Յուրաքանչյուրս յուրովի ենք ընկալում երջանիկ հասկացությունը։ Ոմանց համար երջանկությունը ուրախ, առողջ և հոգատար ընտանիքն է, ոմանց համար՝ գումարը, լավ աշխատանքը և այլն։ Մենք ինքներս մեզ շատ քիչ ենք հարցնում «ինչու՞ եմ երջանիկ»: Հարցնելուց հետո կհասկանանք ու կնկատենք մեր կյանքի լավը, բարին ու դրականը։ Կգնահատենք այն ինչ ունենք հիմա, չենք դժգոհի և չենք կրկնի «ես դժբախտ եմ» նախադասությունը:
Այո՛, ես ինձ համարում եմ երջանիկ մարդ։ Երջանիկ եմ, որովհետև ունեմ հոգատար ծնողներ, տատիկ, պապիկ, ինձ սիրող քույր ու եղբայր, հարազատներ, որոնք մտահոգվում և մտածում են իմ մասին։ Ունեմ նվիրված, ազնիվ ու բարի ընկերներ, լավ շրջապատ։ Ունեմ նպատակներ և երազանքներ, որոնք իրար հաջորդելով իրականանում են։ Կարողանում եմ լսել ինձ շրջապատող մարդկանց, տեսնել ինձ շրջապատող աշխարհը, խոսել և շփվել մարդկանց հետ։ Ապրում եմ խաղաղ ու անհոգ։ Եվ այսքանից հետո, ինչպե՞ս ինձ երջանիկ չհամարեմ, ինչպե՞ս չասեմ, որ երջանիկ մարդ եմ։