Posted in Նախագծեր, Գրականություն

Մխիթարյան միաբանություն

Մխիթարյան միաբանությունը հայ կրոնական և մշակութային կազմակերպություն, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանությունն է։ Հիմնադրվել է 1700 թվականին սեպտեմբերի 8-ին, Վենետիկում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Մխիթարի և նրա առաջին աշակերտների հավատամքն էր. «ազգը չզոհել կրոնին և կրոնը՝ ազգությանը»։ Մխիթարյան միաբանության մի քանի վարժարանների օրինակներ

  • Պաշպալով, Թրանսիլվանեայ՝ 1721-1820 (99 տարի
  • Եղիսաբեթուպոլիս, Հունգարիա՝ 1746-1820 (74 տարի)
  • Վարատին, Հունգարիա՝ 1749-1820 (71 տարի)
  • Սեփվիզ Ֆրումոասա, Հունգարիա՝ 1797-1815 (18 տարի)
  • Պոլիս, Թուրքիա՝ 1803-ից ցայսօր՝ 2 վարժարան
  • Բերա, Թուրքիա՝ 1808-1870 (62 տարի)
  • Ղալաթիա, Թուրքիա՝ 1808-1915 (107 տարի)
  • Տրապիզոն, Թուրքիա՝ 1817-1915 (98 տարի)
  • Խարասու Բազար, Ղրիմ՝ 1821-1918 (97 տարի)
  • Պարտիզակ, ՝ 1883-1915 (33 տարի)

Կրոնական-կաթոլիկական աշխատություններ

Մխիթարյան միաբանության հիմնադրման սկզբնական շրջանում Վատիկանի աջակցություն ստանալու նպատակով թարգմանվեցին և հրատարակվեցին մի շարք աշխատություններ։ Դրանցից էին Ալբերտ Մեծի «Համառօտութիւն Աստուածաբանութեան» /1715/, Մխիթար Սեբաստացու «Մեկնութիւն սրբոյ աւետարանին Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի որ ըստ Մատթէոսի» /1737/, Ալփոնսոս Ռոտրիկվեցու «Կրթութիւն կատարելութեան և կրօնաւորականի առաքինութեան» եռահատոր աշխատությունը /1741-1742/: Նշանավոր էր հատկապես Մ. Չամչյանի «Մեկնութիւն Սաղմոսաց» տաս հատից բաղկացած աշխատությունը, ուր ներկայացված էին Դավիթ թագավորի սաղմոսների քննական ուսումնասիրությունն ու մեկնությունները։ Լույս են տեսնում նաև Չամչյանի «Պատկեր Տօնից» ճառերը, «Նուագարան օրհնութեան» մեկնությունը և «Սեղան Խնկոց» աղոթագիրքը՝ նախատեսված տարվա տարբեր տոների համար։ 1810-1815 թթ. լույս է տեսնում Մ. Ավգերյանի «Լիակատար վարք և վկայաբանութիւն սրբոց» աստվածաբանական աշխատությունը։ Այս տարիներին Մխիթարյանները լույս են ընծայում բազմաթիվ «վարք սրբոցներ» և «մեկնողական» գրականություն, այդ թվում նաև Աստվածաշունչ։

Թատրոնը

19-րդ դարի առաջին կեսից վերելք ապրեց թատրոնը։ Սկսեցին կազմակերպվել սիրողական ներկայացումներ։ 1770-ականներից ի վեր ներկայացումներ կազմակերպվեցին նաև Վենետիկի Սուրբ Ղազարի վանքում։ 1790-ականներից սկսած Մխիթարյանները ցուցադրում են հայոց պատմությանը ներկայացնող պիեսներ՝ «Վասակ Մամիկոնյան» (1792), «Ղևոնդյանց նահատակությունը» (1795), «Մեծն Վարդան Մամիկոնյան» (1799), «Հայկ դյուցազն» (1805) և այլն։ Այս ժամանակաշրջանում ցուցադրվել է նաև երկու ողբերգություն՝ «Տրդատա հաղթությունը» և «Վաճառումն Հովսեփա»։ Ավելի ուշ՝ 1820-1860 թվականներին հանդիպում են նաև կենցաղին առնչվող կատակերգություններ՝ «Ծաղրածու Յուսուֆ», «Ճիմիճ Ահմեդի նկարագիրը», «Ավրամ հրեա», «Վաճառական Մոշոն» և այլն։ Դեռ 1810-ական թվականներից Մխիթարյանները ներկայացումներ են կազմակերպել Կ. Պոլսի իրենց դպրոցներում (օրինակ՝ Գրիբայեդովի «Խելքից պատուհաս»-ը Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում և այլն)։

Leave a comment