
Երեկ՝ ապրիլի 2֊ին իսպաներենի խմբով այցելեցինք Բրյուսովի անվան պետական համալսարան։ Ծանոթացանք այնտեղի իսպաներենի դասախոսների հետ, ովքեր մեզ ուղեկցեցին արգենտինական լսարան։ Այդ լսարանը տարբերվում էր Բրյուսովի մնացած բոլոր լսարաններից՝ լուսավոր ու ժամանակակից էր։ Սկզբում դասախոսներից մեկը մի փոքր ներկայացրեց իրենց համալսարանը, որից հետո մենք էլ ներկայացրեցինք մեր դպրոցը և թե ինչ նախագծեր ենք արել իսպաներենից։ Ներկայացրեցինք մեր թարգմանած գիրքը, մուլտֆիլմները։ Որպեսզի այցը ավելի գունավոր ու հետաքրքիր լիներ մեր աշակերտներից երկուսը իսպանական ամենահայտնի երգերից մի քանիսը ներկայացրեցին։ Վերջում մենք մեզ հետաքրքրող հարցերը տվեցինք, որոնց թե՛ դասախոսները, թե՛ ուսանողները հաճույքով պատասխանեցին։ Այցը շատ հետաքրքիր էր, տեղեկացանք համալսարանական կյանքի դրականից և բացասականից, քննարկեցինք, զրուցեցինք գրեթե բոլոր մեզ հետաքրքրող թեմաներից։


Այցից հետո, կիթառ նվագելով, շրջեցինք Երևանի փողոցներով և որպեսզի մեր օրը ավելի հետաքրքիր դարձնեինք, որոշեցինք գնալ իսպանական սրճարան։ Փորձեցինք իսպանական ուտեստներ։ Զրուցեցինք, լավ ժամանակ անցկացրեցինք։ Շնորհակալ ենք մեր իսպաներենի դասավանդող Ռուզաննա Սարգսյանին՝ մեր օրը գեղեցիկ, գունավոր և յուրահատուկ դարձնելու համար։


