Posted in Քաղաքագիտություն

Քաղաքագիտությունը որպես գիտություն

Քաղաքագիտությունը կամ քաղաքական գիտությունը գիտություն է քաղաքականության վերաբերյալ, ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների, պետության և այլ կառույցների հետ, ուսումնասիրում է նաև պետության վարած քաղաքականությունը և դրա նպատակահարմարությունը առանձին ոլորտներում։ 
Երբ խոսում ենք քաղաքագիտության, իբրև գիտության մասին, ապա օբյեկտիվորեն հարց է ծագում, թե արդյո՞ք հասարակության քաղաքական կյանքը, քաղաքական իշխանության ու քաղաքական գործընթացների հետազոտությունը կարելի է համարել գիտություն։ Դրան պատադխանելուց առաջ պետք է հասկանալ, թե ինչ է գիտությունը։ Գիտությունը դա ճանաչողական գործունեության հատուկ տեսակ է, որը ուղղված է ` բնության, հասարակության և մտածելակերպի վերաբերյալ օբյեկտիվ, համակարգված և հիմնավորված գիտելիքների ստացմանը, ճշտմանը և ստեղծմանը։ Այս գործունեության հիմքը գիտական փաստերի հավաքածուն է, նրանց պարբերաբար թարմացումը և համակարգումը, կրիտիկական վերլուծությունը և այդ հիմքի վրա նոր գիտական գիտելիքների սինթեզը կամ ամփոփումը գիտնականների կողմից։ Քաղաքագիտության շատ բնագավառներ չափումների չեն ենթարկվում։ Օրինակ, ինչո՞ւ և ինչպե՞ս են ընդունվում քաղաքական որոշումները, ինչո՞ւ են քաղաքացիները ենթարկվում կամ երբեմն էլ չեն ենթարկվում այդ որոշումներին։ Բացի այդ, բազմաթիվ որոշումներ ընդունվում են գաղտնի։ Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ քաղաքագիտությունը չի կարող նմանվել բնական գիտություններին, գիտության կարգավիճակ ունենալ։ Նրա այն մասը, որտեղ կարող ենք ստանալ թվեր, քանակական հստակ տվյալներ, ասենք, հասարակական կարծիքի, ընտրությունների արդյունքների և այլ հարցերի վերաբերյալ իրոք կարող է նմանվել բնական գիտություններին։ Այսինքն` քաղաքագիտության մի մասը կարող է համարվել գիտություն։

Leave a comment