Posted in Իրավունք

Հավաքների կազմակերպման իրավունքը

Հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ և առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որևէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ: Հավաքն իրականացվում է մեկ վայրում հավաքվելու կամ մեկ վայրից մյուսը տեղաշարժվելու միջոցով։

Հոդված 5. Հավաքների ազատության սահմանափակումների հիմքերը

1. Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության (այսուհետ՝ հանրության շահեր), այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը (այսուհետ՝ այլ անձանց սահմանադրական իրավունքներ) գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։

2. Արգելվում է հավաքների ազատության օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով։

Հոդված 6. Հավաքներին մասնակցելու իրավունքը

1. Հավաքներին մասնակցելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք (Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք):

2. Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը որևէ հավաքի։

3. Հավաքի մասնակից է այն անձը, որը հավաքի անցկացման ժամանակ գտնվում է հավաքի վայրում` հավաքին մասնակցելու նպատակով:

4. Հավաքի մասնակից չեն հավաքի անցկացման վայրում հավաքի անցկացման ժամանակ իրենց լիազորություններն իրականացնելու կամ աշխատանքային պարտականությունները կատարելու, ստեղծագործական գործունեություն կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ գործունեություն իրականացնելու նպատակով գտնվող անձինք, ինչպես նաև հավաքի լուսաբանման նպատակով ներկա գտնվող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:

Հոդված 7.Հավաքի կազմակերպիչը

1. Հավաքի կազմակերպիչ կարող է լինել հավաքին մասնակցելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ինչպես նաև ցանկացած իրավաբանական անձ։

2. Հավաքի կազմակերպիչը հավաքի ղեկավարն է։ Եթե հավաքը կազմակերպվում է իրավաբանական անձի կողմից, ապա հավաքի ղեկավարը իրավաբանական անձի ղեկավարն է։ Կազմակերպիչը կարող է հավաքի ղեկավարումը հանձնարարել այլ անձի։

3. Եթե հավաքի ղեկավարի պարտականությունները փաստացի իրականացնում է այլ անձ, ապա նա է կրում սույն օրենքով հավաքի ղեկավարի համար սահմանված իրավունքները և պարտականությունները։

Հոդված 8.Հավաքներին մասնակցելու և հավաքներ կազմակերպելու սահմանափակումները

1. Սահմանադրական դատարանի անդամներն ու դատավորները, ինչպես նաև զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է քաղաքական չեզոքություն և զսպվածություն ցուցաբերեն։

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք իրավունք չունեն կազմակերպելու այնպիսի հավաքներ, որոնք կարող են կասկածի տակ դնել իրենց քաղաքական չեզոքությունը։

3. Զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողներն իրավունք չունեն հավաքին մասնակցելու ծառայողական համազգեստով։

4. Մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։

Սրանք բոլոր այն հոդվածներն են, որոնք վերաբերում են հավաքներ կազմակերպելու իրավունքին և սահմանափակեւմներին։

Leave a comment