
Նոյեմբերի 16-ին 31 հոգանոց մեծ ու աշխույժ խմբով ճամփա ընկանք դեպի Արատես։ Ճանապարհին կանգնեցինք Զորաց եկեղեցու մոտ։ Նոր և հետաքրքիր տեղեկություններ իմացանք եկեղեցու մասին։ Հիացանք բնությամբ։ Աշուն էր, գույները խառնվել էին իրար, և ստեղծվել էր մի չքնաղ պատկեր, որն ամբողջ ճանապարհին ուղեկցում էր մեզ։ Երբևէ այդքան գեղեցիկ բնություն չէի տեսել։ Սարերը, ժայռերը, գյուղը, գույնզգույն ու չորացած տերևները, ձիերը, մաքուր օդը։ Այնքա՜ն հավես էր, որ առանց աչքս կտրելու՝ կարող էի ժամերով նայել դիմացս վեր խոյացող սարերին ու ժայռերին։

Հասնելուն պես՝ տեղավորվեցինք տնակներում։ Երեկոյան հավաքվում էինք մեր տնակում, հետաքրքիր խաղեր էինք խաղում, զրուցում էինք տարբեր թեմաներից։ Երկրորդ օրը հարիսայի ծեսը պետք է նշեինք։ Ընկեր Լիլիթը և մի քանի աղջիկ շա՜տ համեղ հարիսա էին պատրաստել։ Նույն օրը գնացինք նաև Արատեսի կիրճը։ Միաժամանակ և՛ հավես էր, և՛ աշխույժ, և՛ վտանգավոր։ Միմյանց օգնելով՝ անցանք գետը։ Շատ սիրուն էր։ Երկու կողմից ժայռեր էին, և դրանց միջով հոսում էր Արատեսի գետը։ Սիրուն, հրաշք նկարներ ու վիդեոներ ունեցանք։ Վերադառնալիս կանգ առանք Սևանում։ Սևանն այդ ափից դեռ չէի տեսել։ Շա՜տ սիրուն էր ու ջինջ։ Բայց ասեմ՝ ինչքան էլ պատմեմ, միևնույն է, այդ ամենը աչքովդ պետք է տեսնես ու վայելես։ Թեև ցուրտ էր, բայց շատ ուրախ, հավես ու հետաքրքիր ժամանակ անցկացրինք։

