Երեք ձիավոր բարձրանում են դեպի Կաքավաբերդ։ Նրանցից մեկը հնագետ էր, երկրորդը՝ նկարիչ, իսկ երրորդն ուղեկցում էր նրանց։ Հնագետը երկար շրջեց բերդում, գտավ Բակուր իշխանի դամբանը։ Նկարիչը հնագետին անհրաժեշտ նկարներն անելուց հետո, նկարեց նաև պարսպի մի հատված ու պարսպի տակ բուսած ալպիկան մանուշակներ։ Պատմվածքում նկարագրվում է լեռնային Հայաստանի պատկերը՝ ավերակ բերդերով, ալպիական ծաղիկների գեղեցկությամբ, գյուղական կենցաղին բնորոշ տեսարաններով։ Պատմվածքը սովորական իմաստով սյուժե չունի, բայց նրա գաղափարը շատ խորն է։ Պատմվածքը դիտել ու գնահատել են տարբեր տեսանկյուններից։ Համարել են «Նոր գյուղի ու կենցաղի պատկեր ու հին մնացուկների քննադատություն»։ Բայց դա ճիշտ չէ։ Բակունցի նման բծախնդիր արվեստագետը, որ սիրում է քչով շատ բան ասել, խտացնել իր մտքերը, պատմվածքում յուրատեսակ ձևով կրկնում է հետևյալ ռեֆրենը. «ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք էր թվում էր, աշխարհը ծիրանագույն բուրաստան»։ Վերադրարձին նրանք մոտիկ բնակավայրի մի վրանի մոտ իջան ձիերից և թեյ խնդրեցին։ Մինչ կինը թեյ էր պատրաստում, նկարիչը հիշեց մի կնոջ, որն այնքան նման էր այս կնոջը։
Կերպարները
Գյուղ են գալիս հնագետը, նկարիչը և նրանց հետ է նաև ուղեկցորդը։ Նրանք էլ հենց պատմվածքի հերոսներն են։ «Ալպիական մանուշակում» պատկերվում է իրականության և արվեստագետների հանդիպումը։ Նկարիչը զգայուն խառնվածքով մարդ է։ Նա Կաքավաբերդ է եկել որպեսզի նկարի բնության գեղեցկությունը։ Նրա մեջ արթնանում են գեղեցիկ հուշեր` որպես մեկ այլ կնոջ լրացում։ Նկարիչը կնոջ այդ գեղեցկության մեջ չի նկատում, որ նա հոգսեր ունի, ընկճված է։ Կաքավաբերդից նկարիչը տանում է իր հետ գեղեցիկ տպավորություն ու մի նոր կտավ։ Իր հոգեբանությամբ և մոտեցումով նա հարազատ է պատմվածքի սկզբին և վերջնամասի ռեֆրեններով խորհրդամշվող գեղեցիկի այն ընկալմանը, ըստ որի` «բուրմունքից արբեցած բզեզին» մանուշակը ճոճք էր թվում էր, աշխարհը` ծիրանագույն բուրաստան։ «Բուրմունքից արբեցած բզեզի» մյուս տարբերակը հնագետն է։ Եթե նկարչի համար անցյալը առնչվում է այսօրին, ապա հնագետի համար գոյություն ունի միայն անցյալի գեղեցիկը։ Սա ևս փնտրում է գեղեցիկը, սակայն անցած գնացած գեղեցիկը։ Նա կոխոտում է նուրբ ու քնքուշ ալպիական մանուշակները՝ չտեսնելով նրանց քնքշությունը։ Հնագետը չոր, միայն իր մասնագիտությամբ հետաքրքրվող մարդ է։ Նկարիչը և հնագետը պատմվածքում կերպարներ են փոխաբերական իմաստով։ Ակսել Բակունցը նկարչի և հնագետի կերպարներով ցանկացել է բնութագրել այն արվեստագետներին, որոնք աշխարհին նայում են բզեզի աչքերով։ Չեն տեսնում իրականությունը։ Նրանք եկան, տեսան միայն հաճելին, կյանքի մի եզրը և գնացին, իսկ մյուս եզրը կյանքի բուն խորքը վրիպեց նրանց ուշադրությունից։ Կյանքն ու գրականությունը նման արվեստագետների համար ժամանց է միայն, անկիրք հիացմունքի ու արբեցման առարկա։