Փրինթինֆո հրատարակչությունները համատեղ հրատարակել են Կոմիտաս վարդապետի մասին հուշերի եւ վկայությունների ծավալուն հատոր, որը, ինչպես եւ վերջերս տպագրված Կոմիտասի նամականին, հրատարակության է պատրաստել Գուրգեն Գասպարյանը: Հեղինակների թվում են Մանուկ Աբեղյանը, Հրաչյա Աճառյանը, Գարեգին Լեւոնյանը, Մարգարիտ Բաբայանը, Փանոս Թերլեմեզյանը, Ավետիք Իսահակյանը եւ ուրիշներ:
Կոմիտաս մեծ ընթերցասեր մըն էր, ուժեղ էր հայոց լեզվի մեջ, և հայոց պատմությունը շատ լավ գիտեր։ Մասնավորապես կկարդար Մովսես Խորենացի և Նարեկացի, իսկ Աբովյանին «Վերք Հայաստանին» կանվաներ իր մասունքը։
Կոմիտաս քաջ պարող մըն ալ էր… Մարդկային բացառիկ առաքինություններու ծով էր։ Չափազանց աշխատասեր, աննկուն կամքի տեր, անկեղծ, բարեհոգի, ընկերասեր, քաղցր ու համեստ՝ ամենուն նկատմամբ։ Մաքրակրոն էր ան և մեծ հայրենասեր մը։ Բացի իր երաժշտական հանճարից, այլ շնորհքներ էլ ուներ. բանաստեղծ էր և ճարտար կոմիկ դերասան։ Վերին աստիճանի սրամիտ, կենսուրախ և պատրաստաբան էր Կոմիտաս և սիրված ճեմարանի մեծեն ու փոքրեն։
Կոմիտասի ձայնը մեծ դիապազոն ուներ։ Բեռլին գտնված միջոցին հայ ժողովրդական երգերը անձնապես ցուցադրած համերգեն վերջ, Բեռլինի օպերայի տնօրենը անձամբ կհրավիրե զինքը իբրև օպերայի գլխավոր երգիչ և կխոստանա բացառիկ վճարում։ Կոմիտասը կպատասխանե անոր. «Իմ երգչի կարողությունները մեկ նպատակի միայն կծառայեն, մեծ ժողովուրդիս երգն ու երաժշտությունը ծանոթացնել երաժշտական աշխարհին և ապացուցել, որ հայ ստեղծագործ ժողովուրդը սկզբնական դարերեն ունեցեր է իր ինքնուրույն երգն ու երաժշտությունը»…: (Հրաչյա Աճառյան)
Կոմիտասը չափազանց ուրախ և չափազանց աշխատասեր էր։ Նրա բնավորությունը միալար չէր, նա խիստ դյուրագրգիռ և երբեմն էլ բարկացող էր։ Սակայն նրա բարկությունը նման էր քամիներից քշվող ամպի ծվեններին, որոնց միայն մի վայրկյան է հաջողվում արևի լույսը խափանել, բայց այդ ծվենների արագորեն անցնելուց հետո՝ նորից արև, նորից զվարթություն և նորից ծիծաղ է տիրապետում։ Կոմիտասի զգայուն հոգին տառապում էր ուրիշների վշտերով։ Նա հեռուներում գտնվող իր ընդունակ, բայց չքավոր աշակերտներին օգնում էր հնարավորին չափ։ (Փանոս Թերլեմեզյան)
Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է, նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը… Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն և անաղարտ։ Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրային… Կոմիտասը հայ երգով լույս աշխարհ հանեց դարերի խավարի մեջ կեղեքված ժողովրդի խուլ բողոքն ու ցասումը բռնության, ստրկության դեմ. նրա խեղդված վիշտը, իրավազուրկ կյանքը և պայծառ ապագայի հանդեպ տածած հավատը։ (Ավետիք Իսահակյան)
Կոմիտասի երաժշտությունը մի այնպիսի ոճական անաղարտություն է, մի այնպիսի վսեմաշուք լեզու, որ դժվար է շրջանցել այն, դժվար է այս կամ այն կերպ նրան չառնչվելը, նրա ազդեցությունը չկրելը։ Ես միշտ գերված եմ եղել և գերված կմնամ Կոմիտասի երաժշտությամբ։ (Արամ Խաչատրյան)
Նրա մեծությունն իր մեջ է, ոչ ոք չի սովորեցրել, բայց նա զգացել է, մտել բնության մեջ։ Այս երաժշտությունն իր կանոններն ունի, որը թելադրված է մեր երկրի ու ժողովրդի ոգով…(Մարտիրոս Սարյան)