1) Բանաստեղծի բոլոր փաստաթղթերում, ինչպես զանազան կարգի նշումներում, իբրև ծննդյան օր նշված է 1924թ. հունվարի 26-ը: Բայց «Սայաթ-Նովան և միջնադարյան տաղերգությունը» անավարտ ուսումնասիրության ձեռագրում, որ բանաստեղծի ամենավերջին ձեռագրերից է, 1971թ. հունվարի 24-ի նշումի կողքին Պարույր Սևակը ավելացրել է՝ «ծննդյանս օրը»:
2) Սևակը տան միակ տղան էր, նա առանձնահատուկ սեր ուներ մոր հանդեպ, որին Ազի էր կոչում։
Սևակը մոր մասին գրում է՝ «Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես, դժբախտությունը՝ ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով։ Նրա համար դժբախտություն էր՝ խոտը ուշ դեզելը, թեյի գդալների պակասը, աման ջարդվելը, պարանի կորչելը։ Բանաստեղծական հոգի էր նա, աշխարհը ողբերգականորեն վերապրող, անհանգիստ, անհագ հոգի, որքան, իհարկե, զորում էր նրա գեղջկական՝ պարզ, ոչնչով չաղարտված արտաքին էությունը։ Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, անքան շատ, որ մեծագույն մասով փոխարկվել է ուղիղ հակադրության»։
3) Մանուկ Պարույրը գրել կարդալ սկսել է 5 տարեկանից։ Տեսնելով նրա ընդունակությունները դպրոցի ուսուցիչը թույլ է տալիս նրան օրինական ձևով հաճախել դպրոց։
«Զարթոնքի տարիներն էին, բայց և դժվարին տարիներ։ Չկար թուղթ ու մատիտ։ Չկար դասագիրք։ Հաճախ ամբողջ դասարանը սովորում էր մեկ դասագրքով։ Պակասում էին ուսուցիչները։ Եղածներն էլ՝ միջնակարգ և նույնիսկ թերի միջնակարգ կրթության տեր։ Իններորդ դասարանում, օրինակ, մեր ֆիզկուլտուրայի դասատուն որքան հաղթանդամ, նույնքան համակրելի մի երիտասարդ էր։ Նույն այդ երիտասարդը 10-րդ դասարանում ստիպված էր մեզ գրականության դասավանդել։ Երեկ՝ ֆիզկուլտուրա, այսօր՝ գրականություն։ Եվ դասավանդեց գիշերները ես գրում էի հաջորդ օրվա մեր անցնելիք գրողի կյանքն ու գրական գործունեությունը և առավոտյան նա թելադրում էր մեզ իմ գրածը, ընդ որում՝ բոլորի հետ մեկտեղ նրա թելադրածը գրում էի նաև ես։ Եվ այդպես՝ կլոր տարին…»
4) Պարույր Ղազարյանին Սևակ ազգաննունն է տվել արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Զարյանը։
Ռուբեն Զարյանը պատմում է՝ «Պատերազմի տարիներին խմբագրում էի «Սովետական գրականություն» ամսագիրը: Բանաստեղծների ծաղկեփունջը չկար: Եվ բանաստեղծական այդ ամլության մեջ ինձ համար հայտնություն էին դեռ պատանի Պարույր Ղազարյանի բանաստեղծությունները (բանաստեղծությունները, ոչ անուն-ազգանունը): Կարդալուց հետո մտածեցի ոչ միայն անմիջապես տպագրելու, այլ նաև գեղջուկ այդ բանաստեղծին մի իսկական բանաստեղծական անուն շնորհելու մասին: Եվ սկսեցի ասել՝ Պարույր Սևակ, Պարույր Սևակ: Չէ՛, շատ լավ է հնչում»: