Ուշ աշնան երգը
Չվող թռչուններն անցան գնացին
Պարան առ պարան,
Շարան առ շարան անցան գնացին:
Ականջների մեջ
Վերջին որոտի կանչերը տարան
Ու վերջին կանաչ-կարմիրը տարան
Իրենց թևերին:
Աչքերում իրենց թափուր մնացած
Բույն-օջախների պատկերը տխուր
Եվ կտուցներին` իրենց թափառիկ,
Անգուշակելի ծիվ-ծիվը տարան:
Չվող թոչուններն անցան գնացին
Շարան առ շարան…
Մնացողները կծիկեն դառնում
Թրջվելու վախից
Եվ կամաց-կամաց բներն են քաշվում:
Ծառերը մրսած մատների վրա
Իրենց քրքրված ստվեր-կմախքի
Կողերն են հաշվում:
Մի ուշքը շաղված շնչահատ քամի,
Շուրթերի վրա
Խոնավ շրշյունը խազալ-խաշամի,
Սատանան գիտի թե ո՞ւր է տանում:
Ցուրտ է, կմեռնի մամուռն անտառում: (Համո Սահյան)
Վերլուծություն
Համո Սահյանը շատ դիպուկ նկարագրել է ուշ աշունը։ Նկարագրել է տաք երկրներ չվող և մնացող թռչուններին։ Չվող թռչունները իրենց հետ տարան վերջին որոտի կանչերը, բույն-օջախների տխուր պատկերը և անգուշակելի ծիվ-ծիվը, իսկ մնացողները թրջվելու վախից կծիկ են դառնում։ Տերևաթափ եղած ծառերը կմախքի են նմանվում, իսկ շնչահատ քամին ցրտահարում է անտառի կանաչը: Սահյանի նկարագրած աշունը նման է Հայաստանի խոր աշնանը՝ մերկ ծառերով, ցուրտ և խոնավ։
Մի բուռ աշուն բերեք
Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից,
Ունջը կերած զանգ է աշունն այնտեղ,
Դեղին պատարագ է այնտեղ նորից,
Հոգեվարքի դեղին մի առասպել:
Մի բուռ աշուն բերեք, մի բուռ աշխարհ-
Աղոթելով ամեն քար ու ճմբին…
Խնկի ծուխ է այնտեղ մշուշն աշնան
Նավասարդյան օրվա հողաթմբին…
Թափուր մի բույն բերեք… չված հավքի
Խառն, անընթեռնելի կտցագրով…
Որ ես ողբամ նորից բախտն իմ Հայքի
Եվ իմ թափուր սրտից մնամ խռով:
Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից,
Ամպի կծիկ բերեք, անձրեւի թել:
Դեղին փոթորիկ է այնտեղ նորից,
Հոգեվարքի դեղին մի առասպել:(Համո Սահյան)
Վերլուծություն
Սահյանը նկարագրել է Մթնաձորի գեղեցիկ և գույնզգույն աշունը և խնդրում է, որ աշուն բերեն այնտեղից։ Աշնան մշուշը համեմատում է խնկի ծխի հետ։ Խնդրում է, որ թափուր մի բույն, ամպի կծիկ և անձրևի թել բերեն։ Մթնաձորի աշունը համեմատում է դեղին մի առասպելի հետ։