Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմինն է։ Հիմնադրվել է 1918 թվականի օգոստոսի 1֊ին։
1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանն իրեն հռչակեց անկախ պետություն։ Ձևավորվեց երկրի բարձրագույն իշխանության մարմինը՝ Հայաստանի խորհրդարանը։ 1990 թվականին Հայաստանի Գերագույն խորհուրդը (260 պատգամավոր) ձևավորվեց մեծամասնական ընտրակարգով՝ 2 փուլով՝ մայիսի 20-ին և հունիսի 3-ին։ Նոր խորհրդարանում ներկայացվեցին երկու քաղաքական ուժեր՝ ՀՀՇ-ն և Հայաստանի կոմունիստական կուսակցությունը։ Պատգամավորական խմբերն էին՝ «Հանրապետություն», «Արցախ», «Լիբերալ-դեմոկրատներ», «Ազգային առաջադիմություն», ՀՅԴ-ն վերակազմակերպվեց պատգամավորական խմբի։ 1990 թվականի օգոստոսի 4-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի հռչակվեց անկախ հանրապետություն։ 1991 թվականի հոկտեմբերի 16-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց նախագահ, իսկ ԳԽ նախագահ դարձավ Բաբկեն Արարքցյանը։ 1995 թվականի հուլիսի 5-ին ընդուննվեց Հայաստանի Սահմանադրությունը։ Նույն օրն անցկացվեցին նաև Հայաստանի Ազգային ժողովի առաջին գումարման ընտրությունները։
Առաջին գումարման խորհրդարան (1995)
190 պատգամավոր, որոնցից 150-ը ընտրվել են մեծամասնական համակարգով, իսկ 40-ը՝ կուսակցական ցուցակներով։
Երկրորդ գումարման խորհրդարան (1999)
131 պատգամավոր, որոնցից 75-ն ընտրվել են մեծամասնական համակարգով, 56-ը՝ կուսակցական ցուցակներով։
Երրորդ գումարման խորհրդարան (2003)
131 պատգամավոր, որոնցից 56 ընտրվել են մեծամասնական համակարգով, 75-ը՝ կուսակցական ցուցակներով։
Չորրորդ գումարման խորհրդարան (2007)
131 պատգամավոր, որոնցից 41֊ն ընտրվել է մեծամասնական համակարգով, 90-ը՝ կուսակցական ցուցակներով։ Ընտրությունների արդյուքնով 131 պատգամավորական մանդատներից 65 տեղ ստացավ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 25 տեղ, ՀՅԴ-ն՝ 16 տեղ, «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ 8 տեղ, «Ժառանգություն» կուսակցությունը՝ 7 տեղ, «Դաշինք» կուսակցությունը՝ 1 տեղ (մեծամասնական ընտրակարգով ընտրված), անկախ պատգամավորները՝ 10 տեղ։
Հինգերորդ գումարման խորհրդարան (2012)
2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 8 կուսակցություն և կուսակցական խմբակցություն, որոնք պայքարում էին Ազգային ժողովում համամասնական ընտրակարգով բաշխվող 90 մանդատների համար։ Մեծամասնական ընտրակարգով բաշխվող 41 մանդատների համար պայքարում էր 137 թեկնածու։
Խորհրդարանական ընտրություններում քվեարկությանը մասնակցեց 1 572 858 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 62,33 %-ը։ Համապետական խորհրդարանական ընտրություններին կարող էր մասնակցել 2,594 միլիոն ընտրող։
Վեցերորդ գումարման խորհրդարան (2017)
2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 9 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 5 կուսակցություն։
Համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի, վեցերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավորների 50 %-ը անցել են համամասնական ցուցակով, իսկ մյուս 50%՝ վարկանիշային ընտրակարգով։