Posted in Հասարակագիտություն, Ճանապարհորդություններ

Այցելություն դեպի «Գուրմե Դուրմե» շոկոլադի գործարան և Կարմրավոր եկեղեցի

Առավոտյան ժամը 10:30 ուղևորվեցինք դեպի Աշտարակ՝ «Գուրմե Դուրմե» շոկոլադի գործարան։ Միշտ երազել էի լինել շոկոլադի գործարանում, տեսնել ինչպես են աշխատում այնտեղ։ Մեզ շատ ջերմ դիմավորեցին։ Սկզբում դիտեցինք ուսուցողական հոլովակ շոկոլադի ստեղծման և առաջացման վերաբերյալ։ Այնուհետև հետևեցինք աշխատակիցների աշխատանքին։ Տեսանք, թե ինչպես են շոկոլադ պատրաստում և փաթեթավորում այն։ Անգամ շոկոլադ հյուրասիրեցին, ինչը շատ հաճելի էր։ Այդ ամենից հետո մենք ինքներս շոկոլադ փաթեթավորեցինք։ Այնքան հավես ու հետաքրքիր էր։ Այսպիսով՝ կատարվեց իմ մանկության ամենաբարի երազանքներից մեկը։

Իմ փաթեթավորած շոկոլադը

Շատ լավ տրամադրությամբ ու տպավորված գնացինք մոտակայքում գտնվող Կարմրավոր եկեղեցի, որը այդպես անվանում են կարմիր քարով կառուցված լինելու պատճառով։ Այն 7-րդ դարում է կառուցվել և այն եկեղեցիներից է, որը մինչև հիմա շատ լավ վիճակում պահպանվել է։ Եկեղեցու բակում է գտնվում Գևորգ Էմինի գերեզմանը, բազմաթիվ խաչքարեր, ինչպես նաև «Ծակ քար» խաչքարը։ Խաչքարը կանգնած է Աշտարակի Հասարակաց կոչվող գերեզմանոցի արևմտյան եզրին։ Այդ բոլորի խաչքարների մեջ, սակայն այն աչքի է ընկնում իր բարձրությամբ, զարդաքանդակների նրբությամբ և հնությամբ։ Պատվանդանի պես սկիհ դնելու համար մի քառակուսի փորվածք ունենալու պատճառով կոչվում է «Ծակ քար». դրա վրա փորագրված արձանագրություններից երևում է, որ Տեր Թումաս քահանան դրել է այդ խաչքարը պարոն Սադունի և դրա զավակների արևշատության համար 1268 թվականին: Ոմանք հասկանում են, որ դա նշանակում է խաչ, որի վրա առկա է որևէ տեսքի, ձևի անցք՝ ծակ։ Սակայն իրականում ոչ թե խաչն է ծակված, այլ նրա պատվանդանի քարի մեջ կա զուգահեռանիստի տեսքով մի խոռոչ՝ «սկիհ դնելու համար», որի պատճառով ժողովուրդն այն անվանում է «Ծակ քար» խաչքար: Այսպես են հիշում նաև Ե.Շահազիզը, Գ. Հովսեփյանը և մյուսները:

Պատկերներ «Ծակ քար» խաչքար հարցումով
«Ծակ քար» խաչքար
Կարմրավոր եկեղեցի(7-րդ դար)

Այնուհետև գնացինք Աշտարակում գտնվող կամուրջի մոտ, որը շատ հետաքրքիր և յուրահատուկ կառուցվածք ունի։ Սիրուն-սիրուն նկարներ արեցինք և շատ բարձր տրամադրությամբ վերադարձանք տուն։ Շատ շնորհակալ եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին և իհարկե մեր շատ սիրելի հասարակագիտության և վրացերենի ուսուցչուհիներին նման հագեցած ու հիանալի ճամփորդության համար։

Leave a comment