
Սեպտեմբերի 21-ին հաղթահարեցինք Արայի լեռը։ Շատ լավ օր անցկացրինք։ Ձեռք բերեցի նոր ընկերներ։ Լավ տրամադրությամբ ու հիշողություններով վերադարձանք տուն։ Շատ շնորհակալ եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին, որ հնարավորություն է տալիս մասնակցել այսպիսի հետաքրքիր ճանապարհորդությունների։
Մենք ճանապարհորդեցինք մեր շատ սիրելի իսպաներենի և ֆրանսերենի ուսուցչուհիների հետ։ Երգելով, պարելով և իրար օգնելով բարձրացանք Արա լեռան գագաթը։ Այնտեղ ամբողջ խմբով արտասանեցինք Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը։
Արա լեռ
Արա լեռը հանգած հրաբուխ է, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի և Արագածոտնու մարզերի սահմանագոտում՝ Արագածից հարավ–արևելք, Քասաղ և Հրազդան գետերի միջև։ Բարձրությունը 2577մ է։ Արայի լեռան վրա է գտնվում Ծաղկեվանքը։ Ըստ հայկական ավանդության՝ լեռը այդպես է կոչվել ի հիշատակ հայ դիցաբանական աստծո՝ Արա Գեղեցիկի։ Հեռվից լեռան գագաթները նմանվում են պառկած մի մարդու՝ Արա Գեղեցիկին։ Արա լեռան ներքևի դաշտում միմյանց դեմ ճակատամարտել են Արա Գեղեցիկը և Ասորեստանի թագուհին՝ Շամիրամը։ Մարտի դաշտում Արան զոհվել է։ Շամիրամը հույս ուներ, որ արալեզները կվերակենդանացնեն Արային, բայց Արայի դիակը աստիճանաբար քայքայվում էր։ Հայ ժողովուրդը շատ էր սիրում Արային և այդ պատճառով լեռը անվանում են նրա անունով։