Posted in Առցանց ուսուցում, Գրականություն

ՀՈԳՆԵԼ ԵՄ ԱՐԴԵՆ

Հոգնել եմ արդեն հանդարտ հոսելուց,
Իմ մտքերի հետ մթնում խոսելուց,
Սեթևեթ խոսքից, սեթևեթ սիրուց
Հոգնել եմ արդեն։

Հոգնել եմ թաքուն ալեկոծվելուց,
Առ ու ծախի մեջ այսքան փորձվելուց,
Կշտամբանքներով ռմբակոծվելուց
Հոգնել եմ արդեն։

Հոգնել եմ արդեն զուր թափառելուց,
Սուտ կուռքերի դեմ մոմեր վառելուց,
Ամեն պարողի ծափահարելուց
Հոգնել եմ արդեն։

Հոգնել եմ ամեն հովից թեքվելուց,
Հոգուս մեջ հոգուս ցավը հեգնելուց,
Ինքս իմ ստվերից ահաբեկվելուց
Հոգնել եմ արդեն։

Հոգնել եմ հոգնած մարդկանց օգնելուց,
Կրկնված երգերն անվերջ կրկնելուց,
Հոգնել եմ նաև այսքան հոգնելուց,
Հոգնել եմ, հոգնել։

Համո Սահյանը այս բանաստեղծությամբ ժողովրդին ներկայացնում է իր ապրումներն ու հույզերը, դժգոհությունն ու հոգեվիճակը։ Հեղինակը՝ որպես ակնարկ, գրել է ինչից է հոգնել։ Հոգնել է հանդարտ հոսելուց, իր մտքերի հետ մթնում խոսելուց, սեթևեթ խոսքից, սեթևեթ սիրուց, թաքուն ալեկոծվելուց, կշտամբանքներով ռմբակոծվելուց, զուր թափառելուց, հոգնած մարդկանց օգնելուց, կրկնված երգերն անվերջ կրկնելուց։ Ըստ իս՝ յուրաքանչյուրիս մոտ էլ եղել է, որ հոգնելով ամեն ինչից, ցանկացել ենք փակվել մի փոքրիկ անկյունում և մոռանալ ամեն ինչ, մնալ մենակ՝ մեր մտքերի հետ։ Ինձ թվում է, որ հենց այսպիսի բարդ շրջանում է եղել նաև Սահյանը՝ այս բանաստեղծությունը գրելուց։

Leave a comment