“Գիշեր և հուշեր” ժողովածուից դուրս բերել խոսքի պատկերավորման միջոցները։
1. ՃԱՄՓԱԲԱԺԱՆ
Կանգնած եմ նորից ահեղ անտառում
Ճանապարհների բաժանումի մոտ.
Հանգչում են վերջին կրակներն աղոտ,
Ու մութն է կրկին իջնում ու փռվում…
Անցած օրերըս շարքերով դալուկ
Շողում են ահա և անհետանում.
Չըգիտեմ կյանքը ինձ ո՞ւր է տանում. —
Ամեն ինչ հարց է, մթին հանելուկ։
Ծեծում են կուրծքըս քամիները բիրտ,
Հազար ձայներով անտառն է խոսում,
Ես ուղիների լաբիրինթոսում,
Եվ ողջը օտար, ողջը խստասիրտ։
Կանգնած եմ նորից ահեղ անտառում
Մութ ուղիների բաժանումի մոտ.
Պարզված է սիրտըս հեռուն ու հեռուն,
Այրում է հոգիս, անհուն մի կարոտ…
Մակդիրները
Ահեղ անտառ, դալուկ օրեր, բիրտ քամիներ, անհուն կարոտ։
2. ՄՈՌԱՑԱԾ ՈԻՂԻՆ
Հեռու դղյակի քնքուշ թագուհին
Ծաղիկների մեջ, լուսեղեն այգում
Շրջում է և ինձ կանչում է կրկին,
Ցերեկը տրտում, գիշերը անքուն
Հեռու դղյակի քնքուշ թագուհին։
Կար մի դյութական ուրիշ ժամանակ,մ
Երբ նրա կանչի հըրաշքին հլու՝
Ես թողնում էի օրերըս մենակ
Եվ այս աշխարհից սլանում հեռու…
Կար մի դյութական ուրիշ ժամանակ…
Գինովցած մի այլ կյանքի խնդությամբ՝
Թողնում էի այս վայրերը թառամ,
Սլանում, որպես լուսեղեն մի ամպ,
Եվ փարում նրան, փայփայում նրան,
Գինովցած մի այլ կյանքի խնդությամբ։
Հիմա չգիտեմ այն լուսե ուղին,
Բայց զգում եմ դեռ, զգում եմ՝ ինչպես
Հեռու դղյակի քնքուշ թագուհին
Կանչում է ինձ միշտ, կանչում է, բայց ես
Արդեն չըգիտեմ այն լուսե ուղին…
ՄԱԿԴԻՐՆԵՐԸ
Լուսեղեն այգի, դյութական ժամանակ, թառամ վայրերը, լուսեղեն ամպ, լուսե ուղի։
Համեմատություն
Սլանում, որպես լուսեղեն մի ամպ
3. ԱՇՈՒՆ
Մեգ է, անձրև ու մշուշ
Իմ այգում մերկ,
Դառը թախիծ ու վերհուշ, —
Անվախճան երգ։
Հողմն է լալիս թփերում
Մերկ ու վտիտ.
Ցուրտ է, խավար է հեռուն
Եվ անժպիտ։
Սիրտըս թախծոտ ու խոցոտ,
Հոգիս հիվանդ, —
Ո՞վ արևոտ ու բոցոտ
Կըվառե խանդ։
Տունըս ավեր ու խավար՝
Օրըս անլույս,
Ո՞վ կըվառե ոսկեվառ
Երազ ու հույս….
ՄԱԿԴԻՐՆԵՐԸ
Մերկ այգի, դառը թախիծ ու վերհուշ, անվախճան երգ, մերկ ու վտիտ թփեր, թախծոտ ու խոցոտ սիրտ, հիվանդ հոգի, խավար տուն, անլույս օր։
4. ՓՈՂՈՑԻ ԵՐԳԸ
Պատուհանիս տակ լալիս է կրկին
Թափառիկ երգչի երգը ցավագին,—
Տխուր այդ երգը վաղուց եմ լսել,
Կարծես թե ե՛ս եմ այդ երգը հյուսել,
Կարծես թե ե՛ս եմ լալիս այդ երգում,
Կարծես թե քե՛զ եմ կարոտով երգում։
ՄԱԿԴԻՐՆԵՐԸ
Ցավագին երգ
Համեմատություն
Կարծես թե ե՛ս եմ այդ երգը հյուսել,
Կարծես թե ե՛ս եմ լալիս այդ երգում,
Կարծես թե քե՛զ եմ կարոտով երգում։