
Անկախ իրենց բնակության վայրից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, ազգային պատկանելությունից կամ կրոնից, սեռից, տարիքից և ռասայից՝ բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ։ Մարդը ձեռք է բերում իրավունքեր ի ծնե, քանի որ մարդը բանական էակ է։ Դրանք գործում են միշտ և ամենուր, քանի որ դրանք համընդհանուր են և հավասարազոր են բոլոր մարդկանց համար։ Սրանք հիմնված են փոխադարձ հարգանքի և օրենքի ուժի վրա ու պարտավորեցնում են մարդկանց՝ հարգելու մեկը մյուսի իրավունքները։ Դրանք չեն կարող օտարվել, բացառությամբ հատուկ նախատեսված դեպքերի։ Մարդու իրավունքների օրինակ կարող է լինել ազատությունը։ Ոչ ոք չի կարող ապօրինի ձերբակալվել, ենթարկվել խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, ինչպես նաև ոչ ոք չի կարող ենթարկվել մահապատժի։
Յուրաքանչյուրս յուրովի ենք ընկալում և հասկանում մարդու իրավունքներ արտահայտությունը։ Այն ունի բազմաթիվ սահմանումներ։ Օրինակ՝
- Մարդու իրավունքները կոչված են ապահովելու յուրաքանչյուր անձի` հասարակության մնացած անդամների և պետական մարմինների կողմից իր մարդկային արժանապատվությանն ու պատվին համապատասխան վերաբերմունքի արժանանալու իրավունքը:
- Մարդու իրավունքներն ամեն տեսակ անարդարությունների դեմ պայքարելու բարոյապես արդարացված միջոց են:
- Մարդու իրավունքներն ստիպում են, որ դատարաններն ու ոստիկանությունը պաշտպանեն հանցագործներին և ահաբեկիչներին` ի հաշիվ ժողովրդի մեծամասնության միջոցների և անվտանգության:
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը սահմանում է․
- Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
- Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
- Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

«Մարդու իրավունքներ և ազատություններ» հասկացություններն ի հայտ են եկել դեռևս հնագույն դարաշրջաններում: Ազատության վերաբերյալ առաջին հիշատակումը հանդիպում է մ.թ.ա. 14–րդ դարում: Մարդու իրավունքները գոյություն ունեին դեռևս Հին Հունաստանում և Հին Հռոմում, դրանք ամրագրում էին օրենքի ու օրինականության արժեքն ու կարևորությունը: Մարդկության ամբողջ պատմությունն իրենից ներկայացնում է մարդու անընդմեջ պայքար պետության հետ` առավել շատ իրավունքներ ու ազատություններ ձեռք բերելու համար: Մարդու իրավունքների վերաբերյալ նախնական իրավական ձևակերպումներն առաջին անգամ տեղ են գտել 1215 թվականի՝ Անգլիական «Մագնա կարտա» կոչվող փաստաթղթում, որը պայմանագիր էր անգլիական թագավորի և բարոնների միջև: Այդ պայմանագրով երաշխավորվում էր, որ ազատ մարդիկ չեն կարող ձերբակալվել, բանտարկվել կամ զրկվել իրենց ունեցվածքից այլ կերպ, քան դատարանի օրինական վճռով:

Մարդու իրավունքները՝ որպես իրավունքի ճյուղ, կառավարություններին պարտավորեցնում է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ որոշակի այլ գործողություններից: Անհատները ևս ունեն պարտականություններ. իրենց իրավունքներից օգտվելիս նրանք պետք է հարգեն այլոց իրավունքները: Որևէ կառավարություն, խումբ կամ անհատ իրավունք չունի կատարելու որևէ գործողություն, որով կխախտվեն այլ անձի իրավունքները:

Մարդու իրավունքները համընդհանուր են և անքակտելի: Աշխարհի ցանկացած վայրում գտնվող բոլոր մարդիկ օժտված են դրանցով: Որևէ մեկը չի կարող ինքնակամ հրաժարվել դրանցից: Նմանապես, այլոք չեն կարող դրանք խլել նրանից: Մարդու իրավունքները անբաժանելի են: Անկախ նրանից, թե ինչ բնույթի են իրավունքները՝ քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական կամ մշակութային, դրանք բոլորը բնորոշ են յուրաքանչյուր մարդկային էակի: Հետևաբար, բոլոր դրանք ունեն հավասար կարգավիճակ՝ որպես իրավունք: «Փոքր» իրավունք հասկացություն գոյություն չունի: Մարդու իրավունքների աստիճանակարգում ևս չկա: Յուրաքանչյուր անձ և բոլոր մարդիկ իրավունք ունեն ակտիվ, ազատ և իմաստալից մասնակցություն և ներդրում ունենալու քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման գործում և օգտվելու դրանցից, որոնց միջոցով կարող են իրացվել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները: Պետությունները և հանձնառու այլ կողմերը պետք է պահպանեն մարդու իրավունքների վերաբերյալ փաստաթղթերում սահմանված իրավական նորմերը և ստանդարտները: Այդ հարցում ձախողվելու դեպքում խախտված իրավունքների կրողները իրավունք ունեն իրավասու դատարանում վարույթ հարուցելու հայց ներկայացնել պատշաճ հատուցում ստանալու վերաբերյալ՝ օրենքով սահմանված կանոններին և ընթացակարգերին համապատասխան:

Քանզի մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ արժանապատվության և հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչումն աշխարհի ազատության, արդարության և խաղաղության հիմքն է:
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր
Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ և իրավունքներով: Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով, և պարտավոր են միմյանց նկատմամբ վարվել եղբայրության ոգով:
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր (հոդված 1)
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հոդվածները այստեղ։