«Սասնա ծռեր»-ը հայ ժողովրդի ազգային էպոսն ու դյուցազնավեպն է։ Էպոսի հիմնական գաղափարը հայ ժողովրդի հերոսական պայքարն էր թշնամու դեմ։ Էպոսը կազմված է չորս ճյուղերց՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ», «Փոքր Մհեր»։ Այս չորս սերունդը միմյանց հետ կապված են ազգակցական կապով՝ պապ, որդի և թոռ։
Էպոսը ժողովրդի կողմից ստեղծված բանավոր մեծածավալ ստեղծագործություն է, որտեղ արտահայտվում են տվյալ ժողովրդի ձգտումները, երազանքները, պատմությունը։ «Սասնա ծռեր» վիպերգի մասին առաջին անգամ հիշատակել են պորտուգալացի ճանապարհորդները։ Էպոսը առաջին անգամ գրի է առել Գարեգին Սրվանդձտյանը, որը 1874 թվականին տպագրվել է «Սասունցի Դավիթ» կամ «Մհերի դուռ» վերնագրով։ Երկրորդ պատումը գրի է առել Մանուկ Աբեղյանը, որը 1878 թվականին տպագրվել է « Դավիթ և Մհեր » վերնագրով։ Էպոսում պատկերվում է 8-10-րդ դարերի հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարը արաբական տիրապետության դեմ։ Էպոսի ճյուղերը սկսվում են նախերգական հատվածներով, որտեղ օղորմի է տրվում տվյալ ճյուղի գլխավոր հերոսներին։ Հայ գրողներից էպոսը մշակել են Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը, Նաիրի Զարյանը և այլք։ 1939 թվականին էպոսի հազարամյակի պատվին 60 պատումներից կազմվեց այսօրվա համահավաք բնագիրը։ 1964 թվականին աշխարհի էպոսների միջազգային մրցույթում «Սասնա ծռեր» վիպերգը գրավեց առաջին տեղը։
«Սանասար և Բաղդասար»
Ըստ ավանդության՝ Ծովինարը դուրս է գալիս զբոսնելու։ Ծարավի զգացումը խեղդում էր գեղեցկուհուն և դեպի երկինք ուղղված նրա աղերսով ժայռի միջից վճիտ աղբյուր է բխում։ Աղբյուրի ջուրը մոգական կարողություններ ուներ և դրա շնորհիվ Ծովինարը հղիանում է։ Ծնվում է երկու դյուցազուն՝ Սանասարն ու Բաղդասարը։ Կարճ ժամանակում նրանք մեծանում ու հզորանում են և ուղևորվում են այն աղբյուրի մոտ, որտեղից կյանք էին ստացել։ Այնտեղ Մարութա Բարձրիկ Սուրբ Աստվածածինը Սանասարին է հանձնում Թուր Կեծակին և Քուռկիկ Ջալալին։ Ծովի ջրում Սանասարը ձեռք է բերում ահռելի ուժ։
Շուտով նրանք կառուցում են մի ամրոց և բնակեցնում դրա հարակից տարածքները։ Քաղաքի անունը դնում է մի ծերունի։
Դուք էն սասուն քարեր ինչպե՞ս հաներ եք էն վերին տեղ,
Ու քարե սան սուն եք զարկե. Էս տո՛ւն շեք շինե դուք.
Ապա սասուն մ’եք շինե։ Վա՜, քանի սասուն բերդ մի.Էս տուն չէ, էս սասուն է։
Սանասար ասաց.— Բա՛վ է, պապիկ, Էլ ձեն մի՛ հանի. էլ անուն մի՛ դնի։ Ա՛յ պապի, անուն դրվավ.
Անուն էղավ Սասուն։ Քանց էդա ավել ի՞նչ անուն։
Որ դու ասիր՝ սասուն քարեր, քարե սանսուն եք զարկե.
Մեր բերդի անուն էղավ Սասուն, Սասուն,
Մեր տան անուն՝ Սասնա տուն։
«Մեծ Մհեր»
Սանասարն ամուսնանում է Քառսուն-Ճուղ-Ծամ Դեղձուն-Ծամի հետ։ Սանասարն ու Դեղձունն ունենում են երեք որդի՝ Մհերը, Օհանը և Վերգոն։ Մհերը հոր նման ահռելի ուժ ուներ։ Մեծ Մհերը հայտնի է առյուծի հետ մենամարտով։ Ըստ ավանդության՝ նա երկու կես է անում Սասնա աշխարհ ներխուժած առյուծին։ Այդ պատճառով ժողովուրդը նրան անվանում է «Առյուծաձև» կամ «Առյուծ Մհեր»։
«Սասունցի Դավիթ»
Էպոսի երրորդ ճյուղում Մեծ Մհերի և Արմաղանի ամուսնությունից ծնվում է Դավիթը՝ էպոսի գլխավոր հերոսը։ Մեծ Մհերը և Արմաղանը մահանում են։ Դավիթը ավելի հզոր և ահռելի ուժ ուներ։
Դավթի և Մըսրա Մելիքի մենամարտը
Դավիթը որոշել էր վերակառուցել Մարութա Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Մըսրա Մելիքը, իմանալով այդ մասին, զորք է հավաքում և գալիս Դավթի դեմ պատերազմելու։ Դավիթը Թուր Կեծակիի հարվածով երկու կես է անում Մըսրա Մելիքին և ազատում ժողովրդին նրա լծից։
«Փոքր Մհեր»
Դավիթը ամուսնանում է Խանդութ խանումի հետ։ Ամուսնությունից հետո Դավիթը մեկնում է Գյուրջիստան և այնտեղ մնում յոթ տարի։ Խանդութը որդի է ունենում և նրա անունը դնում Մհեր։ Մհերը, չափահաս դառնալով, որոշում է գտնել հորը, սակայն ճանապարհին նրանք հանդիպում են և միմյանց չեն ճանաչում։ Հայր և որդի սկսում են մենամարտել։ Մենամարտի ընթացքում Դավիթը անիծում է որդուն։
Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ
Մհերը ամուսնանում է Գոհարի հետ, սակայն մնում է անժառանգ։ Հողն այլևս չի դիմանում Մհերի ոտքերի տակ և նա փակվում է Ագռավաքար ժայռի մեջ։
Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա։
Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա,
որ էլնենք էդտեղեն։