Բանկերի և դրանց գործունեության մասին ՀՀ օրենքը
Բանկն իրավաբանական անձ է, որն իրավունք ունի սույն օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա իրականացնել բանկային գործունեություն: Բանկային գործունեություն է համարվում ավանդներ ընդունելը կամ ավանդներ ընդունելու առաջարկությամբ հանդես գալը և ավանդն ընդունողի անունից և ռիսկով դրանք տեղաբաշխելը՝ վարկեր, ավանդներ, դեպոզիտներ տրամադրելու և ներդրումներ կատարելու միջոցով: Բանկային ավանդ է համարվում բանկ ներդրված այն ավանդը, որը, համաձայն գործարքի պայմանների,
- ենթակա է վերադարձման հատուցմամբ կամ առանց հատուցման՝ գումարը տրամադրողի (ավանդատուի) առաջին իսկ պահանջով կամ ավանդատուի եւ բանկի միջեւ համաձայնեցված ժամկետում.
- չի տրամադրվել այն օգտագործելու ռիսկը ավանդատուի կողմից ստանձնելու համաձայնությամբ.
- չի տրամադրվել որպես գույք կամ գույքային իրավունքներ վարձակալելու կամ ձեռք բերելու, աշխատանք կամ ծառայություն մատուցելու հատուցում, կամ որպես պարտավորության ապահովման միջոց:
Բանկային ավանդ է համարվում նաեւ բանկում բացված հաշվարկային, ընթացիկ, ժամկետային, խնայողական կամ նման այլ հաշիվը, ինչպես նաև բանկային ավանդի վրա հաշվարկված, բայց ավանդատուին չվճարված տոկոսները կամ այլ հատուցումը:
Առանց Կենտրոնական բանկի կողմից տրված բանկային գործունեության լիցենզիայի Հայաստանի Հանրապետության տարածքում բանկային գործունեություն իրականացնելն արգելվում է:
Հայաստանի Հանրապետության բանկային համակարգն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, նրանց մասնաճյուղերը, ներկայացուցչությունները, գործառնական գրասենյակները, ինչպես նաև օտարերկրյա բանկերի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները: Հայաստանի Հանրապետության տարածքում բանկերի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Բանկերի սնանկացման մասին», «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ օրենքներով, իսկ դրանցով նախատեսված դեպքերում եւ սահմաններում՝ Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով:
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը Հայաստանի Հանրապետությունում եւ նրա տարածքից դուրս կարող են հիմնել ներկայացուցչություններ՝ սույն օրենքով սահմանված կարգով: Բանկի ներկայացուցչությունը բանկի՝ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող և բանկի գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանումն է, որը ներկայացնում է բանկը, ուսումնասիրում է ֆինանսական շուկան, բանկի անունից կնքում է պայմանագրեր, իրականացնում է համանման այլ գործառույթներ: Ներկայացուցչությունը բանկային գործունեություն և սույն օրենքով սահմանված ֆինանսական գործառնություններ իրականացնելու իրավունք չունի: