Posted in Առցանց ուսուցում, Գրականություն

Մորս համար գազել

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
 
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց –
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

Բանաստեղծությունը հեղինակի մոր մասին է։ Չարենցը շատ է սիրել ու հարգել իր մորը։ Չարենցը հիշում է մոր ծեր դեմքը, խորշումներ ու գծերը։ Հիշում է, թե ինչպես էր մայրը լուռ ու տխուր նստել տան դիմաց և հիշում հին օրերը։ Որդին հեռացել էր, և մայրը անգամ չգիտեր նա ողջ է, թե մեռած։ Մոր համար շատ բարդ էր ընդունել այն, որ իր որդին ապրում է օտարության մեջ։ Մայրը լաց է լինում և դառնաղի արցունքները ընկնում են նրա ծեր ձեռքերի վրա։

Leave a comment