Posted in Գրականություն

Անուշ

Բազմած լուսնի նուրբ շողերին,
Հովի թևին` թըռչելով`
Փերիները սարի գըլխին
Հավաքվեցին գիշերով:

-Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ,
Եկե՜ք, ջահել սիրահարի
Սերը ողբանք վաղամեռ:

Օխտն աղբյուրից ջուր է առել
Կույս սափորով , լուռ ու մունջ,
Օխտը ծաղկից ծաղիկ քաղել,
Կապել սիրո ծաղկեփունջ:

Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,
Խընդիրք արել աստղերին,
Փափագ սըրտով խընդիրք արել`
Բարի ժըպտան իր սերին…

Ափսո՜ս, Անու՜շ, սարի ծաղիկ,
Ափսո՜ս իգիթ քու յարին.
Ափսո՜ս բոյիդ թելիկ-մելիկ,
Ափսո՜ս էդ ծով աչքերին…

Ու նըրանց հետ` ցող-արցունքով
Լըցված սըրտերն ու աչեր`
Սարի ծաղկունք տըխուր սյուքով
Հառաչեցին էն գիշեր:

-Վուշ-վու՜շ, Անու՜շ, վուշ-վու՜շ, քուրի՜կ,
Վու՜շ քու սերին, քու յարին…
Վուշ-վու՜շ, Սարո՜, վուշ-վու՜շ, իգի՜թ,
Վու՜շ քու սիրած սարերին…

-Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ…
Երգում էին ողջ գիշեր:

Կանչում էին հըրաշալի
Հընչյուններով դյութական,
Ու հենց շողաց ցոլքն արևի`
Անտես, անհետ չըքացան:

Խոր սուզվեցին ակն աղբյուրի,
Մըտան կաղնին հաստաբուն,
Ու լեռնային վըտակների,
Ալիքները պաղպաջուն:

«Անուշ» պոեմը իրական կյանքից վերցված պատմություն է։ Պոեմը Անուշի և հովիվ Սարոյի փոխադարձ նվիրական սիրո մասին է։ Բայց սիրահար զույգի երջանկությունը երկար չի տևում ր անակնկալ խափանվում է հարսանիքի ժամանակ։ Սարոն, խախտելով «հնոց ադաթը», իր ընկերոջը՝ Անուշի եղբորը՝ Մոսիին, տապալում է։ Այդ ադաթի խախտմանը հետևում է այն, որ ընկերները թշնամանում են միմյանց հանդեպ: Ողջ գյուղի առաջ ամոթահար եղած, խորապես վիրավորված Մոսին որոշում է վրեժ լուծել Սարոյից։ Գտնելով Սարոյին՝ Մոսին սպանում է նրան։ Ժողովրդի հավատալիքների համաձայն Անուշի բախտը կանխորոշված էր արդեն «համբարձման տոնի» վիճակահանությամբ։ Աղջիկը արտաքսվում է հոր տնից և խելագարվում տանջանքներից ու վշտից։

Leave a comment