«Տղան Քրիստոսի տոնածառի հանդեսին» պատմվածքը երկու մասից է բաղկացած։ Առաջին մասը հեղինակը վերնագրել է «Տղան թաթիկով»։ Դոստոևսկին բացատրում է նաև թե ինչու հենց «թաթիկով»։ Դա տեխնիկական եզր է, ինչը նշանակում է ողորմություն խնդրել:
Պատմվածքում փոքրիկի անունը չի նշվում, միայն նշվում է տարիքը(յոթ տարեկանից ոչ ավել)։ Նկարագրում է, թե ինչպես են այդպիսի փոքրիկները անգամ ձմռանը` այդ սարսափելի ցրտին, ողորմություն խնդրում։ Եվ եթե ոչինչ չեն հավաքում, հավանաբար, իրենց քոթակ(ծեծ) է սպասվում։ Մանրադրամներ հավաքելուց հետո` փոքրիկը վերադառնում է ինչ֊որ նկուղ, որտեղ հնավաճառների մի խումբ հարբեցողություն է անում։ Փոքրիկին էլ ուղարկում են` գինի բերելու։ Փոքրիկը մեծանում է և ինչպես նշում է հեղինակը` նրան վաճառում են ինչ֊որ գործարանի։ Բայց մինչև այդ փոքրիկները դառնում են հանցագործներ, գողություն են անում, քնում են որտեղ պատահի։ Անգամ չեն էլ գիտակցում իրենց արարքների հանցավորության աստիճանը։
Ճի՛շտ է, սա հորինված պատմություն է, բայց այն համապատասխանում է իրականությանը և դա ընդունելն ու պատկերացնելը շատ բարդ է ինձ համար։ Բարդ է պատկերացնելը, թե ինչպիսի փորձությունների միջով են անցնում այդպիսի փոքրիկները և այն, որ իրենք դառնում են հանցագործներ իրենց կամքին հակառակ։
Երկրորդ մասը հեղինակը վերնագրել է «Տղան Քրիստոսի տոնածառի տակ»։ Հեղինակը այս հատվածը սկսում է այս խոսքերով. «Բայց ես վիպասան եմ և, թվում է, մի «պատմություն» ինքս եմ հորինել: Ինչո՞ւ եմ գրում «թվում է», չէ՞ որ ես ինքս գիտեմ հաստատապես, որ հորինել եմ, բայց ինձ շարունակ թվում է, որ սա ինչ-որ տեղ և ինչ-որ ժամանակ պատահել է, հենց սա է պատահել ճիշտ ծննդյան տոների նախօրեին, ինչ-որ վիթխարի քաղաքում և զարհուրելի սառնամանիքի ժամանակ»։
Գրում է մի տղայի մասին, ով առավոտյան արթնացավ մի ցուրտ ու խոնավ նկուղում։ Այնտեղ պառկած էր իր արդեն մահացած մայրը, սակայն փոքրիկը դեռ չէր հասկացել դա և փորձում էր ամեն կերպ արթնացնել մորը և մի կտոր ուտելու բան խնդրել նրանից։ Որոշ ժամանակ հետո` որոշեց դուրս գալ նկուղից։ Այնքա՜ն սոված էր։ Դուրս եկավ փողոց, որտեղ ամեն ինչ առաջվա նման չէր։ Լիքը մարդիկ կային, փողոցները լուսավորված էին, տներում մարդիկ պարում էի տոնածառների շուրջ։ Տղան շրջում ու նայում էր նրանց և մի պահ իրեն շատ միայնակ է զգում, վազում, մտնում է ինչ֊որ մեկի բակամուտքը, կուչ է գալիս և հանկարծ մատների ցավը անցնում է, դադարում է մրսելը և իրեն թվում է` ինչ֊որ ձայն իրեն է կանչում։ Տղան ցրտից ու սովից մահացել էր ու հայտնվել էր Քրիստոսի տոնածառի հանդեսին։ Այնտեղ իր նման շատ փոքրիկներ կային և տղան իրեն այնքան լավ էր զգում։
Պատմվածքը շատ տխուր էր, բայց վերջը կարդալուց` ինչ֊որ ջերմություն զգացի։ Տղան վերջապես միայնակ չէր և իրեն լավ էր զգում։