Posted in Գրականություն

«Պատվի համար» դրաման

«Պատվի համար»-ը Շիրվանզադեի դրամաներից է, որը նա գրել է 1904 թվականին։ Պիեսի հիման վրա 1956 թվականին «Երևան» կինոստուդիայում նկարահանվել է համանուն ֆիլմը։ 2020 թվականին Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը սկսել է «Պատվի համար» նոր տասնվեց մասից բաղկացած հեռուստասերիալի նկարահանումները։

Սյուժե

Էլիզբարովն ընկերոջ մահից հետո յուրացրել էր նրա ունեցվածքը՝ բախտի քմահաճույքին թողնելով ընկերոջ ընտանիքին։ Սակայն Օթարյանն ուսումն ավարտելուց հետո պահանջում է իրենց հասանելիքը՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը։ Էլիզբարովի կրտսեր դուստրը՝ Մարգարիտը, ցանկանում է վերականգնել արդարությունը, սակայն իրեն ու իր «պատիվը» պաշտպանելու համար Էլիզբարովը պատրաստ է ամեն ստորության. նա կրակն է նետում Օթարյանի փաստաթղթերը, որ Մարգարիտի մոտ էին։ Մարգարիտն Օթարյանին խոստացել էր վերադարձնել փաստաթղթերը, սակայն դրանք այրվեցին։ Հայրն այրեց իր աղջկա պատիվը. այսպես է մտածում Մարգարիտն ու ինքնասպանություն է գործում՝ չցանկանալով ապրել առանց պատվի։ Յուրաքանչյուրի մոտ պատիվ հասկացողությունը ընկալվում է յուրովի։ Էլիզբարյանի համար պատիվ է համարվում իր անունը, նա չի ուզում բոլորն իմանան, որ ինքը խաբեությամբ է հարստություն դիզել։ Բագրատը երազում է հզոր ֆինանսական սյուն դառնալ, Ռոզալիան անխնա վատնում է հոր փողերը։ Նրա համար կարևոր է միշտ լավ տեսք ունենալը։ Մարգարիտի համար կարևոր է ազնիվ լինելը։ Նա ազնիվ մարդ էր և կարևոր էր համարում թղթերը հետ վերադարձնելը, քանի որ դրանք միակ ապացույցներն էին, որ ուներ Օթարյանը։ Սակայն կա մի հանգամանք. Երբ հայրը կրակն է նետում փաստաթղթերը, Մարգարիտը չի ասում, թե հայրն այրեց փաստաթղթերը, այլ ասում է՝ հայրն այրեց իր պատիվը։ Նա Օթարյանին խոստացել էր վերադարձնել փաստաթղթերը, դրանք այրվեցին, այրվեց իր պատիվը, ուրեմն՝ չարժե ապրել առանց պատվի։ Նա ասում է՝ փաստաթղթերն ինքն է այրել, ինքնասպանությունից առաջ կամենալով փրկել գեթ հոր պատիվը, նույնիսկ այդ պահին նա պաշտպանում է հորը, նույնիսկ մահից րոպեններ առաջ։ Բայց, իհարկե, նրան ոչ ոք չի հավատում։ Բոլորը գիտեին, որ Մարգարիտը նման արարքի ընդունակ չէ։ Նա դուրս է գալիս, և րոպեններ հետո հայտնվում է Սուրենը ու ասում, որ Մարգարիտը ինքնասպան եղավ։ Բոլորի հայացքները փոխվում են։ Օթարյանը վազում է և տեսնում Մարգարիտին անշնչացած։ Բոլոր կերպարները վերցված են կյանքից։

Leave a comment