Աշտարակը Հայաստանի Արագածոտնի մարզի մարզկենտրոնն է։ Գտնվում է Քասախ գետի ափին, ծովի մակերևույթից 1100 մ բարձրության վրա, Արարատյան դաշտի և Արագածի լեռնազանգվածի կենտրոնում։Աշտարակ քաղաքը նախկինում կոչվել է Աշտարակաց գյուղ։ Աշտարակը քաղաք է հռչակվել 1963 թվականին։ Աշտարակը հայկական աղբյուրներում հիշատակվում է 9-րդ դարից։ Հնում մտել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի մեջ։ Այստեղ կան նաև բազմաթիվ պատմամշակութային կոթողներ։ Օրինակ՝ Ծիրանավոր եկեղեցին, որը կառուցվել է 5-րդ դարում, և որի շրջակայքը տեղացիները անվանում են Բերդաթաղ, Սբ. Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 7-րդ դարում և տեղացիները եկեղեցին անվանում են Կարմրավոր։ Քաղաքի կենտրոնում գտնվում է Սբ. Մարինե եկեղեցին, որը կառուցվել է 1281 թվականին։ Այստեղ է գտնվում նաև Քասաղի եռակամար կամուրջը, որը կառուցվել է քանաքեռցի մեծահարուստ Մահտեսի խոջա Գրիգորի կողմից 1664 թվականին։ Մուղնի գյուղում է գտնվում Սբ. Գևորգի վանքը, որը կառուցվել է 17-րդ դարում: Եկեղեցիներից հայտնի են նաև Սուրբ Սարգիս եկեղեցին (13-րդ դար) և Սպիտակավոր եկեղեցին (13-րդ դար)։ Աշտարակը հազարամյակների պատմություն ունի, քանի որ քաղաքում կան բազմաթիվ բրոնզեդարյան արձաններ, բնակատեղիներ, դամբարաններ և այլ պատմամշակութային հուշարձաններ։
Հին Աշտարակի փողոցները հիմնականում եղել են նեղ, քարքարոտ ու ծուռումուռ ճանապարհներ։ Թաղամասերի կառուցումները հիմնականում սկսվել են 1850 թվականին։ Թաղամասերից առանձնանում են Քասախի աջ ափին գտնվող բուն Աշտարակը, Մուղնի, Ձախ ափ, Գիտավան, Բագավան թաղամասերը։ Հնագույն թաղամասերից են Կարմրավորի, Գաղթականների, Թուրքի քուչա, Բրդի պահեստի, Ամենափրկիչի, Բերդաթաղ, Ավազահանքի, Բեգլարենց թաղերը և այլն։ Կարմրավորի թաղում են ծնվել Ներսես Աշտարակեցին, Պերճ Պռոշյանը և Սմբատ Շահազիզը:
Աշտարակի բերդը
Հայաստանի հայտնի հուշարձաններից է Աշտարակի բերդը։ Բերդի դիրքը հարմար է պաշտպանություն իրականացնելու համար։ Այսօր բերդի տեղում մնացել է փոքրիկ բլրակի նման մի ավերակակույտ։ Նրա վրա ու շրջակայքում կառուցել են բազմաթիվ անհատական բնակարաններ։ Բերդից պահպանվել է միայն պարսպից մի փոքրիկ հատված։
Թազա կամուրջ
1956 թվականին Աշտարակում շահագործման է հանձնվում նոր կամուրջը, որը տեղացիները անվանում են թազա («թազա» Աշտարակի բարբառով կոչվում է նոր)։ Կամուրջը միմյանց է կապում Քասախ գետի 30 մետր խորություն ունեցող կիիճի երկու ափերը։ Ճարտարապետը Ա. Մոմիջանյանն է։ Թազա կամրջի կառուցումը հսկայական նշանակություն է ունեցել և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ Աշտարակ քաղաքի զարգացման, և՛ սոցիալտնտեսական պայմանների բարելավման համար, քանի որ մինչ այս կամրջի կառուցումը օգտագործվել է 17-րդ դարում կառուցված Ձորի կամուրջը, որը բավականին նեղ էր երթևեկության համար։