Posted in Հայոց լեզու, Գրականություն

Բառարանի տեսակները

Ըստ բառաքանակի կամ ըստ բառահոդվածի ծավալի բառարանները լինում են ընդարձակ կամ լիակատար, և համառոտ բառարան։ Ըստ գործնական լինում են դպրոցական բառարան, նաև՝ առձեռն բառարան, տեղեկատու բառարան։ Ըստ գիտական մշակվածությամբ՝ ակադեմիական բառարան. երբ սա արտահայտում է նաև գրական լեզվի նորմավորվածությունը՝ նորմատիվ բառարան։ Ակադեմիական բառարանը բացատրական բառարանի տարատեսակ է, որտեղ բացատրությունների հիմքում ընկած են լինում բառային երևույթների գիտական քննությամբ վերհանված նորմաները: Բնորոշվում է բառի նշանակության մանրամասն բացատրություններով և գրական վկայություններով, հոմանիշների, ոճերի ընդգրկմամբ, բառապաշարային շերտերի ու քերականական նշումներով: Ըստ լեզուների ընդգրկման՝ միալեզվյան բառարան, եթե վերաբերում է մեր լեզվի բառամթերքին, երկլեզվյան բառարան, եթե վերաբերում է երկու լեզուների բառամթերքին, բազմալեզվյան բառարան, եթե բառամթերքը շատ լեզուների է վերաբերում։ Վերջին երկու տիպի բառարանները սովորաբար թարգմանական բնույթի են լինում։ Կան նաև՝ համեմատական բառարան, զուգադրական բառարան և այլն։ Ըստ բառամթերքի բնույթի, բառահոդվածի կառուցվածքի ու բովանդակության, ինչպես նաև նպատակաուղղվածության՝ բառարանները բաժանվում են երկու խմբի՝ լեզվական (լեզվաբանական, բանասիրական) բառարաններ և հանրագիտական բառարաններ։ Լեզվականները լինում են՝ բացատրական, բառակազմական, դարձվածաբանական, համանունների, հանգարան կամ հանգաբառարան, հապավումների, հոմանիշների, հեղինակային, պատմական, ստուգաբանական, ուղղագրական, ուղղախոսական, թարգմանական, օտար բառերի և այլն։ Հանրագիտական տիպի բառարաններ են՝ հանրագիտարանները, մասնագիտական բառարանների մեծ մասը, կենսագրական բառարանները, անձնանունների բառարանների մեծ մասը և այլն։ Կան և այդ երկու տիպի բառարանների սկզբունքների համադրման դեպքեր։ Սա հատկապես լինում է մասնագիտական որոշ բառարաններում, անձնանուններում ու ճյուղային առանձին բառարաններում և այլն։ Ըստ բառապաշարային ընդգրկման՝ գրաբարյան, միջինհայերենյան, բարբառագիտական (գավառական), աշխարհաբարյան, հեղինակային (գրողի լեզվի), անձնանունների, հոմանիշների, համանունների, հականիշների, նորաբանությունների, հնաբանությունների, օտար բառերի, մասնագիտական (տերմինաբանական)։Ըստ լեզվական միավորների տիպի՝ արմատական, դարձվածաբանական, քերականական, հապավումների և այլն։Ըստ գլխաբառերի (բառացանկի) դասավորության՝ այբբենական, փնջային (ըստ ազգակից արմատների), շրջուն (օրինակ, հանգաբառարանները)։ Ստեղծվում են նաև վիճակագրական բառարաններ։ Նշված հիմունքները բացարձակ չեն. կան և դրանց համակցումները։ Բառարանագիրները հաճախ ղեկավարվում են համակցված սկզբունքներով. օրինակ, դպրոցական բառարանը կարող է լինել համառոտ կամ ընդարձակ, ուղղագրական կամ ուղղախոսական և այլն։

Leave a comment