Ես` որպես շրջանավարտ, կցանկանայի մի փոքր խոսել քննությունների և շտեմարանների մասին։ Առաջինը կցանկանայի նշել շտեմարանների ծավալի մասին։ Ըստ իս՝ ամեն առարկայի 3 մասից կազմված շտեմարանները չափազանց շատ է, աշակերտների համար այդքան ինֆորմացիան յուրացնելը` դժվար, աշակերտներին այդքան ծանրաբեռնելը` սխալ ու անիմաստ։ Երկրորդը` ինձ համար անհասկանալի է այն, որ աշակերտները քննություն են տալիս և՛ տարրական, և՛ միջին, և՛ ավագ դպրոցը ավարտելուց, ինչպես նաև համալսարան ընդունվելուց։ Անիմաստ է ինձ համար նաև այն, որ աշակերտը ավագ դպրոցը ավարտելուց քննություն է տալիս նաև այն առարկաներից, որոնք բացարձակ կապ չունեն իր ապագա մասնագիտության հետ։ 12֊րդ դասարանը ամենից բարդն է, քանի որ աշակերտները ստիպված են լինում պատրաստվել և՛ ընդունելության, և՛ ավարտական քննություններին։ Իսկ դա ֆիզիկապես շատ հոգնացնող ու անարդյունավետ է։