Առևտուրը արտադրանքի, ծառայությունների, արժեքների և փողի փոխանակման միջոց է։ Լայն իմաստով առևտուրը գործունեության տեսակ է, որը կապված է ապրանքների առք ու վաճառքի հետ։ Տարբերում են մեծածախ և մանրածախ առևտուր։
Արտաքին առևտուր ասելով՝ հասկանում ենք այլ երկրների հետ համագործակցություն, առք ու վաճառք։ Եթե երկրում չկա որևէ ռեսուրս, ապրանք և այլն, ապա երկիրը այն ներմուծում է այլ երկրներից։ Եվ հակառակը, եթե որևէ ռեսուրս շատ է երկրում, ապա արտահանում է։
Ըստ առևտրաշրջանառության ծավալների՝ Հայաստանի առևտրային գործընկերների շարքում առաջին եռյակը կազմել են Ռուսաստանը, Չինաստանն ու Շվեյցարիան։ Ռուսաստանի կշիռը (26.7%) անհամեմատ ավելի մեծ է, քան Չինաստանինը (9.4%) և Շվեյցարիայինը (5.7%): Հնգյակում են նաև Գերմանիան ու Բուլղարիան։ Հայաստանի TOP 10 առևտրային գործընկերների ցանկը շարունակում են Իրանը, Վրաստանը, Թուրքիան, ԱՄՆ-ը և ԱՄԷ-ը։

Ապրանքների և ծառայությունների բարձրարդյունավետ արտադրությունում մասնագիտացած երկրների արտադրանքը տարածվում է ողջ աշխարհում։ Եվ որքան մեծ է ապրանքների ու ծառայությունների տեսականին, այնքան մեծ է դրանցից օգտվողների՝ սպառողների քանակը և բարձր՝ կենսամակարդակը։ Այդ է պատճառը, որ ոչ մի երկիր չի խոչընդոտում մյուս երկրներից ազատ առևտրի միջոցով ապրանքների ներմուծումը։ Սակայն քանի որ էժան ապրանքների ներմուծումը կարող է երկրի ներսում ճնշել նույնատիպ ապրանքի արտադրությունն ու այնտեղ զբաղված բանվորներին զրկել աշխատանքից, ձեռնարկվում են նաև դրանք կանխող հակաքայլեր։

Աշխատանքի միջազգային բաժանումը (ԱՄԲ) տարբեր երկրների մասնագիտացումն է որոշակի ապրանքների արտադրության ոլորտում, որոնց պատրաստման համար տվյալ երկրում առկա են արտադրության էժան գործոններ և նպատակահարմար պայմաններ՝ ի համեմատ այլ երկրների։ Նման մասնագիտացման դեպքում երկրների պահանջմունքները բավարարվում են սեփական արտադրությամբ, ինչպես նաև միջազգային առևտրի միջոցով։ Դա համաշխարհային տնտեսության կազմակերպման ձև է, որի դեպքում տարբեր երկրների ձեռնարկությունները մասնագիտանում են որոշակի ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման մեջ՝ փոխանակելով վերջնական արտադրանքը։