Posted in Español, Ճանապարհորդություններ

Այցելություն դեպի Լևոնի աստվածային գետնափոր և Էդուարդ Տեր-Ղազարյանի միկրոարվեստ թանգարան

Առավոտյան ժամը 9:30 ուղևորվեցինք Առինջ՝ Լևոնի աստվածային գետնափոր, որի մասին այդքան լսել էինք։ Այնքա՜ն հետաքրքիր է տեսնել այդ ամենը սեփական աչքերով։ Հիացմունք, հետաքրքրվածություն, զարմանք և միևնույն ժամանակ լարվածություն։ Այն, ինչ մենք տեսանք, իրոք, տպավորիչ էր։ Հաճելի էր նաև կնոջ ու աղջկա մտերմիկ ու ջերմ մոտեցումը։ Այնքա՜ն պատկերավոր էին նկարագրում ու պատմում։ Նոր ու հետաքրքիր ինֆորմացիա ձեռք բերեցինք նրա, նրա ընտանիքի ու գետնափորի վերաբերյալ։ Գետնափորը ունի 21 մետր խորություն և փորված է 23 տարվա ընթացքում։ 23 տարի․․․ Փորել է միայնակ՝ օգտագործելով միայն սովորական գործիքներ։ Նրան տրամադրել են բազմաթիվ սարքեր, որոնք կարող էին հեշտացնել իր գործը, բայց նա մերժել է։ Գետնափորը փորելու պատճառը կինն էր։ Նա խնդրել էր կարտոֆիլի համար մի հոր փորել։ Փորելիս՝ որոշակի խոչընդոտների է հանդիպել և դադարել է գործը։ Սակայն երազ է տեսնում, որտեղ ասվում էր, որ շարունակի իր գործը և կանգ չառնի ոչ մի խոչընդոտի առջև։ Երկար ու տանջալից տարիներ անց ստեղծվում է այդ հրաշքը, որտեղ գտնվելով փշաքաղվում ու հիացմունք ես ապրում։

Այդպես տպավորված ու բարձր տրամադրությամբ ուղևորվեցինք Էդուարդ Տեր-Ղազարյանի միկրոարվեստ թանգարան։ Խոսքերն ավելորդ են, որպեսզի նկարագրեմ իմ տեսածը։ Նայում ես ու չես հասկանում ինչպես են պատրաստել այդ ամենը։ Բա շարժվող միկրոքանդակը, որի պատրաստման գաղտնիքը ոչ ոք չգիտի ու չեն կարողանում կռահել։ Միկրոքանդակներ պատրաստելու հոբբին սկսվել է մի ջութակից։ Մի տաղանդավոր ու փոքր աղջկա համար հարկավոր էր պատրաստել ջութակ, որի վրա նա կարողանար հեշտ նվագել։ Այդպես պատրաստելով առաջին ջութակը՝ որոշում է ավելի փոքրը պատրաստել։ Իր պատրաստած ամենափոքր ջութակը 1,2 մմ է։ Ուղղակի հրաշք։ Էդուարդ Տեր-Ղազարյանի պատրաստված միկրոքանդակների թիվը անցնում է 1000-ը։ Նա պատմել է նաև, որ իր միկրոքանդակներից շատերը այդպես էլ ոչ ոք չի տեսել։ Եղել են դեպքեր, որ 4 ամիս տանջվելուց հետո նա պատահական կուլ է տվել իր միկրոքանդակները։ Մեզ մի շատ հետաքրքիր պատմություն պատմեցին թանգարանում։ Էդուարդ Տեր-Ղազարյանին պատվիրել էին պատրաստել «Մոնա Լիզա» նկարի միկրոտարբերակը։ Նրան շատ մեծ գումար էին խոստացել դրա համար։ Ավարտելով գործը՝ այն դնում է պատշգամբին և մի ճնճղուկ (անունը Փափագ էր դրել), կանգնելով պատշգամբին, ուտում է քանդակը։ Այդ ամիսների ծանր աշխատանքը ընդամենը մի քանի վարկյանների ընթացքում անհետանում է։

Պատկերներ էդուարդ տեր ղազարյան թանգարան հարցումով
Պատկերներ էդուարդ տեր ղազարյան թանգարան հարցումով

Թանգարանում ցուցադրված էին նաև նրա թոռնիկի միկրոքանդակները։ Ինձ ամենից շատ դուր եկավ «Փոքրիկ Իշխան» միկրոքանդակը։ Կարծես իրական լիներ։

Շատ ուրախ, հավես ճամփորդություն էր։ Շնորհակալ եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին և իհարկե մեր շատ սիրելի իսպաներենի ուսուցչուհուն այսպիսի հրաշք ու անմոռանալի ճամփորդություն կազմակերպելու համար։

Leave a comment