Posted in Գրականություն

«Մի՞թե դժվար է» Հովհաննես Թումանյան

Հայոց Գրական Ընկերության առաջին երեկույթի բացմանը մեր գրեթե ամեն մի ուղղության ու ամեն հոսանքի մարդիկ միասին հավաքվեցին, միևնույն զգացմունքով, միևնույն անկեղծությամբ խոսեցին միևնույն առարկայի վրա հաշտ ու համերաշխ։ Էս երևույթը էնքան լավ էր ազդել մերոնցից շատերի վրա, որ չէին իմանում ինչպես արտահայտեն իրենց ուրախությունը, իսկ նրանց ուրախությունը էնքան ծանր է ազդել ինձ վրա, որ չեմ իմանում ինչպես հայտնեմ իմ վիշտը։

Մի՞թե հիրավի, միտք եմ անում ես, մենք էնքան ենք զուրկ առաքինություններից, որ մի լավ գործի մեջ էլ իրար կողքի կանգնելն ու միասին ուրախանալը պետք է էսքան մեզ զարմացնի ու էսքան ուրախացնի։

Եվ հեռու է տանում ինձ էս մտածմունքն ու ավելի մեծ է վիշտը։

Կյանքն՝ իր ամբողջության մեջ՝ մեծ է, շատ է մեծ։ Կյանքը— տիեզերական կյանքն է, և մարդու կյանքի ամբողջ վեհությունն ու քաղցրությունն էլ հենց էն է, որ իր շրջապատի միջոցով ապրի էն մեծ կյանքով։ Բայց մարդը սովորաբար չի կարողանում ապրել էն մեծ կյանքով, ապրում է միայն նրա մի մասով― մարդկության կյանքով։ Սակայն նույնիսկ դրանով― մարդկության կյանքով ապրելու էլ քչերն են ընդունակ։ Չէ՞ որ կյանքն ինչպես անսահման մեծ է, էնպես էլ փոքր է անսահման։ Եվ ահա ընդհանրապես ապրում են ավելի նեղ ու փոքրիկ կյանքերով։ Կա ազգային կյանք, պետական կյանք, դասակարգային կյանք, կուսակցական կյանք, ավելի ― նեղ թայֆայական կյանք ― թշնամու բանակների պես կանգնած իրար դեմ մինչև էն պստլիկ ես-ը… Էսպես էլ գնալով, գնալով էնքան է նեղանում ու նեղսոտանում, մինչև կտրում է մարդ արարածի ազատ շունչը ու բանն էնտեղ է հասնում, որ նույնիսկ իրար հարազատ մարդիկ զարմանում են, որ կարող են իրար կողքի կանգնել ու միասին ուրախանալ։

Ո՜վ ողորմելի ուրախություն, ի՜նչքան ցավալի բաներ ես ասում դու…

Բայց մի՞թե ճշմարիտ է, էդքանն էլ չկա մեր մեջը։ Մի՞թե անկարելի է լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալ։ Մի՞թե դեռ ժամանակը չի հասել, որ կարողանանք լինել ավելի լայն սիրտ, ավելի համբերատար, ավելի ներող ու սիրող, քան թե ենք։ Մենք շատ ենք քարացել չկամության ու չարակամության մեջ, շատ ենք ընտելացել ատելության մաղձի դառնությանը ու դարձել ենք ատելի. մի՞թե խորթ ու անմատչելի պիտի մնա մեզ սիրո պայծառ զգացմունքը, մի՞թե չենք կարող իրար մոտենալ, բարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ մեր լավ կողմերը, քանզի մարդ չկա, որ լավ կողմեր չունենա, ու էսպեսով էլ կյանքը դարձնել քաղցր ու սիրելի։

Մի՞թե դժվար է։

Ըստ իս՝ հոդվածը մարդկանց չկամության, չարակամության և անսիրտ լինելու մասին է։ Հեղինակը ինքն իրեն հարց է տալիս․ «Մի՞թե դժվար է»։ Մի՞թե դժվար է լինել ավելի կամեցող, կյանքին նայել պայծառ աչքերով, մարդկանց մեջ տեսնել նաև լավ կողմերը։ Հեղինակը հավաստիացնում է, որ չկա այնպիսի մարդ, որ չունենա լավ կողմեր։ Մարդիկ կարող են ունենալ տարբեր կարծիքներ ու համոզմունքներ։ Բայց մի՞թե հնարավոր չէ հարգել միմյանց կարծիքը, սիրել ու ընդունել միմյանց այսպիսին։ Թումանյանը գրում է, որ մարդը իր «էն մեծ կյանքը» կարող է ապրել միայն իր շրջապատի միջոցով։ Եթե մարդ չունի իրեն սիրող ու հարգող շրջապատ, ապա նա ապրում ու վայելում է իր կյանքի միայն մի մասը։ Այսպիսով՝ բոլորս էլ պետք է ձգտենք ավելի շատ ժամանակ անցկացնել մեր հարազատների ու ընկերների հետ, մարդկանց մեջ տեսնել նաև լավը, նվիրված և հարգող լինել։ Սա է երջանիկ լինելու գաղտնիքը։

Posted in Գրականություն

Անուշ

Բազմած լուսնի նուրբ շողերին,
Հովի թևին` թըռչելով`
Փերիները սարի գըլխին
Հավաքվեցին գիշերով:

-Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ,
Եկե՜ք, ջահել սիրահարի
Սերը ողբանք վաղամեռ:

Օխտն աղբյուրից ջուր է առել
Կույս սափորով , լուռ ու մունջ,
Օխտը ծաղկից ծաղիկ քաղել,
Կապել սիրո ծաղկեփունջ:

Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,
Խընդիրք արել աստղերին,
Փափագ սըրտով խընդիրք արել`
Բարի ժըպտան իր սերին…

Ափսո՜ս, Անու՜շ, սարի ծաղիկ,
Ափսո՜ս իգիթ քու յարին.
Ափսո՜ս բոյիդ թելիկ-մելիկ,
Ափսո՜ս էդ ծով աչքերին…

Ու նըրանց հետ` ցող-արցունքով
Լըցված սըրտերն ու աչեր`
Սարի ծաղկունք տըխուր սյուքով
Հառաչեցին էն գիշեր:

-Վուշ-վու՜շ, Անու՜շ, վուշ-վու՜շ, քուրի՜կ,
Վու՜շ քու սերին, քու յարին…
Վուշ-վու՜շ, Սարո՜, վուշ-վու՜շ, իգի՜թ,
Վու՜շ քու սիրած սարերին…

-Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ…
Երգում էին ողջ գիշեր:

Կանչում էին հըրաշալի
Հընչյուններով դյութական,
Ու հենց շողաց ցոլքն արևի`
Անտես, անհետ չըքացան:

Խոր սուզվեցին ակն աղբյուրի,
Մըտան կաղնին հաստաբուն,
Ու լեռնային վըտակների,
Ալիքները պաղպաջուն:

«Անուշ» պոեմը իրական կյանքից վերցված պատմություն է։ Պոեմը Անուշի և հովիվ Սարոյի փոխադարձ նվիրական սիրո մասին է։ Բայց սիրահար զույգի երջանկությունը երկար չի տևում ր անակնկալ խափանվում է հարսանիքի ժամանակ։ Սարոն, խախտելով «հնոց ադաթը», իր ընկերոջը՝ Անուշի եղբորը՝ Մոսիին, տապալում է։ Այդ ադաթի խախտմանը հետևում է այն, որ ընկերները թշնամանում են միմյանց հանդեպ: Ողջ գյուղի առաջ ամոթահար եղած, խորապես վիրավորված Մոսին որոշում է վրեժ լուծել Սարոյից։ Գտնելով Սարոյին՝ Մոսին սպանում է նրան։ Ժողովրդի հավատալիքների համաձայն Անուշի բախտը կանխորոշված էր արդեն «համբարձման տոնի» վիճակահանությամբ։ Աղջիկը արտաքսվում է հոր տնից և խելագարվում տանջանքներից ու վշտից։

Posted in Առցանց ուսուցում, Գրականություն

«Մահվան տեսիլ» ֆիլմը

Ֆիլմը այստեղ

Դիտեցի «Մահվան տեսիլ» ֆիլմը, որը նվիրված է հայ բանաստեղծ Եղիշե Չարենցին։ Ֆիլմում նկարագրվում է Չարենցի և իր ընտանիքի ապրումները։ Ֆիլմի սկզբում նրա ընտանիքին հյուրանոցի համարից դուրս հանելու դրվագն է։ Չարենցը, դա իմանալով, շատ է զայրանում։ Անմիջապես գալիս է ընտանիքի հետևից և ամբողջ ճանապարհին բարձր կրկնում է․ «Տեսեք, թե ինչպես են վարվել բանաստեղծի ընտանիքի հետ»։ Այդ դեպքից հետո նրանց է այցելում Խանջյանը, որը կարծես գիտեր, որ շուտով նրան սպանելու են։ Ասում էր Չարենցին, որ զգույշ մնա։ Հաջորդ օրը Չարենց իմանում է ընկերոջ մահվան մասին։ Այդ լուրը նա շատ ծանր է տանում։

Հետո ձերբակալում են նաև Չարենցին։ Բանաստեղծը բանտ գնալուց առաջ կնոջը խնդրում է, որպեսզի երեխաներին բերի, որ նա համբուրի։ Կինը հասկանում է, որ ցանկանում է հրաժեշտ տալ և ասում է, որ պետք չէ։ Բանաստեղծին մեղադրում էին հակահեղափոխական գործունեության ծավալման մեջ։ Նրան անվանում էին «ժողովրդի թշնամի»։ Բանտում Չարենցին հաջողվում է իր շապիկների վրա քիմիական մատիտով մի քանի բանաստեղծություններ գրել։ Չարենցը խնդրել էր կնոջը, որպեսզի նա վստահի Ռեգինային և ամբողջը տա նրան։ Այդ բոլոր բանաստեղծությունները հրատարակվեցին միայն այն ժամանակ, երբ արդեն Չարենցը արդարացվել էր։ Ձերբակալում են նաև կնոջը՝ Իզաբելլա Չարենցին։ Երկու երեխաներն էլ հայտնվում են որբանոցում։ Կինը արդարացվում է 1967 թվականին, սակայն հաջորդ տարի մահանում է։ Չարենցը վախճանվում է հենց բանտում։

Posted in Գրականություն

Թմկաբերդի առումը

ՆԱԽԵՐԳԱՆՔ

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։

Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։

«Թմկաբերդի առումը» պոեմը մարդու լավ ու բարի գործի փառաբանումն է։ Թումանյանը ձգտել է որքան հնարավոր է պատմական իրադարձության բնույթ հաղորդել պոեմին։ Թմկա տիրուհին պոեմի գլխավոր հերոսուհին է։ Տիրուհին միևնույն ժամանակ և՛ հերոսին անսահման ուժ և կարողություններ ներշնչողն է, և՛ նրան խորտակողը։

Ի՞նչը կհաղթի կյանքում հերոսին,

Թե չըլինին կինն ու գինին։

Պոեմի հիմնական իմաստը այն է, որ պետք չէ կատարել վատ գործ և հետագայում սերունդների անեծքին արժանանալ, այլ պետք է կատարես լավ գործեր, որպեսզի արժանանաս գովերքի և փառաբանության։

Posted in Առցանց ուսուցում, Գրականություն

Եղիշե Չարենց

Հետաքրքիր տեսանյութեր Եղիշե Չարենցի, նրա տան և բանաստեղծությունների մասին։

Image result for եղիշե չարենց

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. Եղիշե Չարենց

Եղիշե Չարենցի տունը Կարսում

Բանաստեղծությունները

Կարող եք դիտել նաև Փաստագրական ֆիլմ Եղիշե Չարենցի մասին

Posted in Գրականություն

Փարվանա

I
Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:
Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:
Փարվանա արքան մի աղջիկ ուներ,
Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:
Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
Ծերության օրերն ու սարերն իր հոր,
Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:
Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ:
Եկավ էն օրն էլ հասավ երջանիկ,
Ու ղըրկեց արքան ուրախ դեսպաններ
Ամեն մի ամրոց, ամեն արքունիք:
— Ո՜րտեղ է, ասավ, էն քաջը, թե կա,
Իմ չընաշխարհիկ դըստերն արժանի,
Թո՜ղ առնի իր ձին, իր զենքն ու զըրահ,
Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի…

***
Ասում են՝ էն թիթեռները,
Որ գիշերվա խավարում,
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում
Մեջն են ընկնում խելագար,
Ասում են, թե՝ էն Փարվանա
Ջահիլներն են սիրավառ:
Ըշտապելուաց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝
Մեջն են ընկնում անհամբեր.
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա…
Ու այրվում են, այրվո՛ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա:

Փարվանայի արքան չնաշխարհիկ, աննման գեղեցկությամբ մի աղջիկ ուներ։ Աղջկա ցանկությամբ արքան հրավիրում է Կովկասի բոլոր կտրիճներին, որպեսզի իրենց ուժն ու շնորհքը ցույց տան աղջկան։ Արքան պետք է որոշեր, թե նրանցից ով է արժանի իր աղջկա սիրուն։ Սակայն աղջկա համար կարևորը ուժն ու շնորհքը չէր։ Նա ցանկանում էր, որպեսզի կտրիճները ապացուցեն իրենց սերը նրա հանդեպ, ուզում էր, որ իր կողքին լինի այնպիսի մեկը, որը իրոք սիրում է նրան։ Մրցության եկած կտրիճներն աղջկան առաջարկում են «գանձ, ոսկի, արծաթ, անգին քարեր ու գոհարներ»: Բայց աղջիկը նման ոչ մի պայման չի ընդունում։ Իր ապագա կողակցից նա պահանջում է գտնել ու բերել սիրո անշեջ հուրը և այդ պայմանը կատարելու համար կտրիճները թռչում են աշխարհի չորս կողմը՝ փնտրելու և բերելու այն։ Աղջիկը սպասում է կարոտով, բայց ոչ մի կտրիճ չի կարողանում բերել երջանիկ սիրո անշեջ հուրը։

Այսպես երկար սպասելով՝ աղջկա հույսը մարում է, նա սկսում է լաց լինել, և նրա արտասուքից գոյանում է մի լիճ, որը ծածկում է քաղաքն ու ամրոցը։ Դա հայտնի Փարվանա լիճն է Վրաստանի Ջավախեթիի շրջանում։ Իսկ անշեջ հուրը փնտրող կտրիճները վերածվում են թիթեռների և մինչ օրս հուր և կրակ տեսնելով նետվում են նրա մեջ, որպեսզի տանեն Փարվանա գեղեցկուհու մոտ։

Posted in Առցանց ուսուցում, Գրականություն

Լուսամփոփի պես աղջիկ

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Չարենցը գրում է երկնային գեղեցկություն ունեցող մի աղջկա մասին։ Նրա կարծիքով աղջիկը ուներ աստվածամոր աչքեր։ Աղջկան նկարագրում է թոքախտավոր, թափանցիկ, կապույտ բառերով։ Գրում է, որ ակաթի ու կաթի պես, լուսամփոփի պես գեղեցիկ է աղջիկը։ Չարենցը մտավախություն ուներ, որ իր հոգին կարող է մեռնի աղջկա ակաթե աչքերում։ Հարցնում է աղջկան, թե ինչպես անի, որ չմարի ու չցնդի իր հոգին նրա աչքերում։ Ըստ իս՝ Չարենցը այս բանաստեղծությունում աղջկա կերպարով ներկայացրել է Հայաստանը։ Հայաստանը գեղեցիկ ու չքնաղ է, բայց միևնույն ժամանակ հիվանդ է։

Posted in Առցանց ուսուցում, Գրականություն

Մորս համար գազել

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
 
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց –
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

Բանաստեղծությունը հեղինակի մոր մասին է։ Չարենցը շատ է սիրել ու հարգել իր մորը։ Չարենցը հիշում է մոր ծեր դեմքը, խորշումներ ու գծերը։ Հիշում է, թե ինչպես էր մայրը լուռ ու տխուր նստել տան դիմաց և հիշում հին օրերը։ Որդին հեռացել էր, և մայրը անգամ չգիտեր նա ողջ է, թե մեռած։ Մոր համար շատ բարդ էր ընդունել այն, որ իր որդին ապրում է օտարության մեջ։ Մայրը լաց է լինում և դառնաղի արցունքները ընկնում են նրա ծեր ձեռքերի վրա։