Գավգամելայի ճակատամարտ
Գավգամելայի ճակատամարտը տեղի է ունեցել մ.թ.ա. 331 թ. հոկտեմբերի 1-ին, Ալեքսանդր Մակեդոնացու ու Դարեհ III Աքեմենյանի զորքերի միջև, Գավգամելայի հարթավայրում:
Այն դասվում է որպես Ալեքսանդրի երրորդ ու վճռորոշ ճակատամարտը Պարսկաստանի դեմ, որն ավարտվեց հունա-մակեդոնական զորքերի կատարյալ հաղթանակով և վերջ դրեց Աքեմեյանների տիրակալությանը:
Գավգամելայի լայնատարած տեղանքը Դարեհին հնարավորություն էր տալիս լիովին օգտագործելու իր քանակական առավելությունը: Կուրցիուս Ռուֆուսը հաղորդում է, որ Ալեքսանդրը ուներ 40000 հետևակազոր, 7000 հեծելազոր: Պարսկական ձախ թևում էին նաև Մեծ ու Փոքր Հայքի զորաջոկատները կուսակալներ Երվանդի ու Միհրվահիշտի գլխավորությամբ:
Պարսիկների զորքը հաշվում էր 200000 հետևակազոր, 45000 հեծելազոր, 200 մարտակառք և 15 փիղ:
Զորաշարվացքները սկսվեցին վաղ առավոտյան: Այս ճակատամարտի առանձնահատկություններից մեկն էր ուժերի անհամաչափելիությունը: Երբ առճակատվող բանակները դեմ դիմաց շարվեցին, ստացվեց, որ պարսիկների ճակատի երկարությունը 4 կիլոմետր էր կազմում, մինչդեռ Ալեքսանդրինը՝ գրեթե դրա կեսը: Այստեղից առաջանում էր պարսիկների կողմից շրջապատման ակնհայտ վտանգը: Պարսկական զորքի առաջին գծում, ճակատի ողջ երկարությամբ, տեղադրված էր հեծելազորը, երկրորդ գծի կենտրոնում գտնվում էր Դարեհի անձնական մարտակառքը, շրջապատված թիկնազորով, հետևում շարված էր հետևակը: Ալեքսանդրը դիրքավորեց փաղանգը իր ճակատի կենտրոնում, ձախից ու աջից՝ Պարմենիոնի ու իր գնդերը:
Ալեքսանդրի համար ակնհայտ էր, որ թշնամու հեծելազոր ճակատը միտված էր գրոհի, և ոչ թե պաշտպանողական գործողությունների: Ալեքսանդրի մտահղացմամբ, հարկավոր էր սադրել թշնամուն կատարել հապճեպ վերադասավորումներ ու դրանով խառնաշփոթ առաջացնել նրա շարքերում: Երբ բանակները դիրքավորվեցին, Ալեքսանդրը սկսեց շարժել իր զորքը, բայց ոչ թե առաջ, ինչպես ակնկալում էին պարսիկները, այլ դեպի աջ: Այդպիսով նա տեղաշարժեց ռազմադաշտը դեպի չհավասարեցված ու խորդուբորդ տեղանքը, ինչը զգալիորեն դժվարեցրեց պարսկական մարտակառքերի առաջխաղացումը: Բայց այդ աջակողմյա զուգահեռ տեղաշարժումը կատարվում էր ոչ միայն ռազմակառքերի չեզոքացման նպատակով, բայց ավելի շատ՝ թշնամու շարքերում խոցելի բացակ առաջացնելու միտումով:
Դարեհը, չըմբռնելով Ալեքսանդրի մանյովրները, հրամայեց սկսել գրոհը և գցեց իր ձախ թևը Ալեքսանդրի աջ թևի վրա: Այդ շարժումների ընթացքում Դարեհի ձախ թևը չափից ավելին պոկվեց կենտրոնից և պարսիկների ճակատում առաջացավ ակնկալված բացակը: Անհաջող եղավ նաև փղերի գրոհը, քանի որ մակեդոնացիները հատուկ տախտակներով, որոնց վրա ամրացված էին ցից մեխեր, խրտնեցրին ամեհի կենդանիներին:
Պատմիչները վկայում են, որ Ալեքսանդրի արագ վերադասավորումներն վտանգեցին նաև մակեդոնական շարքերը, որոնց մեջ նույնպես նոսրացում գոյացավ: Այդտեղ կատաղի ներս խուժեցին պարսիկները: Նրանց մի զորաթևը շրջապատեց Պարմենիոնի զորքը, իսկ մյուսը, հրամանատար Բեսոսի գլխավորությամբ, զարկեց Ալեքսանդրի վերջապահին: Պարմենիոնի զորաթևը Ալեքսանդրից օգնություն խնդրեց: Իսկ Ալեքսանդրը այդ պահին, ինչպես Իսոսի ճակատամարտում, մոլեգնած մոտենում էր Արքայոցն Արքայի մարտակառքին: Մյուս կողմից դոփում էր փաղանգը: Սարսափահար եղած Դարեհը շրջեց իր կառքը ու արշավակի ետ սլացավ: Փոշու քողն ու ճակատամարտի լայն սփռումը որոշ ժամանակով անտեղյակ պահեցին պարսից աջ թևը Դարեհի փախուստի մասին: Այս անգամ էլ Դարեհին հաջողվեց ճողոպրել, քանի որ հետապնդման ընթացքում Ալեքսանդրին տեղեկացրին Պարմենիոնի զորաթևի կրիտիկական վիճակի մասին: Մակեդոնացին դադարեցրեց հետապնդումն ու վերադարձավ ճակատամարտի դաշտը: Պարսիկները աստիճանաբար անկազմակերպ նահանջից՝ խուճապահար փախուստի անցան: Գավգամելայի ճակատամարտում հատկանշական եղավ մակեդոնական փաղանգի դերը, քանի որ ռազմավայրի հարթ տեղանքը թույլ տվեց Ալեքսանդրին լիակատար օգտագործելու նրա հնարավորությունները: Գավգամելայի արյունահեղ կռիվը ավարտվեց պարսիկների կատարյալ ջախջախումով: Հին պատմիչների գնահատմամբ ՛՛Մակեդոնացիների սեպաձև գրոհը շրջեց պատմության ընթացքը՛՛:
Կալոդենի ճակատամարտ
Կալոդենի ճակատամարտ տեղի է ունեցել 1746 թվականի ապրիլի 16-ին հյուսիսային Շոտլանդիայի Կալոդեն բնակավայրի մերձակայքում, Ինվերնեսից ոչ հեռու, Չարլզ էդուարդ Ստյուարտի գլխավորած շոտլանդական աշխարհազորայինների և Կամբերլենդի հերցոգ Վիլհելմ Օգոստոսի գլխավորած կառավարական ուժերի միջև։ Արդյունքում շոտլանդացիները ջախջախվեցին, անձամբ Չարլզը և նրա բանակի մնացորդները կարողացան փրկվել, բայց ոչ երկար ժամանակ։ Շոտլանդացիները ունեցան ավելի քան 1500 զոհ և վիրավոր, իսկ անգլիացիները՝ 50 զոհ, մոտ 250 վիրավոր։ Տարբերությունը հսկայական էր։
Ներկայացնելով Ք.ա. և Ք.հ. տեղի ունեցած ճակատամարտերը՝ նկատեցի բազմաթիվ տարբերություններ։ Առաջին տարբերությունը դա զոհերի թիվն է։ Գավգամելայի ճակատամարտում ավելի շատ մարդ է զոհվել, քան Կալոդենի ճակատամարտում։ Թեև Կալոդենի ճակատամարտը տեղի է ունեցել Գավգամելայի ճակատամարտից գրեթե 2100 տարի անց, բայց կային նաև նմանություններ։ Երկու կողմերն էլ պայքարում էին իրենց ազատության, խաղաղ կյանքի, հանգստության և հակառակորդին տապալելու համար։