Posted in Հասարակագիտություն

ԱՄՆ֊Իրան հակամարտությունը

Նման պատկեր

2018թ. մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր երկիրը դուրս է գալիս 2015թ. ստորագրված Իրանի հետ միջուկային համաձայնագրից՝ «Համալիր գործողությունների համատեղ ծրագրից» (ՀԳՀԾ): Այդ որոշումը սպասելի էր` հաշվի առնելով, որ դեռևս իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը ՀԳՀԾ-ն անվանել էր «ԱՄՆ-ի պատմության ամենավատ գործարքը» և հայտարարել, որ նախագահ ընտրվելու դեպքում Միացյալ Նահանգներին դուրս կբերի այդ համաձայնագրից: ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Թրամփն Իրանի իշխանություններին պահանջեց վերանայել Բարաք Օբամայի օրոք ստորագրված համաձայնագիրը: Թրամփի առաջարկած նոր համաձայնագիրը ենթադրում էր նաև Իրանի հրթիռային արդյունաբերության և տարածաշրջանային քաղաքականության որոշակի սահմանափակումներ, ինչը մերժվեց Թեհրանի կողմից, և երկու երկրների միջև առճակատումը նոր փուլ մտավ։ Սպիտակ տունը հայտարարեց, որ Իրանի նկատմամբ կիրառվելու են աննախադեպ, պատմության մեջ դեռևս չտեսնված պատժամիջոցներ, որոնք կիրականացվեն երկու փուլով: Նշվում էր, որ առաջին փուլում` 90 օրվա ընթացքում, Իրանի նկատմամբ կսահմանվեն արտարժույթի, մետաղների առևտրի և այլ միջոցների պատժամիջոցներ, իսկ 180 օրվա ընթացքում վերականգնվեցին նավատորմի, բանկային, նավթի և էներգետիկայի ոլորտի պատժամիջոցները: Պետդեպարտամենտը հայտարարեց, որ այդ ժամանակահատվածում Իրանի ամերիկացի գործընկերները պետք է դադարեցնեն այդ երկրի հետ առևտրային գործերը: Պետք է նշել, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու Թրամփի քաղաքականությունն ի սկզբանե անհամաձայնություն առաջացրեց ոչ միայն ԱՄՆ-ի անդրօվկիանոսյան դաշնակցի` ԵՄ-ի հետ, այլ նաև ամերիկյան իսթեբլիշմենթում: Միացյալ Նահանգների իսթեբլիշմենթում էլ միակարծիք չեն Իրանի նկատմամբ տարվող քաղաքականության հարցում: Շատ վերլուծաբանների կարծիքով՝ մեծապես հենց այդ հանգամանքով էր պայմանավորված ԱՄՆ նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին և նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմաստերին պաշտոններից հեռացնելն ու նրանց այնպիսի «բազեներով» փոխարինելը, ինչպիսիք են՝ ԿՀՎ նախկին ղեկավար Մայք Պոմպեոն և ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Ջոն Բոլթոնը: Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Թրամփը՝ նշելով, որ նա և Թիլերսոնը վատ չեն համագործակցել, սակայն մի շարք հարցերի շուրջ ընդհանուր համաձայնություն չեն գտել: «Եթե նայենք Իրանի հետ կնքված գործարքին, ես կարծում էի, որ այն սարսափելի է, իսկ նա դա նորմալ էր համարում: Ես ուզում էի լուծարել այն կամ ինչ-որ կերպ փոխել», – ասել է ԱՄՆ նախագահը: Նշենք, որ թե՛ Մայք Պոմպեոն և թե՛ Ջոն Բոլթոնն արտաքին քաղաքականության մեջ հայտնի են որպես կոշտ գծի կողմնակիցներ` hardliner-ներ: Օրինակ, Ջոն Բոլթոնը Ջորջ Բուշի վարչակազմի ժամանակ համարվում էր Իրաքում պատերազմ սկսելու ամենամոլի կողմնակիցներից մեկը: «Իրանի գործողությունների խմբի» ղեկավարը նշեց, որ այս խմբի հիմնական գործառույթն է  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունն Իրանի նկատմամբ իրականացնելը, և որ Վաշինգտոնը կփորձի նվազեցնել իրանական նավթի արտահանումն ու այն հասցնել զրոյի: Հուկը նշեց, որ ԱՄՆ Պետքարտուղարության թիմն այցելել է ավելի քան 24 երկիր` փորձելով համոզել նրանց, որ միանան Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներին և առավելագույն ճնշում գործադրեն Թեհրանի վրա: Ընդգծելով, որ «իրանական վարչակարգը տարածաշրջանում անկայունության և բռնության շարժիչ ուժն է»՝ ամերիկացի պաշտոնյան նաև նշել է, որ մայիսին ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր ռազմավարության մասին, որն ուղղված է պաշտպանելու Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների ու գործընկերների անվտանգությունը: Միաժամանակ, Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ այն ընկերությունները և երկրները, որոնք առևտուր կանեն Իրանի հետ, գործ կունենան ԱՄՆ-ի հետ ու կհայտնվեն պատժամիջոցների ներքո: Չնայած այն հանգամանքին, որ ԵՄ-ը, Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան և աշխարհի շատ այլ երկրներ չմիացան Միացյալ Նահանգներին հակաիրանական պատժամիջոցներ կիրառելու համար՝ հայտարարել են, որ կպաշտպանեն իրենց տնտեսական շահերն Իրանում:

Պատկերներ ԱՄՆ Իրան հարցումով

Միացյալ Նահանգների այս պատժամիջոցային քաղաքականությունը, բնականաբար, անհետևանք չի մնացել: Իրանի հետ միջուկային ծրագրից դուրս գալու և նոր պատժամիջոցներ սահմանելու մասին Թրամփի հայտարարությունից հետո իրանական շուկան լքելու մասին են հայտարարել տարբեր ոլորտներում գործող համաշխարհային մի քանի տասնյակ ընկերություններ: Այսպես, այդ մասին հայտարարել են այնպիսի էներգետիկ հսկաներ, ինչպիսիք են՝ ֆրանսիական «Total» ընկերությունը, ռուսական «Լուկոյլը», ֆրանսիական Engie ընկերությունը, ամերիկյան «General Electric»-ը, Siemens-ը, համաշխարհային ավտոմոբիլային հսկաներ՝ գերմանական Daimler-ն ու ֆրանսիական ավտոարտադրող PSA Group-ը, հեռահաղորդակցության ոլորտում գործող Deutsche Telekom-ը և այլն: Այս կապակցությամբ Siemens ընկերության գործադիր տնօրեն Ջո Քեզերը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր տպավորությամբ համաշխարհային ընկերություններին այլևս թույլ չի տրվում նոր պատվերներ ընդունել Իրանից, հակառակ դեպքում ԱՄՆ-ը կարող է պատժել այդ ընկերություններին: Siemens-ի ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ Իրանի հետ ընկերության բիզնեսը կազմում է իրենց ընդհանուր եկամտի «շատ փոքր մասը», իսկ ահա միայն ԱՄՆ-ից Siemens-ի տարեկան եկամուտը կազմում է 20 միլիարդ դոլար՝ ընկերության համաշխարհային վաճառքի մոտ 20 տոկոսը: «Իրանի պատվիրած 98 ինքնաթիռները մատակարարելուց հրաժարվեց նաև Airbus»-ը, ինչը մեծ խնդիրներ է առաջացնում այդ երկրի համար, քանի որ նրա ինքնաթիռային պարկը բավականին հնացած է:

Այս պատժամիջոցները, բնականաբար, լուրջ հարված են հասցրել նաև Իրանի տնտեսությանը: Միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց անմիջապես հետո Իրանի ազգային արժույթը՝ ռիալը, սկսեց մեծ անկում ապրել: Ներկայումս այդ երկրում գնաճը կազմում է 40%, գործազրկության մակարդակը պաշտոնապես 11.7% է, իսկ ըստ որոշ ոչ պաշտոնական տվյալների՝ այն հասնում է մինչև 30%-ի, ինչի հետևանքով բավականին հաճախակիացել են գործադուլները, բողոքի ցույցերը, որոնք շատ հաճախ ավարտվում են ոստիկանության հետ բախումներով ու զոհերով։

Իրանի և ԱՄՆ-ի միջև սկիզբ առած լարվածության նոր փուլը տեղափոխվեց նաև միջազգային իրավական հարթակներ: 2018թ. օգոստոսին ՄԱԿ-ի դատարանը սկսեց քննել Իրանի կողմից ընդդեմ ԱՄՆ-ի ներկայացված հայցը: Թեհրանը գտնում է, որ Վաշինգտոնը խախտել է 1955թ. Իրանի և ԱՄՆ-ի միջև կնքված «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին» համաձայնագիրը: Փաստաթուղթը նախատեսում է, որ կողմերը փոխադարձ աջակցություն կցուցաբերեն առևտրի հարցում: ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցի ևս մեկ պատճառ է նաև այն, որ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը 2016թ. հրաժարվել է Իրանի Կենտրոնական բանկին վերադարձնել ավելի վաղ սառեցված իրանական ակտիվներից երկու միլիարդ դոլար՝ հայտարարելով, որ այդ գումարը պետք է ուղղվի ամերիկյան այն ընտանիքների համար, որոնց հարազատները զոհվել են 1983թ. Բեյրութում տեղի ունեցած պայթյունների և այլ ահաբեկչական հարձակումների արդյունքում՝ չնայած Իրանը մինչ այժմ էլ ժխտում է իր կապն այդ ահաբեկչության հետ: ԱՄՆ իշխանություններն Իրանին որակել են «ահաբեկչության հովանավոր» և կալանք դրել այդ ակտիվների վրա:

Եվ ահա մի քանի ամիս քննելուց հետո ՄԱԿ-ի միջազգային դատարանն ընդդեմ ԱՄՆ-ի որոշում կայացրեց: Միջազգային դատարանի որոշման համաձայն՝ Միացյալ Նահանգներն Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների ցանկից պետք է հանի մարդասիրական օգնության և քաղաքացիական ավիացիայի ոլորտին առնչվող ապրանքները` չնայած ԱՄՆ-ում կարծում էին, որ Իրանի հայցն անընդունելի է, և դատարանը չպետք է բավարարի իրանական կողմի պահանջները, քանի որ հայցը չի տարածվում 1955թ. Իրանի և ԱՄՆ-ի միջև կնքված «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին» համաձայնագրի վրա և ենթակա է մերժման:

Ակնհայտ է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում Իրան-ԱՄՆ հարաբերությունների բարելավման նշույլներ չկան: Թրամփի վարչակազմն ամեն ինչ անում է Իրանին անկյուն մղելու հարցում և հայտարարել է, որ շարունակելու է նրա նկատմամբ կոշտ պատժամիջոցային ու մեկուսացման քաղաքականություն վարել: Իրանում մեծ հույսեր են կապում, որ ԱՄՆ-ում տեղի ունենալիք հաջորդ տարվա նախագահական ընտրություններում կհաղթի Դեմոկրատների թեկնածուն, և Իրան-ԱՄՆ հարաբերություններում կթուլանա լարվածությունը: 

Leave a comment