Posted in Առցանց ուսուցում, Գրականություն

Տար ինձ, ժամանակ


Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:

Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
Դառնում է արդեն խորին հնություն:

Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:

Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:

Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,
Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,
Որ չմոլորվեմ քո ոլորտներում
Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:

Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:

Համո Սահյանի «Տար ինձ, ժամանակ» բանաստեղծությունը շատ դուր եկավ ինձ։ Բանաստեղծությունը ժամանակի մասին է։ Հեղինակը կարծես վախենում է ժամանակից, վախենում է, որ կմոլորվի նրա ոլորտներում և ետ կմնա։ Ժամանակը այնքան արագ է անցնում, որ կորցնում ես նրան կառավարելու ունակությունդ։ Հենց սրանից էլ վախենում է Սահյանը։ Հեղինակը կարծես այս բանաստեղծությամբ դիմում է ժամանակին, խնդրում, որ դուրս հանի իրեն իր մթին կիրճերից, փրկի իրեն այդ խուլ ախ ու ճիչերից և տա իր ոգին, որպեսզի նա շառաչի։ Խնդրում է, որ պարզեցնի ճանապարհը, վերցնի իր թևերին և իր հետ տանի նրան։

Leave a comment