Posted in Գրականություն

«Պատվի համար» դրաման

«Պատվի համար»-ը Շիրվանզադեի դրամաներից է, որը նա գրել է 1904 թվականին։ Պիեսի հիման վրա 1956 թվականին «Երևան» կինոստուդիայում նկարահանվել է համանուն ֆիլմը։ 2020 թվականին Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը սկսել է «Պատվի համար» նոր տասնվեց մասից բաղկացած հեռուստասերիալի նկարահանումները։

Սյուժե

Էլիզբարովն ընկերոջ մահից հետո յուրացրել էր նրա ունեցվածքը՝ բախտի քմահաճույքին թողնելով ընկերոջ ընտանիքին։ Սակայն Օթարյանն ուսումն ավարտելուց հետո պահանջում է իրենց հասանելիքը՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը։ Էլիզբարովի կրտսեր դուստրը՝ Մարգարիտը, ցանկանում է վերականգնել արդարությունը, սակայն իրեն ու իր «պատիվը» պաշտպանելու համար Էլիզբարովը պատրաստ է ամեն ստորության. նա կրակն է նետում Օթարյանի փաստաթղթերը, որ Մարգարիտի մոտ էին։ Մարգարիտն Օթարյանին խոստացել էր վերադարձնել փաստաթղթերը, սակայն դրանք այրվեցին։ Հայրն այրեց իր աղջկա պատիվը. այսպես է մտածում Մարգարիտն ու ինքնասպանություն է գործում՝ չցանկանալով ապրել առանց պատվի։ Յուրաքանչյուրի մոտ պատիվ հասկացողությունը ընկալվում է յուրովի։ Էլիզբարյանի համար պատիվ է համարվում իր անունը, նա չի ուզում բոլորն իմանան, որ ինքը խաբեությամբ է հարստություն դիզել։ Բագրատը երազում է հզոր ֆինանսական սյուն դառնալ, Ռոզալիան անխնա վատնում է հոր փողերը։ Նրա համար կարևոր է միշտ լավ տեսք ունենալը։ Մարգարիտի համար կարևոր է ազնիվ լինելը։ Նա ազնիվ մարդ էր և կարևոր էր համարում թղթերը հետ վերադարձնելը, քանի որ դրանք միակ ապացույցներն էին, որ ուներ Օթարյանը։ Սակայն կա մի հանգամանք. Երբ հայրը կրակն է նետում փաստաթղթերը, Մարգարիտը չի ասում, թե հայրն այրեց փաստաթղթերը, այլ ասում է՝ հայրն այրեց իր պատիվը։ Նա Օթարյանին խոստացել էր վերադարձնել փաստաթղթերը, դրանք այրվեցին, այրվեց իր պատիվը, ուրեմն՝ չարժե ապրել առանց պատվի։ Նա ասում է՝ փաստաթղթերն ինքն է այրել, ինքնասպանությունից առաջ կամենալով փրկել գեթ հոր պատիվը, նույնիսկ այդ պահին նա պաշտպանում է հորը, նույնիսկ մահից րոպեններ առաջ։ Բայց, իհարկե, նրան ոչ ոք չի հավատում։ Բոլորը գիտեին, որ Մարգարիտը նման արարքի ընդունակ չէ։ Նա դուրս է գալիս, և րոպեններ հետո հայտնվում է Սուրենը ու ասում, որ Մարգարիտը ինքնասպան եղավ։ Բոլորի հայացքները փոխվում են։ Օթարյանը վազում է և տեսնում Մարգարիտին անշնչացած։ Բոլոր կերպարները վերցված են կյանքից։

Posted in Գրականություն

«Քաոս» վեպը

«Քաոս»-ը հայ գրող Ալեքսանդր Շիրվանզադեի սոցիալական ռեալիստական վեպն է։ Հիմնված է իրական փաստերի վրա։ Առանձին գրքով լույս է տեսել 1898 թվականին։ Վեպի գործողությունները տեղի են ունենում Բաքվում, 19-րդ դարի վերջին։

Սյուժե

Վեպը սկսվում է Մարկոս աղա Ալիմյանի մահվան տեսարանով։ Նրա հարստությունը թողած կտակով մնում է ավագ որդուն՝ Սմբատին, իսկ միջնեկ որդին՝ Միքայելը, կարող էր բաժին ստանալ միայն այն դեպքում, եթե ետ գար և ամուսնանար հայ աղջկա հետ։ Կտակի երկրորդ ամենակարևոր հատվածն այն էր, որ Սմբատի երեխաները իրավունք ունեին հարստությունը ժառանգել միայն այն դեպքում, երբ Սմբատը բաժանվի իր ռուս կնոջից։ Սմբատն հոր հարստությունը համարում էր անարդար վաստակ։ Սակայն նա իր երբեմնի իդեալները «թաղում է նավթահորերի մեջ» և դառնում տիպիկ բուրժուա գործարանատեր։ Վեպում Սմբատի անկումը լիակատար է, նա սկսում է նույնիսկ այցելել Միքայելի և Արշակի հաճախած շրջանները՝ հյուրանոցների արբեցուցիչ մթնոլորտում փնտրելով ժամանակավոր մոռացում։ Բարդանում են նաև նրա հարաբերությունները կնոջ՝ Անտոնինա Իվանովնայի հետ։ Բաքու գալուց հետո Անտոնինան հարազատ է մնում նախկին համոզմունքներին, իսկ Սմբատը դառնում է բոլորովին այլ մարդ։ Միքայելը բուրժուական «ոսկի երիտասարդության» ներկայացուցիչ է, ցանկասեր և փչացած մի անձնավորություն։ Սակայն հեղինակը, վերափոխելով նրա կերպարը, դարձնում է նրան կարգին մարդ։ Միքայելին առաջին անգամ ցնցում է Անուշի եղբոր՝ Գրիշայի ապտակը, երկրորդ ապտակը նա ստանում է Շուշանիկից, այնուհետև նա մի քանի անգամ ծեծվում է, դրան ավելանում են Շուշանիկի սերը և ավագ եղբոր խրատները, ու Միքայելը միանգամայն վերափոխվում է։ Դա է փաստում նաև այն, որ վեպի վերջում հրդեհի ժամանակ Սմբատը փող է խոստանում Շուշանիկի հորն ազատողին, իսկ Միքայելը, կյանքը վտանգի ենթարկելով, ինքն է մտնում բոցերի մեջ և ազատում նրան։ Ալիմյանի կրտսեր որդին՝ տասնվեցամյա Արշակը, նույնպես դարձել է «կյանքը սիրողներից»։ Հաջողված կերպար է նաև Ալիմյանների փեսան՝ Մարութխանյանը։ Նա համոզում է Միքայելին ստեղծել «կոնտր-կտակ», որի միջոցով կարող էր հոր ժառանգությունը վերցնել իրեն։ Սկզբում Միքայելը համաձայնվում է, բայց հետո զղջում է և հետ կանգնում։ Վեպն ավարտվում է Միքայելի և Շուշանիկի միությամբ և Սմբատի լիարժեք կործանմամբ։

Posted in Գրականություն

Ալեքսանդր Շիրվանզադե

Հայ գրող, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեի (1858թ. ապրիլի 18 – 1935թ.) ստեղծագործությունը հայ ռեալիստական գրականության բարձրագույն նվաճումներից է, այն նոր շրջան է սկզբնավորել հայ գեղարվեստական մտածողության, մասնավորապես՝ հոգեբանական արձակի և դրամատուրգիայի պատմության մեջ:

Ալեքսանդր Շիրվանզադեն (իսկական ազգանունը՝ Մովսիսյան) սովորել է Շամախիի հայոց թեմական և ռուսական գավառական երկդասյան դպրոցներում: Հոր անսպասելի սնանկացման պատճառով պատանին ստիպված թողել է ուսումը և աշխատել:

1875թ. մեկնել է Բաքու և 3 տարի աշխատել որպես գրագրի օգնական՝ ականատես լինելով շահի ու կողոպուտի համար մղվող մրցավազքին: Այդ տարիներին նրա կյանքում մեծ դեր է ունեցել մորաքրոջ որդին՝ դերասան Հովհաննես Աբելյանը: Աբելյանների տանը նա ծանոթացել է հայ և համաշխարհային գրականությանը, մամուլին, ճանաչել հայ ականավոր գործիչների:

1878 թ.-ից Շիրվանզադեն թղթակցել է հայկական և ռուսական մամուլին, կատարել գրական առաջին փորձերը: 1883թ. տեղափոխվել է Թիֆլիս: Նույն թվականին «Մշակ» թերթում տպագրվել է նրա առաջին գեղարվեստական ստեղծագործությունը՝ «Հրդեհ նավթագործարանում» պատմվածքը, այնուհետև «Գործակատարի հիշատակարանից» վիպակը:

1884թ. «Արձագանք» շաբաթաթերթում լույս է տեսել «Խնամատար» վիպակը, 1885թ.՝ «Նամուս» վեպը, որով և հայտնի է դարձել: Վեպում նա պատկերել է գավառական քաղաքի սոցիալ-հոգեբանական մթնոլորտը և հետամնաց միջավայրը, որին զոհ են գնում հերոսները:

1886-91թթ. Շիրվանզադեն եղել է «Արձագանք» պարբերականի քարտուղարը: Տպագրել է «Ֆաթման և Ասադը» (1888թ.), «Տասնուհինգ տարի անց» (1890թ.) նովելները, «Արամբին» (1888թ.), «Զուր հույսեր» (1890թ.) վեպերը՝ շարունակելով «Նամուս»-ում շոշափած թեմաները:

Գրողը ցավով նկատում է, որ արագորեն վերանում են ավանդական հարաբերությունները, ոչնչանում է մարդկանց հոգեհարազատությունը, փողը խաթարել է բարոյական արժեքները՝ բազմաթիվ ազնիվ հոգիների դատապարտելով տառապալի կյանքի: 1895-96թթ. հայերի կոտորածների ժամանակ գրողը պաշտպանել է Հայ դատը, որի պատճառով ցարական կառավարությունը նրան ձերբակալել է:

XIX դարի 90-ական թվականներին Շիրվանզադեն գրել է «Արսեն Դիմաքսյան» (1893թ.) վեպը, «Ցավագարը» («Չար ոգի», 1894թ.), «Կրակ» (1896թ.) վիպակները, իսկ 1896-97թթ.՝ «Քաոսը», որը հայ ռեալիստական վեպի գլուխգործոցն է թե´ գեղարվեստական, թե´ գաղափարական առումով:

Վեպի առանցքը Բաքվի մի նշանավոր գերդաստանի պատմությունն է. «Գոյացել էր մի այլանդակ քաոս, ուր սերը դեպի ոսկին ջնջել ու անհետացրել էր լույսը խավարից, բարոյականն անբարոյականից զատող բոլոր գծերը… Միջավայրն արտաքուստ փայլուն էր, ներքուստ՝ այլանդակ ու ծայրաստիճան վտանգավոր»:

Բացառիկ է Շիրվանզադեի դերը XX դարի սկզբի հայ դրամատուրգիայի և թատրոնի պատմության մեջ: Հանդես է եկել Պետրոս Ադամյանի, Սիրանույշի, Հովհաննես Աբելյանի և ուրիշների մասին հոդվածներով, գրել է «Մելանիա» (1899թ.), «Արտիստը» (1901թ.) վիպակները, «Վարդան Ահրումյան» (1902թ.) վեպի առաջին մասը, դրամատիկական գործեր՝ «Եվգինե», «Ունե՞ր իրավունք» (երկուսն էլ՝ 1903թ.), «Պատվի համար» (1905թ.):

Վերջինիս նյութը, ինչպես «Քաոսում», քաղված է մի ընտանիքի պատմությունից, որին գրողը հաղորդել է հոգեբանական հարստություն և խոր իմաստ: Ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը, հակադրվելով և պախարակելով մեկը մյուսին, ներկայացնում է իր միջավայրը: Հետագա տարիներին լույս են տեսել «Կործանվածը» (1909թ.), «Ավերակների վրա» (1911թ.), «Արհավիրքի օրերին» (1917թ.) դրամաները, «Շառլատանը» (1912թ.) կատակերգությունը և այլ գործեր:

1905-10թթ. Շիրվանզադեն ապրել է Փարիզում: Առաջին աշխարհամարտը (1914-18թթ.) և հայ ժողովրդի արևմտյան հատվածի եղեռնը ծանր տպավորություն են թողել գրողի վրա: Բազմաթիվ հոդվածներում, նամակներում ու գրական երկերում նա բացահայտել է հայերի կոտորածների բուն պատճառները, մերկացրել թուրքական իշխանությունների անմարդկային արարքները, մեծ տերությունների խարդավանքները:

1916թ. նա Հովհաննես Թումանյանի հետ եղել է ժամանակավորապես ազատագրված Արևմտյան Հայաստանում: 1919թ. բուժման նպատակով դարձյալ մեկնել է արտասահման: 1926թ. գրողը հաստատվել է Երևանում: Գրել է «Մորգանի խնամին» (1930թ.) կատակերգությունը, ամբողջացրել «Կյանքի բովից» երկհատոր հուշագրությունը (1932թ.), հրատարակության պատրաստել իր երկերը (8 հատոր, 1929-34թթ.), վերամշակել մի շարք գործեր:

Շիրվանզադեն արժանացել է Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդական գրողի (1930թ.), Անդրկովկասի մշակույթի վաստակավոր գործչի կոչումների: Գրողի բազմաթիվ ստեղծագործություններ բեմադրվել են հայ թատրոնում, նրա երկերի հիման վրա Հայֆիլմում նկարահանվել են «Նամուս» (1925թ.), «Չար ոգի» (1927թ.), «Պատվի համար» (1956թ.), «Մորգանի խնամին» (1970թ.), «Քաոս» (1973թ.) կինոնկարները:

Posted in Քաղաքագիտություն

Քաղաքագիտությունը որպես գիտություն

Քաղաքագիտությունը կամ քաղաքական գիտությունը գիտություն է քաղաքականության վերաբերյալ, ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների, պետության և այլ կառույցների հետ, ուսումնասիրում է նաև պետության վարած քաղաքականությունը և դրա նպատակահարմարությունը առանձին ոլորտներում։ 
Երբ խոսում ենք քաղաքագիտության, իբրև գիտության մասին, ապա օբյեկտիվորեն հարց է ծագում, թե արդյո՞ք հասարակության քաղաքական կյանքը, քաղաքական իշխանության ու քաղաքական գործընթացների հետազոտությունը կարելի է համարել գիտություն։ Դրան պատադխանելուց առաջ պետք է հասկանալ, թե ինչ է գիտությունը։ Գիտությունը դա ճանաչողական գործունեության հատուկ տեսակ է, որը ուղղված է ` բնության, հասարակության և մտածելակերպի վերաբերյալ օբյեկտիվ, համակարգված և հիմնավորված գիտելիքների ստացմանը, ճշտմանը և ստեղծմանը։ Այս գործունեության հիմքը գիտական փաստերի հավաքածուն է, նրանց պարբերաբար թարմացումը և համակարգումը, կրիտիկական վերլուծությունը և այդ հիմքի վրա նոր գիտական գիտելիքների սինթեզը կամ ամփոփումը գիտնականների կողմից։ Քաղաքագիտության շատ բնագավառներ չափումների չեն ենթարկվում։ Օրինակ, ինչո՞ւ և ինչպե՞ս են ընդունվում քաղաքական որոշումները, ինչո՞ւ են քաղաքացիները ենթարկվում կամ երբեմն էլ չեն ենթարկվում այդ որոշումներին։ Բացի այդ, բազմաթիվ որոշումներ ընդունվում են գաղտնի։ Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ քաղաքագիտությունը չի կարող նմանվել բնական գիտություններին, գիտության կարգավիճակ ունենալ։ Նրա այն մասը, որտեղ կարող ենք ստանալ թվեր, քանակական հստակ տվյալներ, ասենք, հասարակական կարծիքի, ընտրությունների արդյունքների և այլ հարցերի վերաբերյալ իրոք կարող է նմանվել բնական գիտություններին։ Այսինքն` քաղաքագիտության մի մասը կարող է համարվել գիտություն։

Posted in Քաղաքագիտություն

Հայաստանը 5 տարի անց

Լավատեսական

Հայաստանի վիճակը կլինի կայուն։ Կունենանք ուժեղ ղեկավար, կայուն ներքաղաքական վիճակ։ Որոշ չափով կբարելավվի հարաբերությունները հարևանների հետ։ Բնակչությունը կգտնվի ապահով վիճակում և արտագաղթը կնվազի։ Դրամը կարժևորվի։ Տնտեսությունը կզարգանա։

Իրատեսական

Ըստ իս սա ամենադժվարն է պատկերացնելը, քանի որ որ ոք չի կարող հստակ ասել, թե ինչ կարող է լինել ապագայում։ Ամեն փոքր փոփոխություն կարող է մեծ ազդեցություն ունենա հետագա քայլերի վրա։ Իմ կարծիքով իրատեսականը դա լավատեսականի և հոռատեսականի միախառնումն է։ Ոչ շատ լավ, ոչ շատ վատ։ Հայաստանը մեծ մասամբ կախված կլինի Ռուսաստանից և նրա որոշումներից։ Հարևանների հետ հարաբերությունները իմ կարծիքով շատ փոփոխության չի ենթարկվի։ Վստահ եմ, որ կլինի արտագաղթ։ Ըստ իս ավելի շատ, քան հիմա։ Տնտեսությունը հնարավոր է անկում ապրի։

Հոռատեսական

Ետ կգան նախկին իշխանությունները։ Հնարավոր է սկսի պատերազմ, որի արդյունքում Հայաստանը կմիանա Ռուսաստանի կամ Ադրբեջանի կազմին։ Ադրբեջանի կազմին միանալու դեպքում Հայաստանի բնակչությանը մեծ վտանգ կսպառնի։ Կսկսվի արտագաղթ։ Տնտեսությունը անկում կապրի, կքայքայվի։

Posted in Քաղաքագիտություն

Ներկա իշխանության սխալները

Քաղաքագիտության տեսանկյունից ինչ սխալներ է թույլ տվել ներկա իշխանությունը և թույլ են տալիս ընդդիմադիր ուժերը։


Ըստ իս գլխավոր սխալը թավշյա հեղափոխությունն էր, քանի որ դրա պատճառով չկարողացան այսպես ասած “բռի մեջ” պահել ժողովրդին։ Ինձ թվում է ամեն ինչ պետք է լիներ չափի մեջ։ Հաջորդ սխալը վարչապետի ընտրությունն էր։ Ըստ ինձ՝ նա բավականին թույլ էր վարչապետ լինելու և երկիրը ղեկավարելու համար։ Իշխանավորը պետք է հարգվի հանրության գերակշռող մասի կողմից, բայց միշտ չէ, որ այդպես կարող են ճիշտ ընտրություն կատարել ղեկավարի հարցում։ Դրա վառ օրինակը հենց ներկայիս իշխանության ընտրությունն էր։ Սխալվեցին նաև այն հարցում, որ միշտ ցանկանում էին բավարարել ժողովրդի մեծամասնությանը։ Պետք չէ միշտ լինել “սիրված լինելու” կոմֆորտ զոնայում։ Ըստ իս՝ նաև սխալ էր ամեն որոշում կայացնելուց հետո արդարանալը։ Արդարանալը անիմաստ է, քանի որ որոշումը արդեն կայացված է և արդարանալով ցույց ես տալիս քո թույլ կողմերը։ Թեև ներկայիս իշխանությունը իր գրեթե բոլոր քայլերից հետո արդարանում է, երբեմն նաև իրեն արդարացնելու համար մեղքը գցում է ուրիշների վրա, որը ըստ իս նույնպես մել սխալ է։


Posted in Իրավունք

ՀՀ Ազգային ժողով

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմինն է։ Հիմնադրվել է 1918 թվականի օգոստոսի 1֊ին։

1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանն իրեն հռչակեց անկախ պետություն։ Ձևավորվեց երկրի բարձրագույն իշխանության մարմինը՝ Հայաստանի խորհրդարանը։ 1990 թվականին Հայաստանի Գերագույն խորհուրդը (260 պատգամավոր) ձևավորվեց մեծամասնական ընտրակարգով՝ 2 փուլով՝ մայիսի 20-ին և հունիսի 3-ին։ Նոր խորհրդարանում ներկայացվեցին երկու քաղաքական ուժեր՝ ՀՀՇ-ն և Հայաստանի կոմունիստական կուսակցությունը։ Պատգամավորական խմբերն էին՝ «Հանրապետություն», «Արցախ», «Լիբերալ-դեմոկրատներ», «Ազգային առաջադիմություն», ՀՅԴ-ն վերակազմակերպվեց պատգամավորական խմբի։ 1990 թվականի օգոստոսի 4-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի հռչակվեց անկախ հանրապետություն։ 1991 թվականի հոկտեմբերի 16-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց նախագահ, իսկ ԳԽ նախագահ դարձավ Բաբկեն Արարքցյանը։ 1995 թվականի հուլիսի 5-ին ընդուննվեց Հայաստանի Սահմանադրությունը։ Նույն օրն անցկացվեցին նաև Հայաստանի Ազգային ժողովի առաջին գումարման ընտրությունները։

Առաջին գումարման խորհրդարան (1995)

190 պատգամավոր, որոնցից 150-ը ընտրվել են մեծամասնական համակարգով, իսկ 40-ը՝ կուսակցական ցուցակներով։

Երկրորդ գումարման խորհրդարան (1999)

131 պատգամավոր, որոնցից 75-ն ընտրվել են մեծամասնական համակարգով, 56-ը՝ կուսակցական ցուցակներով։

Երրորդ գումարման խորհրդարան (2003)

131 պատգամավոր, որոնցից 56 ընտրվել են մեծամասնական համակարգով, 75-ը՝ կուսակցական ցուցակներով։

Չորրորդ գումարման խորհրդարան (2007)

131 պատգամավոր, որոնցից 41֊ն ընտրվել է մեծամասնական համակարգով, 90-ը՝ կուսակցական ցուցակներով։ Ընտրությունների արդյուքնով 131 պատգամավորական մանդատներից 65 տեղ ստացավ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 25 տեղ, ՀՅԴ-ն՝ 16 տեղ, «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ 8 տեղ, «Ժառանգություն» կուսակցությունը՝ 7 տեղ, «Դաշինք» կուսակցությունը՝ 1 տեղ (մեծամասնական ընտրակարգով ընտրված), անկախ պատգամավորները՝ 10 տեղ։

Հինգերորդ գումարման խորհրդարան (2012)

2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 8 կուսակցություն և կուսակցական խմբակցություն, որոնք պայքարում էին Ազգային ժողովում համամասնական ընտրակարգով բաշխվող 90 մանդատների համար։ Մեծամասնական ընտրակարգով բաշխվող 41 մանդատների համար պայքարում էր 137 թեկնածու։

Խորհրդարանական ընտրություններում քվեարկությանը մասնակցեց 1 572 858 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 62,33 %-ը։ Համապետական խորհրդարանական ընտրություններին կարող էր մասնակցել 2,594 միլիոն ընտրող։

Վեցերորդ գումարման խորհրդարան (2017)

2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 9 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 5 կուսակցություն։

Համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի, վեցերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավորների 50 %-ը անցել են համամասնական ցուցակով, իսկ մյուս 50%՝ վարկանիշային ընտրակարգով։

Posted in Español

Վալենսիա

  • Իսպանիայի երրորդ ամենամեծ քաղաքն է Մադրիդից և Բարսելոնայից հետո
  • Ունի մոտ 800.000 բնակիչ, իր արվարձաններով՝ 1,5 միլիոն բնակիչ
  • Վալենսիայի նավահանգիստը 5-րդն է իր զբաղվածությամբ Եվրոպայում և ամենազբաղվածը Միջերկրական ծովի ափին
  • Քաղաքը հիմնականում իսպանախոս է
  • Վալենսիայում կա 4 համալսարան, որոնցից 2-ը պետական են։

Պատմությունն ու տնտեսությունը

Քաղաքը հիմնել են հռոմեացիները մ․թ․ա 138 թվականին։ Նախկինում այդտեղ կարթագենցիների և հույների բնակատեղիներ էին։ 714 թվականին քաղաքը գրավում են մավրերը և միայն  1238 թվականին քաղաքը վերջնականապես ազատագրվում է մավրերից։ 1936-1939 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ քաղաքը եղել է հանրապետական կառավարության նստավայր, փաստորեն՝ Իսպանիայի ժամանակավոր մայրաքաղաք։

Պատմական քաղաքը եղել է տեքստիլ արդյունաբերության և առևտրի կենտրոն։ Ժամանակակից փուլում Վալենսիայի արվարձաններում տեղակայված են բազմաթիվ ձեռնարկություններ, ինչպիսին է Ֆորդի գործարանը։ Քաղաքը համարվում է նաև զբոսաշրջության կենտրոն։

Արձակուրդներն ու ավանդույթները

Հիմնական տոնը ՝ Ֆալլասը, նշվում է Սուրբ Ջոզեֆի օրվան նախորդող շաբաթվա ընթացքում (մարտի 19)։ Սա պապիե-մաչեից պատրաստված հսկայական քանդակների մրցույթ է, որը խորհրդանշում է մարդկային տարբեր արատներ, որոնք այրվում են տոնի վերջին գիշերը։ Շաբաթվա ընթացքում անցկացվում են նաև հրավառություններ, տարբեր մրցույթներ, շքերթներ, ինչպես նաև ամենօրյա ցլամարտ լավագույն մատրադորների մասնակցությամբ։

Posted in Գրականություն

Ալպիական մանուշակ/Սյուժեն

Երեք ձիավոր բարձրանում են դեպի Կաքավաբերդ։ Նրանցից մեկը հնագետ էր, երկրորդը՝ նկարիչ, իսկ երրորդն ուղեկցում էր նրանց։ Հնագետը երկար շրջեց բերդում, գտավ Բակուր իշխանի դամբանը։ Նկարիչը հնագետին անհրաժեշտ նկարներն անելուց հետո, նկարեց նաև պարսպի մի հատված ու պարսպի տակ բուսած ալպիկան մանուշակներ։ Պատմվածքում նկարագրվում է լեռնային Հայաստանի պատկերը՝ ավերակ բերդերով, ալպիական ծաղիկների գեղեցկությամբ, գյուղական կենցաղին բնորոշ տեսարաններով։ Պատմվածքը սովորական իմաստով սյուժե չունի, բայց նրա գաղափարը շատ խորն է։ Պատմվածքը դիտել ու գնահատել են տարբեր տեսանկյուններից։ Համարել են «Նոր գյուղի ու կենցաղի պատկեր ու հին մնացուկների քննադատություն»։ Բայց դա ճիշտ չէ։ Բակունցի նման բծախնդիր արվեստագետը, որ սիրում է քչով շատ բան ասել, խտացնել իր մտքերը, պատմվածքում յուրատեսակ ձևով կրկնում է հետևյալ ռեֆրենը. «ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք էր թվում էր, աշխարհը ծիրանագույն բուրաստան»։ Վերադրարձին նրանք մոտիկ բնակավայրի մի վրանի մոտ իջան ձիերից և թեյ խնդրեցին։ Մինչ կինը թեյ էր պատրաստում, նկարիչը հիշեց մի կնոջ, որն այնքան նման էր այս կնոջը։

Կերպարները

Գյուղ են գալիս հնագետը, նկարիչը և նրանց հետ է նաև ուղեկցորդը։ Նրանք էլ հենց պատմվածքի հերոսներն են։ «Ալպիական մանուշակում» պատկերվում է իրականության և արվեստագետների հանդիպումը։ Նկարիչը զգայուն խառնվածքով մարդ է։ Նա Կաքավաբերդ է եկել որպեսզի նկարի բնության գեղեցկությունը։ Նրա մեջ արթնանում են գեղեցիկ հուշեր` որպես մեկ այլ կնոջ լրացում։ Նկարիչը կնոջ այդ գեղեցկության մեջ չի նկատում, որ նա հոգսեր ունի, ընկճված է։ Կաքավաբերդից նկարիչը տանում է իր հետ գեղեցիկ տպավորություն ու մի նոր կտավ։ Իր հոգեբանությամբ և մոտեցումով նա հարազատ է պատմվածքի սկզբին և վերջնամասի ռեֆրեններով խորհրդամշվող գեղեցիկի այն ընկալմանը, ըստ որի` «բուրմունքից արբեցած բզեզին» մանուշակը ճոճք էր թվում էր, աշխարհը` ծիրանագույն բուրաստան։ «Բուրմունքից արբեցած բզեզի» մյուս տարբերակը հնագետն է։ Եթե նկարչի համար անցյալը առնչվում է այսօրին, ապա հնագետի համար գոյություն ունի միայն անցյալի գեղեցիկը։ Սա ևս փնտրում է գեղեցիկը, սակայն անցած գնացած գեղեցիկը։ Նա կոխոտում է նուրբ ու քնքուշ ալպիական մանուշակները՝ չտեսնելով նրանց քնքշությունը։ Հնագետը չոր, միայն իր մասնագիտությամբ հետաքրքրվող մարդ է։ Նկարիչը և հնագետը պատմվածքում կերպարներ են փոխաբերական իմաստով։ Ակսել Բակունցը նկարչի և հնագետի կերպարներով ցանկացել է բնութագրել այն արվեստագետներին, որոնք աշխարհին նայում են բզեզի աչքերով։ Չեն տեսնում իրականությունը։ Նրանք եկան, տեսան միայն հաճելին, կյանքի մի եզրը և գնացին, իսկ մյուս եզրը կյանքի բուն խորքը վրիպեց նրանց ուշադրությունից։ Կյանքն ու գրականությունը նման արվեստագետների համար ժամանց է միայն, անկիրք հիացմունքի ու արբեցման առարկա։

Posted in Գրականություն

Ակսել Բակունց

Կենսագրություններ Հայ Մեծերի մասին: Ակսել Բակունց (1899-1937)

Ակսել Բակունցն ապրեց ստեղծագործական կարճատև կյանք` 1923-1937թթ., որի ընթացքում հասցրեց գրել ու հրապարակել պատմվածքների չորս ժողովածու` «Մթնաձոր», «Սև ցելերի սերմնացանը», «Սպիտակ ձին», «Եղբայրության ընկուզենիները», ինչպես նաև առանձին մասեր «Կարմրաքար» և «Խաչատուր Աբովյան» անավարտ վեպերից: Նրա պատմվածքներում և ակնարկներում պատկերված են իր հայրենի եզերքն ու նրա մարդիկ: Բակունցի արձակի լեզուն գեղեցիկ է, բանաստեղծական ու գունեղ` ինչպես հայկական գորգերի նուրբ զարդանախշերն ու հայ ճարտարապետության քանդակազարդ խոյակները: Ակսել Բակունցը (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան) ծնվել է 1899թ. հունիսի 13-ին Գորիսում` տոհմիկ գյուղացու ընտանիքում: Ծննդավայրի ծխական դպրոցն ավարտելուց հետո, «որպես հույժ գովելի աշակերտ», համագյուղացիների միջնորդությամբ ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ և կատարել է գրական առաջին փորձերը: Ճեմարանը ժամանակավոր փակվելու պատճառով 1915-16թթ. Բակունցը հայրենի Զանգեզուրի հեռավոր գյուղերից մեկում` Լորում, մեկ տարի աշխատում է որպես ուսուցիչ: Հետագայում գրված «Խոնարհ աղջիկը» պատմվածքը ծնվել է այդ օրերի տպավորություններից: 1917թ., ճեմարանի դասարանական բաժինն ավարտելուց հետո, հայ ժողովրդի գլխին կուտակված սև ամպերը տասնութամյա պատանուն ստիպեցին թողնել խաղաղ աշխատանքն ու դառնալ հայկական կամավորական բանակի զինվոր` Էրզրումի ճակատում: Երիտասարդ Ե. Չարենցի նման Ա. Բակունցն էլ ապրեց ծանր ողբերգություն` բզկտված կապուտաչյա հայրենիքի, նրա մեծ կորուստների համար: 1920թ. մայիսի 26-ին Սարդարապատում հայ ժողովուրդը վճռական ճակատամարտի ելավ թուրքական բանակի դեմ, որը և որոշեց նրա հետագա գոյության և անկախ պետականության ճակատագիրը: Այդ նորօրյա Ավարայրի մասնակիցն ու քաջարի զինվորն էր նաև ապագա մեծ գրողը` Ակսել Բակունցը: 1927թ., երբ Բակունցն ավարտել էր Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտն ու իբրև գյուղատնտես աշխատում էր հայրենի լեռնաշխարհում, լույս տեսավ նրա «Մթնաձոր» ժողովածուն: Այդ ժողովածուում Բակունցը պատկերեց հայ գյուղաշխարհի իրական կյանքը, գյուղաշխարհ, որի զավակն էր և որտեղ ապրում էր ինքը` գրողը: Մթնաձորում մի կողմից նա տեսնում է կուսական բնության անկրկնելի գեղեցկություն, մարդկային հոգու անբիծ մաքրություն, մյուս կողմից` դառնություն ու ցավ, խավար ու տգիտություն: Մթնաձորը մեծ աշխարհից կտրված «մի ուրույն աշխարհ» է: Մթնաձորի մարդիկ այնքան հեռու են մեծ աշխարհից, որ լույսի ոչ մի շող չեն ստանում նրանից: Բիրտ ուժն ու կամայականությունն են թագավորում այնտեղ, օրենք կոչվածը զենք է տիրողների ձեռքում: Բակունցն ապրում է իր հերոսների ճակատագրով, որոնց մեջ, այնուամենայնիվ, ինչ-որ լուսավոր շող կա. այդ դաժան միջավայրում նրանք ստեղծում են իրենց կախարդական հեքիաթն ու ապրում են այդ հեքիաթի գույներով: Բակունցը սիրում և հասկանում էր բնության լեզուն: Նրա գրեթե բոլոր ստեղծագործություններում կան գունեղ ու կենդանի բնապատկերներ, որոնք ունեն քնարական շունչ ու հուզականություն: Իր հայրենի երկրին, նրա մարդկանց, բնությանը, հող ու ջրին անսահմանորեն նվիրված մարդն ու քաղաքացին, մեծ գրողն ու արվեստագետը դարձավ ստալինյան բռնապետության զոհը: Նա գնդակահարվեց Ծիծեռնակաբերդի բարձունքում 1937թ. ամառային մի օր` վաղ արշալույսին…