
Դուք երբևէ հարցրել եք ինքներդ ձեզ, թե օրական ինչ քանակությամբ ջուր եք օգտագործում։ Մենք ավելի շատ ջուր ենք օգտագործում, քան կարծում ենք: Ջուրը, որն օգտագործում ենք խմելու, խոհարարության մեջ, լոգանք ընդունելու համար և այլն, միայն ջրի մի փոքր մասն է կազմում, որն օգտագործում եք մեկ օրվա ընթացքում: Օրվա ընթացքում յուրաքանչյուրս միջինում օգտագործում ենք 3400֊3600 լիտր ջուր։ Այս հսկայական ցուցանիշի մեջ մտնում է խմելու ջրի, սննդի, ըմպելիքների, հիգիենայի, հագուստի համար օգտագործվող ջրի քանակությունը։ Սակայն այս ցուցանիշը տարբեր երկրներում կարող է տարբեր լինել։ Որոշ երկրներում ջրի պահանջարկ կամ սպառում ավելի շատ է նկատվում, քան այլ երկրներում։ Այժմ ամբողջ աշխարհում 780 միլիոն մարդ չունի մաքուր, բարելավված, քաղցրահամ ջրի աղբյուր: Սակայն կան նաև երկրներ, որտեղ մարդիկ օրական օգտագործում են 6700֊6800 լիտր ջուր։ Օրինակ՝ ԱՄՆ֊ում։ Որոշ երկրներում էլ ջրի օրական օգտագործման քանակը չի գերազանցում 1700֊1800 լիտրը։ Օրինակ՝ Եմենում։
Այստեղ ներկայացրել եմ մի քանի սննդամթերքների 1կգ համար օգտագործվող ջրի քանակը՝


- 1կգ սուրճ – 18900լ ջուր
- 1կգ տավարի միս -15400լ ջուր
- 1կգ ոչխարի միս – 10400լ ջուր
- 1կգ խոզի միս -6000 լ ջուր
- 1կգ այծի -5500 լ ջուր
- 1կգ հավի միս – 4300լ ջուր
- 1կգ պանիր – 3180լ ջուր
- 1կգ բրինձ – 2500լ ջուր
- 1կգ լոբի – 2145լ ջուր
- 1կգ ցորեն -1830 լ ջուր
- 1կգ շաքարավազ -1780 լ ջուր
- 1կգ գարի -1425 լ ջուր
- 1կգ եգիպտացորեն -1220 լ ջուր
- 1կգ խնձոր -822 լ ջուր

Ես օրական միայն խմելու համար օգտագործում եմ մոտավորապես 2֊2,5 լիտր ջուր։ Հիգիենայի համար՝ մոտավորապես 250֊260 լիտր։ Օգտվելով վերը նշված աղյուսակներից՝ հաշվեցի նաև սննդի և հագուստի վրա ծախսվող ջրի քանակը։ Ստացվում է, որ ես օրվա ընթացքում օգտագործում եմ 4000֊4200 լիտր ջուր։ Այսպիսով՝ տարեկան ես օգտագործում եմ մոտավորապես 1533000 լիտր ջուր։ Նայում եմ այս թվին և գիտակցում եմ, որ պետք է խնայել ջուրը։ Չէ՞ որ ջուրը սպառվող ռեսուրս է։ Եթե կրճատվի պոլիէթիլենային տոպրակների և պլաստիկ շշերի արտադրությունը, ապա կարող ենք բավականին խնայել ջուրը։ Ըստ իս՝ պարզապես մենք պետք է փորձենք ավելի խնայողաբար օգտագործենք ջուրը։