընկերները կամ Լոնգֆելոյի միջնակարգ դպրոցի տնօրենը, բայց երեսուն տարի անց հույսը կորցրեց և որոշեց, որ ինքը պետք է պատմի իր հռչակի մասին։

Այսպես, ուրեմն նա սովորում էր Լոնգֆելոյի միջնակարգ դպրոցում։ Այնտեղ ընդունված էր, որ ուսուցիչները պետք է հարցեր տան, իսկ աշակերտները պատասխանեն։ Սարոյանը իր հետաքրքրությամբ տարբերվում էր այնտեղ սովորող բոլոր աշակերտներից։ Նա առաջինն էր, որը համարձակվեց նկատողություն անել և հարց տալ ուսուցչուհուն։ Հարցին պատասխանելու փոխարեն ուսուցչուհին Սարոյանին տարավ տնօրենի մոտ։ Իր հետաքրքրության պատճառով Սարոյանը հայտնվեց մի մեծ պատմության մեջ։ Այս ամենի մասին նա պատմեց նաև իր քեռուն, որը նսեմացնում և սպառնում է ուսուցչուհուն և տնօրենին։ Սարոյանի համար տհաճ էր, որ իր իրավունքները պաշտպանելու համար ծաղրի էին ենթարկվել մյուսները։

Այսպիսով՝ պատմվածքը սովորեցնում է մեզ լինել ավելի ինքնավստահ և համարձակ, առանց վախենալու անել այն ամենը, ինչ համարում ենք ճիշտ և ուրիշների վրա հույս չդնել։

Posted in Գրականություն

«Պատվի համար» դրաման

«Պատվի համար»-ը Շիրվանզադեի դրամաներից է, որը նա գրել է 1904 թվականին։ Պիեսի հիման վրա 1956 թվականին «Երևան» կինոստուդիայում նկարահանվել է համանուն ֆիլմը։ 2020 թվականին Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը սկսել է «Պատվի համար» նոր տասնվեց մասից բաղկացած հեռուստասերիալի նկարահանումները։

Սյուժե

Էլիզբարովն ընկերոջ մահից հետո յուրացրել էր նրա ունեցվածքը՝ բախտի քմահաճույքին թողնելով ընկերոջ ընտանիքին։ Սակայն Օթարյանն ուսումն ավարտելուց հետո պահանջում է իրենց հասանելիքը՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը։ Էլիզբարովի կրտսեր դուստրը՝ Մարգարիտը, ցանկանում է վերականգնել արդարությունը, սակայն իրեն ու իր «պատիվը» պաշտպանելու համար Էլիզբարովը պատրաստ է ամեն ստորության. նա կրակն է նետում Օթարյանի փաստաթղթերը, որ Մարգարիտի մոտ էին։ Մարգարիտն Օթարյանին խոստացել էր վերադարձնել փաստաթղթերը, սակայն դրանք այրվեցին։ Հայրն այրեց իր աղջկա պատիվը. այսպես է մտածում Մարգարիտն ու ինքնասպանություն է գործում՝ չցանկանալով ապրել առանց պատվի։ Յուրաքանչյուրի մոտ պատիվ հասկացողությունը ընկալվում է յուրովի։ Էլիզբարյանի համար պատիվ է համարվում իր անունը, նա չի ուզում բոլորն իմանան, որ ինքը խաբեությամբ է հարստություն դիզել։ Բագրատը երազում է հզոր ֆինանսական սյուն դառնալ, Ռոզալիան անխնա վատնում է հոր փողերը։ Նրա համար կարևոր է միշտ լավ տեսք ունենալը։ Մարգարիտի համար կարևոր է ազնիվ լինելը։ Նա ազնիվ մարդ էր և կարևոր էր համարում թղթերը հետ վերադարձնելը, քանի որ դրանք միակ ապացույցներն էին, որ ուներ Օթարյանը։ Սակայն կա մի հանգամանք. Երբ հայրը կրակն է նետում փաստաթղթերը, Մարգարիտը չի ասում, թե հայրն այրեց փաստաթղթերը, այլ ասում է՝ հայրն այրեց իր պատիվը։ Նա Օթարյանին խոստացել էր վերադարձնել փաստաթղթերը, դրանք այրվեցին, այրվեց իր պատիվը, ուրեմն՝ չարժե ապրել առանց պատվի։ Նա ասում է՝ փաստաթղթերն ինքն է այրել, ինքնասպանությունից առաջ կամենալով փրկել գեթ հոր պատիվը, նույնիսկ այդ պահին նա պաշտպանում է հորը, նույնիսկ մահից րոպեններ առաջ։ Բայց, իհարկե, նրան ոչ ոք չի հավատում։ Բոլորը գիտեին, որ Մարգարիտը նման արարքի ընդունակ չէ։ Նա դուրս է գալիս, և րոպեններ հետո հայտնվում է Սուրենը ու ասում, որ Մարգարիտը ինքնասպան եղավ։ Բոլորի հայացքները փոխվում են։ Օթարյանը վազում է և տեսնում Մարգարիտին անշնչացած։ Բոլոր կերպարները վերցված են կյանքից։