Ինձ շատ դուր եկավ «Կարևորում եմ» հոդվածը։ Այդ պատճառով ընտրեցի այն և կփորձեմ ներկայացնել իմ տեսակետը, վերլուծել հասկացածս։
Այստեղ կառանձնացնեմ ինձ ամենից շատ դուր եկած հատվածները, տողերը։
Չէ՞ որ քո նպատակը ոչ միայն խնդիրը լուծելը կամ այն ընտրելն է, այլև իրական կյանքում սերտորեն փոխկապակցված հնարավորինս շատ հայեցակետեր բացահայտելն է։ Չէ՞ որ յուրաքանչյուր նախագիծ յուրօրինակ և անվերջ է, քանի որ խնդիրները վերացական հասկացություններ չեն, այլ վերցված են իրականությունից։
Ամեն բացվող օրվա հետ մի նոր աշխարհ ես բացահայտում՝ քո, քեզ շրջապատող սովորողների աշխարհը: Այն քո առաջ բացում է մեծ հնարավորություններ ու մեկտեղ խիստ պահանջկոտությամբ ստիպում օգտվել այդ հնարավորություններից, ժամանակից հետ չմնալ, շարժվել առաջ, ճանապարհին բացահայտել քեզ, քո սովորողներին, ձեր հնարավորությունները, ոգևորվել դրանից ու կրկին շարունակել առաջ շարժվել՝ բացահայտելու նորը, ավելի հետաքրքիրը: Քեզ ազատություն է տրված, դու ես արարիչը, դու ես մտածում, փնտրում, գտնում մի քանի լուծումներ, փորձում, մեկ-մեկ սայթաքում, նորից վեր բարձրանում, նորից փորձում, նորը փորձում…
Ինչու՞ ընտրեցի հենց այս հոդվածը։ Պատասխանեմ շատ կարճ ու հստակ։ Քանի որ այստեղ ներկայացված էր իմ շրջապատը, առօրյան, սովորողների հետաքրքրությունները։ Քանի որ այն շատ հոգեհարազատ էր ինձ։ Ինձ հատկապես շատ դուր եկավ այս տողը․«խնդիրները վերացական հասկացություններ չեն, այլ վերցված են իրականությունից»։ Եվ այո՛, շատ ճիշտ է։ Յուրաքանչյուր խնդիր վերցված է իրականությունից, իրական կյանքից և բոլորն էլ ունեն իրենց տրամաբանական լուծումները։ Չնայած՝ շատերը հեշտ լուծվող են, շատերը՝ ոչ։ Ըստ իս՝ մենք որքան բարդ խնդիր ենք լուծում, այնքան ավելի շատ ենք սկսում ճանաչել աշխարհը, կյանքը։ Երբեք չպետք է հանձնվենք, չպետք է կանգնենք խնդրի առաջ ու ասենք, որ չենք կարող։ Պետք տանջվենք և վերջնականապես հասնենք մեր երազանքին, մեր նպատակին։ Ամեն օր մենք նոր աշխարհ ենք բացահայտում։ Երբեմն նորը լինում է դաժան, անհասկանալի, խճճված։ Բայց քանդելով այդ խճճված կծիկը, գտնելով սկիզբը և վերջը, այն դառնում է մեզ համար դյուրին ու ըմբռնելի։