
Բոլորս էլ գիտենք, որ այնտեղ, որտեղ մենք ապրում ենք, այն, ինչը շրջապատում է մեզ մեր շրջակա միջավայրն է։ Շրջապատող միջավայրը բավականին լայն հասկացություն է և ընդգրկում է արհեստական միջավայրի (տնտեսություններ, արդյունաբերություն, ձեռնարկություններ և այլ ինժեներական կառույցներ) տարրերը, ինչպես նաև տվյալ հասարակարգի սոցիալական գործոնները։ Գիտության ու տեխնիկայի բուռն զարգացման, ազգաբնակչության նյութական, հոգևոր ու գեղագիտական պահանջների անընդհատ աճի ու բարելավման արդի պայմաններում շրջապատող միջավայրի պահպանման ու բնական պաշարների ռացիոնալ օգտագործման պրոբլեմը ձեռք է բերել կարևորագույն նշանակություն։ Մարդն իր գործունեությամբ ակտիվորեն ազդում է շրջապատող բնական միջավայրի վրա, և այդ ազդեցությունը կարող է ունենալ թե՛ դրական, և թե՛ բացասական հետևանքներ։ Այս նյութում կպորձեմ գնահատել իմ շրջակա միջավայրի որակը, օրինակներով կներկայացնեմ, թե ինչպես է շրջակա միջավայրը ազդում մեր և մեր առողջության վրա և կառանձնացնեմ ՀՀ-ում տարածված այն հիվանդությունները, որոնք կապված են շրջակա միջավայրի հետ։

Ապրում եմ Երևանում և չեմ կարող ասել, որ իմ շրջակա միջավայրը լիովին մաքուր է։ Օրինակ՝ դպրոց գնալիս՝ գետնին նկատում եմ կոնֆետների թղթեր, ծխախոտի մնացորդներ, պլաստիկ շշեր և մի շարք այլ թափոններ։ Երբեմն մարդիկ մնացորդները գետին են նետում և իրենց արդարացնում են այսպես․ «Մեկ կոնֆետի թուղթը կամ ծխախոտի մնացորդը բնության, շրջակա միջավայրի վրա չեն կարող ազդել»։ Բայց եկեք մի պահ պատկերացնենք, թե ինչ կլիներ, եթե բոլոր մարդիկ այդպես մտածեին։ Սարսափելի է անգամ պատկերացնելը, չէ՞։ Շրջակա միջավայրի աղտոտվածության գործում մեծ դեր ունեն նաև գործարանները, տրանսպորտային միջոցները, որոնք օդ են արտանետում մի շարք վնասակար գազեր, ինչը վտանգավոր է և՛ շրջակա միջավայրի, և՛ մեր առողջության համար։ Հենց այստեղից էլ պարզ է դառնում, թե մենք որքա՜ն մեծ վնաս կարող ենք հասցնել բնությանը՝ մեր շրջակա միջավայրին։ Շրջակա միջավայրին վնաս հասցնելով՝ մենք վնաս ենք հասցնում նաև ինքներս մեզ, մեր առողջությանը։ Մի շարք հիվանդություններ կապված են հենց բնության աղտոտվածության հետ։ Հիվանդություններից հիմնականում շատ տարածված են շնչառական օրգանների հետ կապված հիվանդությունները։

Ինչպես արդեն նշեցի, մարդը ակտիվորեն ազդում է շրջապատող բնական միջավայրի վրա։ Ազդեցությունը կարող է լինել և՛ դրական, և՛ բացասական։ Մի փոքր ներկայացնեմ դրական կողմերը։ Չորացվել և օգտագործվել են միլիոնավոր հեկտար ճահիճներ ու գերխոնավ հողատարածություններ, որի շնորհիվ խիստ կրճատվել են հիվանդությունները, ոռոգվել են անապատային հողերը, զգալի քանակով անապատներ, ձորեր ու լեռնալանջեր կանաչապատվել ու անտառապատվել են, քաղաքներում, գյուղերում ու ավաններում ստեղծվել են անտառագոտիներ։ Սակայն պետք չէ մոռանալ նաև բացասական կողմերի մասին։ Մարդկային արտադրական գործունեությունը լուրջ վտանգ կարող է սպառնալ շրջապատող միջավայրին, եթե այն իրականացվի առանց հաշվի առնելու շրջապատող միջավայրի պահպանության պայմանները։ Մասնավորապես վտանգավոր կարող են լինել էներգետիկայի և մշակող արդյունաբերության մի շարք ճյուղերի (նավթի վերամշակում, միջուկային էներգետիկա, քիմիական արդյունաբերություն, գունավոր մետալուրգիա) օբյեկտները, գյուղատնտեսության քիմիացումը, ավտոմոբիլային, ջրային և օդային տրանսպորտի աճը։ Բազմաթիվ երկրներ խմելու ջրի պակասի պատճառով սառցալեռներ են տեղափոխում Գրենլանդիայից։ Միաժամանակ ջրային աղբյուրներն ու Համաշխարհային օվկիանոսը աղտոտվում են արդյունաբերության, գյուղատնտեսության ու կոմունալ տնտեսության թափոններով։

Երբեք չպետք է մոռանալ, որ շրջապատող միջավայրի պահպանությունը շատ կարևոր դեր է խաղում մեզ համար։ Շրջակա միջավայրի պահպանութան հիմնական խնդիրներն են շրջակա միջավայրի բնական վիճակի պահպանումը, վերականգնումը, վնասազերծումը, բնական պաշարների խելամիտ օգտագործումը, շրջակա միջավայրի վրա ֆիզիկաքիմիական, կենսաբանական և այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը։ Շրջակա միջավայրի պահպանության պետական քաղաքականությունն ու ռազմավարությունը մշակում է բնապահպանության նախարարությունը։ Գործում են նաև շրջակա միջավայրի պահպանության ազգային և միջազգային, պետական և ոչ պետական կազմակերպություններ։ Իսկ ինչ վերաբերում է մեզ, պետք է փորձել հնարավորինս քիչ աղտոտել մեզ շրջապատող միջավայրը, լինել ավելի ուշադիր բնության և նրա բարիքների հանդեպ։