Posted in Գրականություն

Փարվանա

I
Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:
Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:
Փարվանա արքան մի աղջիկ ուներ,
Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:
Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
Ծերության օրերն ու սարերն իր հոր,
Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:
Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ:
Եկավ էն օրն էլ հասավ երջանիկ,
Ու ղըրկեց արքան ուրախ դեսպաններ
Ամեն մի ամրոց, ամեն արքունիք:
— Ո՜րտեղ է, ասավ, էն քաջը, թե կա,
Իմ չընաշխարհիկ դըստերն արժանի,
Թո՜ղ առնի իր ձին, իր զենքն ու զըրահ,
Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի…

***
Ասում են՝ էն թիթեռները,
Որ գիշերվա խավարում,
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում
Մեջն են ընկնում խելագար,
Ասում են, թե՝ էն Փարվանա
Ջահիլներն են սիրավառ:
Ըշտապելուաց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝
Մեջն են ընկնում անհամբեր.
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա…
Ու այրվում են, այրվո՛ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա:

Փարվանայի արքան չնաշխարհիկ, աննման գեղեցկությամբ մի աղջիկ ուներ։ Աղջկա ցանկությամբ արքան հրավիրում է Կովկասի բոլոր կտրիճներին, որպեսզի իրենց ուժն ու շնորհքը ցույց տան աղջկան։ Արքան պետք է որոշեր, թե նրանցից ով է արժանի իր աղջկա սիրուն։ Սակայն աղջկա համար կարևորը ուժն ու շնորհքը չէր։ Նա ցանկանում էր, որպեսզի կտրիճները ապացուցեն իրենց սերը նրա հանդեպ, ուզում էր, որ իր կողքին լինի այնպիսի մեկը, որը իրոք սիրում է նրան։ Մրցության եկած կտրիճներն աղջկան առաջարկում են «գանձ, ոսկի, արծաթ, անգին քարեր ու գոհարներ»: Բայց աղջիկը նման ոչ մի պայման չի ընդունում։ Իր ապագա կողակցից նա պահանջում է գտնել ու բերել սիրո անշեջ հուրը և այդ պայմանը կատարելու համար կտրիճները թռչում են աշխարհի չորս կողմը՝ փնտրելու և բերելու այն։ Աղջիկը սպասում է կարոտով, բայց ոչ մի կտրիճ չի կարողանում բերել երջանիկ սիրո անշեջ հուրը։

Այսպես երկար սպասելով՝ աղջկա հույսը մարում է, նա սկսում է լաց լինել, և նրա արտասուքից գոյանում է մի լիճ, որը ծածկում է քաղաքն ու ամրոցը։ Դա հայտնի Փարվանա լիճն է Վրաստանի Ջավախեթիի շրջանում։ Իսկ անշեջ հուրը փնտրող կտրիճները վերածվում են թիթեռների և մինչ օրս հուր և կրակ տեսնելով նետվում են նրա մեջ, որպեսզի տանեն Փարվանա գեղեցկուհու մոտ։

Leave a comment