
Ինչո՞ւ են այսքան կարևորվում և առանձին ներկայացվում երեխայի իրավունքները։ Կարելի է առանձնացնել երկու կարևոր հատկանիշ։
- Երեխաները, չունենալով բավականաչափ գիտելիքներ և հասունություն, չեն կարող ունենալ նույն իրավունքները, ինչ չափահաս մարդիկ։ Երեխաների համար պետությունը պետք է երաշխավորի որոշակի «արտոնություններ»։
- Մարդը անչափահաս տարիքում ձևավորվում ու զարգանում է որպես անհատ, և ինչպես որ դաստիարակվի, ինչպիսի գիտելիքներ ստանա, այնպես էլ կզարգանա նրա հետագա կյանքը։
Բոլոր երեխաներն էլ ունեն հավասար իրավունքներ՝ անկախ իրենց և ծնողների ազգությունից, սեռից, լեզվից, ծագումից, կրթությունից և այլն։
Յուրաքանչյուր երեխա ունի կյանքի իրավունք։ Պետությունը պարտավոր է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները երեխայի ապրելու և զարգանալու համար։
Բոլոր երեխաները ունեն անվան և քաղաքացիության իրավունք։ 16 տարին լրացած երեխան կարող է փոխել իր անունը՝ դիմելով խնամակալության և հոգաբարձության մարմնին։
Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման և ամրապնդման իրավունք։ Պետական համապատասխան մարմիններն ապահովում են առողջապահական ծառայություններից երեխայի անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավուրությունը։
Յուրաքանչյուր երեխա ունի մարմնական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք։ Ծնողների կամ օրինական այլ ներկայացուցիչների կողմից երեխայի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման անկարողության կամ անհնարինության դեպքում պետությունը ցուցաբերում է համապատասխան օգնություն։
Յուրաքանչյուր երեխա ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք։ Երեխաները իրավունք ունեն ազատորեն արտահայտելու իրենց կարծիքը։ Այս իրավունքի շրջանակներում շատ կարևոր է երեխայի ազատ խոսքի և մտածելու կարողությունը զարգացնելը։
Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու և ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք։ Պետական համապատասխան մարմինները հիմնում են հանրակրթական, մասնագիտական դպրոցներ, մարզական և մշակութային ստեղծագործական մանկական կենտրոններ երեխայի տաղանդի, մտավոր և մարմնական ունակությունները զարգացնելու համար։
Առանց ծնողական խնամքի մնացած երեխան ունի պետության և նրա համապատասխան մարմինների կողմից պաշտպանության, խնամքի, դաստիարակության և օգնութան իրավունք։