Արտագրե՛լ և կետադրե՛լ։
ա) Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով, և դրանցից որն
էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր` տարիներ առաջ`
ճահճային թռչունների որսի ժամանակ, մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը`
պատշգամբի մի անկյունում, նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն` բերելով
խոտեր, ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում, պատյանից դուրս են հանում գլուխն ու ոտքերը և քայլում` դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ
ընտելանալուց հետո` նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր
կենդանիներ են դրանք. շաբաթներով կարող են ոչինչ չուտել, բայց շատ հեշտ են
դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում, և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով, որ ուր էլ լինի կրիան` իր տան մեջ է, ուստի չի շտապում:
բ) Ծիրանի ծառը դարձավ գյուղի բնակիչ։ Դժվար էր ասել, երբ և ով էր կորիզը նետել եկեղեցու գմբեթին, բայց ավելի դժվար էր ըմբռնել, թե ինչպես էր կորիզը հարմարվել ճեղքում և արմատները թել-թել տարածել շաղախի միջով։ Այո՛, զարմանալի էր, բայց ծառը գոյատևում էր, ու մարդիկ դադարեցին զարմանալուց։ Գիտեմ, եկող գարնանն էլ ծառը կծաղկի ու հետո կծածկվի պտուղներով, և գյուղի տղաների հերթական կենսախինդ սերունդը, դարձյալ չհամբերելով, կմագլցի վեր, կպոկի դեռևս չհասած կանաչ պտուղները` շտապելուց ու խառնաշփոթից մի քանի ճյուղ կոտրելով։ Հետո նրանք մի խորին խորհրդով կնստեն վերևում` կիսավեր գմբեթի վրա, կսեղմվեն իրար` ճգնելով տեղավորվել ծիրանենու թրթռացող ստվերում։ Իսկ ծառը կհամբերի ու մյուս գարնանն էլ կհագնի ճերմակ ծաղիկներով իր հարսանեկան զգեստը։
գ) Սեղաններից մեկին դրված էր ճեփ-ճերմակ գլխարկ, մյուսին` սև: Աճպարարը նապաստակին իջեցնում էր մի գլխարկի մեջ, հետո հանում էր մյուս գլխարկից` արժանանալով հանդիսատեսների որոտընդոստ ծափերին: Հանդիսատեսները շատ էին տեսել այդ համարը, բայց դարձյալ ծափահարում էին, մինչև իսկ ապշում, որովհետև այն ընդունված էր օրինաչափ: Մարդիկ աշխարհում մի հիմնարկ են ստեղծել. կրկես։ Այնտեղ պետք է հավաքվեն, պետք է գա մի ծաղրածու կամ աճպարար, ցույց տա որևէ ներկայացում` պարզունակ կամ անըմբռնելի, և իրենք պետք է ծափահարեն: Ու հիմա աճպարարը, հետևելով այդ անխախտ պայմանավորվածությանը, անբասիր պարտաճանաչությամբ կատարում էր իր գործը, և մարդիկ զվարթ ծիծաղում էին: Արտասովոր ոչինչ չկար, իրենց ամենօրյա տեղերում էին թե՛ հսկիչները, թե՛ հասարակությունը, թե՛ նապաստակը, և թե՛ աճպարարը: Եվ
աճպարարն էլ հրճվում էր իր արածներով, որոնք հեքիաթային էին թվում նույնիսկ իրեն, չնայած, երևի միլիոն անգամ կատարել էր: