Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը
378 թվականին Հայաստանը բաժանվեց Հռոմի և Պարսկաստանի միջև, իսկ 428 թվականին վերացավ հայոց թագավորությունը։ Այս իրավիճակում զգացվեց հայերեն գրեր ունենալու պահանջը։ Այդ հարցով մտահոգված էին Վռամշապուհ արքան և Սահակ Պարթևը։ Եվ այդ պատասխանատու գործը նրանք վստահում են Մեսրոպ Մաշտոցին։
Մաշտոցի մասին գրել է նրա աշակերտ Կորյունը, իր «Վարք Մաշտոցի»-ի մեջ։ Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 362 թվականին Տարոն գավառի Հացեկաց գյուղում։ Կրթություն ստացել է նախ Տարոնում, ապա Անտիոքում և Էջմիածնում՝ Ներսես Մեծ Վեհափառի մոտ։ Տիրապետել է հունարենին, ասորերենին, պարսկերենին։ 394-395 թվականներին նա ապրել է ճգնավորի կյանքով։ Մեծ գործից առաջ նա մաքրագործվել է։ Այս հարցով նրան օգնում էր Սահակ Պարթևը։ Նրանք միասին հղանում են հայ ժողովրդի համար այբուբեն ստեղծելու գաղափարը։ 405 թվականին Եդեսիայում նա ստեղծում է հայոց այբուբենը։ Տառերը ստեղծելուց անմիջապես հետո նա իր աշակերտների հետ սկսում է թարգմանել «Աստվածաշունչը»։ Ծնվում է հայերեն առաջին նախադասությունը․ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ․․․»։ Հետո Մաշտոցը սկսում է կրթական գործը։ Ըստ Կորյունի՝ Մաշտոցը ստեղծել է նաև վրացերենի և աղվաներենի տառերը։ Մաշտոցը վախճանվել է 440 թվականին 17-ին։ Թաղված է Օշականում։
Ագաթանգեղոս
Ագաթանգեղոսը համաշխարհային ճանաչման արժանացած պատմիչ է։ Նրանից մեզ հասել է «Պատմություն» գիրքը։ «Պատմության» առաջաբանից մեզ հայտնի է դառնում, որ նա ծնվել է Հռոմում։ Տիրապետել է լատիներենին և հունարենին։ Գիրքը բաղկացած է առաջաբանից և չորս գլուխներից, որոնց մեջ պատմվում է Հայաստանում քրիստոնեության ընդունման մասին։ Պատմվում է Գրիգոր Լուսավորչի, Տրդատ արքայի, Հռիփսիմյան կույսերի մասին։ Ներկայացվում է, թե ինչպես են հալածվել Հռիփսիմյան կույսերը և Գրիգոր Լուսավորիչը, և այսքանից հետո ինչպես է Տրդատը ընդունում քրիստոնեությունը։
Փավստոս Բուզանդ
Փաստերն ապացուցում են, որ Բուզանդն ազգությամբ հայ է, գրել է հայերեն և ապրել է 4-5 դարերում։ Նա գրել է «Հայոց պատմություն» գիրքը։ Բուզանդի գիրքն ընդգրկում է 319-384 թվականների 65 տարվա պատմությունը՝ Տրդատ Մեծի որդի Խոսրով Կոտակից մինչև Հայաստանի առաջին բաժանումը։ Պատմվում է Արշակունի թագավորների՝ Տիրանի, Արշակ Երկրորդի, Պապի, Վարազդատի, Արշակ Երրորդի և Խոսրով Չորրորդի մասին։ Բուզանդի գիրքն սկզբնաղբյուր է ծառայել նաև մեր հետագա պատմավիպասանության համար։
Եղիշե
Եղիշեն հայտնի է «Վարդանի և հայոց պատերազմի մասին» աշխատությամբ։ Գիրքը գրվել է Մամիկոնյան Դավթի երեցի պատվերով։ Ըստ գրքում թողած իր վկայությունների՝ ինքը՝ պատմիչը, մասնակցել է Ավարայրի ճակատամարտին։ Ավարայրի ճակատամարտը տեղի է ունեցել 451 թվականին, իսկ Եղիշեն իր պատմությունն ավարտել է 464 թվականին։ Եղիշեն գրում է, որ ոչ թե մի կողմը հաղթեց և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ ելան, և երկու կողմն էլ պարտվեց։ Եղիշեն ստեղծել է պատմական կերպարներ՝ Վարդան, Վասակ, Հազկերտ Երկրորդ և այլն։
Ղազար Փարպեցի
Ղազար Փարպեցին Ոսկեդարի վերջին պատմիչն է։ Ծնվել է Արագածոտն գավառի Փարպի գյուղում։ Նա հայտնի է «Հայոց պատմություն» և «Թուղթ Վահան Մամիկոնյանին։ Ստախոս աբեղաների մեղադրությունը» գործերով։ Փարպեցին «Հայոց պատմության» առաջին մասում շարադրում է Հայաստանի պատմության 387-428թթ․ իրադարձությունները։ Պատմության երկրորդ մասը նվիրված է Ավարայրի ճակատամարտին, երրորդը՝ 481-484թթ․ Վահանանց պատերազմին։ Նրա շարադրանքը ընդգրկում է շուրջ 100 տարվա պատմություն։
Մովսես Խորենացի
Մովսես Խորենացին 5-րդ դարի հայ մատենագրության ամենանշանավոր դեմքն է․ մեծարվել է «տիեզերահռչակ», «քերթողահայր», «պատմահայր» բնութագրումներով։ Նա գրել է «Հայոց պատմություն»գիրքը, որը ավարտվում է «Ողբ»-ով։ Պատմությունը բաղկացած է երեք գրքից։ Առաջին գիրքը «Հայոց մեծերի ծննդաբանությունը»-ն է, որը ընդգրկում է հայոց պատմությունն ամենասկզբից մինչև Ք․ծ․ա․ 132 թվականը։ Երկրորդ գիրքը՝ «Միջին պատմություն մեր նախնիների», ներկայացնում է հայոց պատմությունը Ք․ծ․ա․132 թվականից մինչև 318 թվականը։ Երրորդ գիրքը՝ «Մեր հայրենիքի պատմության ավարտը», ընդգրկում է 318-428 թթ․ իրադարձությունները։
Գրիգոր Նարեկացի
Ծնվել է 951 թվականին Անձևացյաց գավառում։ Նարեկացուց մեզ հասել է բավականին հարուստ ժառանգություն․ տաղեր՝ մեղեդիներ, գանձեր, հորդորակներ, ներբողներ, թուղթ, մեկնություն և «Մատյան ողբերգության» պոեմը։ Նրա խոսքը լեցուն է քրիստոնեական բազմապիսի խորհրդանշաններով, որոնց ակունքը «Աստվածաշունչ»-ն է։ Նա վախճանվել է 1003 թվականի փետրվարի 27-ին։ Թաղվել է Նարեկա վանքի Սուրբ Սանդուխտ եկեղեցու հարևանությամբ։
Սայաթ-Նովա
Սայաթ-Նովան միջնադարի վերջին բանաստեղծն է։ Ծնվել է Թիֆլիսում։ Նա աշուղ, երգիչ, երաժիշտ էր։ Սայաթ-Նովա նշանակում է Սայաթի թոռ, Որսկանի թոռ, երգի որսորդ։ Տիրապետել է չորս լեզվի՝ հայերեն, վրացերեն, թուրքերեն և պարսկերեն։ Նրա մասին հիշատակել է Գևորգ Ախվերդյանը։ Երբ նա վտարվում է պալատից, որտեղ նա արքունական երգիչ էր, դառնում է Գավառի ծխական քահանա։ Աքսորի ժամանակ նա ամուսնանում է և ունենում է չորս երեխա։