Posted in Առցանց ուսուցում, Գրականություն, Uncategorized

Ինքնամեկուսացման մեկ օր․անկեղծ խոստովանություն

Երբեք չեմ կարողացել պատկերացնել իմ ամբողջ օրը տանը՝ չորս պատերի մեջ։ Միշտ օրս հագեցած է եղել հետաքրքիր իրադարձություններով։ Բայց աշխարհում տիրող «ճգնաժամի» պատճառով (գուցե նաև շնորհիվ)՝ ստիպված ենք մնալ տանը։ Իհարկե, դա ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր։ Եվ այո՛, այս ամենի շնորհիվ ես բացահայտեցի տանը մնալու դրական կողմերը։ Այնպիսի տպավորություն է, թե օրերը երկարել են, և ես ունեմ անսահմանափակ ժամանակ՝ զբաղվելու այն ամենով, ինչը ես սիրում եմ և ինձ հաճույք է պատճառում։ Իսկ բացասականը․․․ ուշ եմ արթնանում։ Ամեն անգամ ուզում եմ կարգավորել օրվա ռիթմս, թեև միշտ չէ, որ ստացվում է։ Հետո հասկանում ես, որ մարդ արարածը համակերպվում է ամեն ինչի հետ, բայց չգիտեմ՝ լա՞վ է, թե՞ վատ։ Օրվա ընթացքում ժամանակ եմ հատկացնում նաև մարզվելուն, որովհետև ոչ ակտիվ վիճակը լավ բանի չի բերի։ Եթե անկեղծ՝ մինչ կարանտինը երբեք առավոտյան ժամանակ չեմ ունեցել, որպեսզի մարզվեմ։ Մարզվելուց հետո այնքան առույգ և էներգիայով լի եմ ինձ զգում։ Լոգանք եմ ընդունում, ստուգում եմ մեյլս և կատարում այդ օրվա առաջադրանքները։ Ամեն օր դասերի քանակը տարբեր է լինում։ Դասերին հատկացնում եմ հիմնականում 2-ից 3 ժամ։ Կարանտինը հնարավորություն տվեց ավելի շատ շփվել ընտանիքիս անդամների հետ։ Եթե փոքրիկ եղբայրս ու քույրս չլինեին՝ չգիտեմ էլ ինչով պետք է զբաղվեի։ Օրվա մեծ մասը իրենց հետ եմ անցկացնում։ Խաղում եմ եղբորս հետ, որը մեր ընտանիքի կյանքը լցրել է աշխուժությամբ, մուլտֆիլմեր եմ դիտում նրա հետ։ Ժամանակ եմ տրամադրում և սիրով դաշնամուր եմ նվագում։ Նոր երգեր եմ սովորում և նվագում։ Նվագելու ընթացքում կարծես հանգստանում եմ։ Իհարկե, օրվա մեջ նաև ժամանակ եմ հատկացնում գիրք կարդալուն, անգլերեն նոր բառեր սովորելուն։ Ամեն գիրք չէ, որ կարողանում եմ մինչև վերջ կարդալ, բայց սկսել եմ կարդալ «Շերլոկ Հոլմսի մասին» գիրքը։ Այնքա՜ն է դուրս եկել, որ ինձ թվում է՝ երկու օրում կավարտեմ։ Օրվա ընթացքում, իհարկե, չեմ մոռանում նաև սնվել։ Սնվելն էլ է մի տեսակ փոփոխության ենթարկվել․․․ դե, քանի որ էներգիայի վատնում չկա։ Եվ, իհարկե, օրվա վերջում պարտադիր որևէ ֆիլմ եմ դիտում քրոջս հետ։ Սիրում եմ, երբ պոպկորն ենք պատրաստում, հարմար տեղավորվում ենք մահճակալին և սկսում ենք ֆիլմ դիտել։ Հիմնականում դիտում ենք ֆանտաստիկ և դետեկտիվ ֆիլմեր։ Օրվա ընթացքում նաև հետաքրքիր պարային վիդեոներ ենք նկարում քրոջս հետ, երբեմն նաև մայրիկս է միանում։ Ընկերներիս հետ շփվում եմ օնլայն՝ տեսակապով կամ հաղորդագրությունների միջոցով։ Այսպիսով՝ բավականին «հետաքրքիր» է անցնում իմ կարանտինային արձակուրդը։ Այս կարճ ժամանակում անգամ, կարող եմ ասել, որ ավելի շատ բան սովորեցի և արեցի։ Քանի հնարավորություն ունենք պետք է ինքնակրթվենք ու զարգացնենք ինքներս մեզ։

Հ․ Գ․Երկար վերլուծելուց հետո հասկացա, որ մարդկային շփումը անփոխարինելի է։

Leave a comment