Posted in Գրականություն

Առակագրություն. Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի

Մխիթար Գոշ

Մխիթար Գոշը հայ առակագիր, մանկավարժ, հոգևորական, հասարակական գործիչ է։ Միջնադարում նրա մասին պատմվել են ավանդություններ, որոնց մեջ նա սրբացվել է։ Մխիթար Գոշը ծնվել է Գանձակում՝ թուրքերի տիրապետության շրջանում։ Սովորել է իր ծննդավայրում։ Չափահաս դառնալով՝ ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Աշակերտել է Հովհաննես Տավուշեցուն և ստացել վարդապետի կոչում։ Մխիթար Գոշից մեզ են հասել մոտ մեկ տասնյակ աշխատություններ։ Նա գրել է աղոթքներ, ճառեր, քարոզներ, մեկնաբանություններ, թղթեր, ժամանակագրություններ և այլն։ Գոշի թողած հսկայական ժառանգության մեջ, սակայն, առանձնանում են նրա «Առակների» ժողովածուն և «Դատաստանագիրքը»։ Նրա առակների նյութը հիմնականում հասարակական և կենցաղային խնդիրներն են, դասակարգերի, դասերի ու խավերի, անհատների փոխհարաբերության հարցերը, որոնք նոր էին հայ գրականության մեջ։ Նրա «Առակների» ժողովածուն պարունակում է 190 առակ, որոնք երեք գլխավոր բաժիններում դասավորված են որոշակի կարգով։ Մխիթար Գոշի առակներն առաջին անգամ հրատարակվել են 1790 թվականին Վենետիկում, թարգմանվել են ֆրանսերեն և ռուսերեն։

Վարդան Այգեկցի

Վարդան Այգեկցին միջնադարյան հայ մատենագիր, առակագիր, քարոզիչ, հասարակական գործիչ է։ Ծնվել է Հայոց Միջագետքի Տլուք գավառի Մարաթա հայաբնակ գյուղում, կրթություն ստացել է ծննդավայրում, ապա՝ Արքայակաղնի վանքում։ Ուսումն ավարտելուց հետո ձեռնադրվել է վարդապետ և զբաղվել քարոզչությամբ։ Այգեկ վանքում գրել է 22 ճառ, խրատական 5 թուղթ, կազմել է «Արմատ հավատո» ժողովածուն։ Իր խրատներով ու քարոզներով Վարդան Այգեկցին պայքարում էր դրամասիրության, գողության, ամբարտավանության, ոխակալության, հարբեցողության, մարդկային այլ արատների դեմ, քարոզում սեր և համերաշխություն։ Նա գրել է ավելի քան 30 առակ։ Ի տարբերություն Մխիթար Գոշի առակների՝ դրանք ներկայացված են առանց որևէ դասակարգման և չունեն բարոյախրատական եզրակացություններ։ 

Առակ

Առակը բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն է, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արատները։ Առակը բաղկացած է 2 մասից՝ սյուժեից և բարոյախոսությունից։ Սյուժեն դեպքերի սեղմ շարադրանքն է, իսկ բարոյախոսությունը՝ առակի վերջում արտահայտված եզրակացությունը։ Առակի հերոսը մարդն է, որի կյանքի, բնավորության հոռի և բացասական գծերը ծաղրվում են այլաբանորեն։ Առակներում կենդանիներն ու բույսերը խոսում են մարդկային լեզվով, աշխատում են, օգնում կամ խանգարում միմյանց։ Առակներում գովաբանվում և խրախուսվում են լավը, բարին, բարոյականությունը, ջանասիրությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, ընկերասիրությունը, գեղեցիկը, մարդկայինը և, ընդհակառակը, ծաղրվում ու դատապարտվում են վատը, չարը, տգեղն ու անմարդկայինը, դավաճանությունն ու վախկոտությունը։

Leave a comment