Հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ և առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որևէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ: Հավաքի վայրը պետական, համայնքային կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) կամ շինություն է, որը հավաքի անցկացման նպատակով մատչելի է յուրաքանչյուրի համար։ Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։ Արգելվում է հավաքների ազատությունը օգտագործել սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով։
Յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել հավաքներին, սակայն ոչ ոք չի կարող ստիպել որևէ մեկին առանց իր ցանկության մասնակցել հավաքներին։ Մինչև 14 տարեկան երեխաները հավաքներին կարող են մասնակցել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությունից հետո։
Խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրականացումը հավաք անցկացնելու համար որևէ թույլտվություն ստանալ չի պահանջում: Առավելագույնը, լայնածավալ հավաքների կամ հասարակական կարգի բնականոն ընթացքի որոշակի խաթարում ենթադրող հավաքների
պարագայում իշխանությունները կարող են պահանջել ծանուցում։ Նման դեպքերում կազմակերպիչները պետք է կարողանան ամենապարզ և արագ եղանակով ծանուցել լիազոր մարմնին խաղաղ հավաքի անցկացման մասին՝ օրինակ, լրացնելով հստակ և հակիրճ ձևաթուղթ տվյալ երկրի հիմնական լեզվով (լեզուներով), ցանկալի է՝ առցանց՝ փոստով առաքման հետ կապված հնարավոր անճշտություններից և ձգձգումներից խուսափելու համար: Այս գործընթացը պետք է լինի անվճար, և ծանուցումը ստանալուն պես՝ իշխանությունները պետք է արագ հաստատեն պատշաճ
ծանուցման ստացումը։
Խաղաղ հավաքների ազատության իրավունքը բացարձակ իրավունք չէ։
«Հավաքն» իրենից ներկայացնում է որևէ կոնկրետ
նպատակով կանխամտածված ժամանակավոր գումարում մասնավոր կամ հանրային տարածքում: Այն ներառում է՝ ցույցերը, փակ տարածքներում հանդիպումները, գործադուլները, երթերը, հանրահավաքները կամ նույնիսկ նստացույցները: Հավաքները կենսական նշանակություն ունեն բնակչությունը համախմբելու, դժգոհությունները և ձգտումները ձևակերպելու, իրադարձությունների նշումը
խթանելու և ամենակարևորը՝ պետությունների պետական քաղաքականության վրա ազդելու համար:
Խորհուրդը հիշեցնում է մասնակից պետություններին՝ բոլոր անհատների խաղաղ հավաքներ անցկացնելու և միավորումներ կազմելու ազատության իրավունքը հարգելու և լիովին պաշտպանելու իրենց պարտավորության մասին, ինչպես առցանց, այնպես էլ համացանցի տիրույթից դուրս, այդ թվում՝ ընտրությունների համատեքստում, և փոքրամասնություն կազմող ուժերին աջակցող կամ այլախոհական հայացքները կամ համոզմունքները կիսող անձանց, իրավապաշտպանների, արհմիությունների անդամների և այլոց, այդ թվում՝ այդ իրավունքն իրացնող կամ պաշտպանող միգրանտների իրավունքը։
Հավաքը կարող է ենթարկվել որոշակի սահմանափակումների,
որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ ազգային անվտանգության կամ հանրային
ապահովության, հասարակական կարգի պահպանման, հանրային առողջապահության կամ բարոյական սկզբունքների պահպանման կամ այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար։ Սակայն վերոնշյալ սահմանափակումները բացառություններ են, այլ ոչ թե օրինաչափություն: Հավաքների ազատության որևէ սահմանափակում չպետք է խախտի այդ իրավունքի էությունը, պետք է ամրագրված լինի օրենքով և պետք է լինի համաչափ և «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»։